Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը շարունակվում է
19-06-2012 17:50:41 | Հայաստան | Տնտեսություն
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանի եւ հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ միասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված եւս երկու բակ:
Բակերի համալիր բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում համագործակցելով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ, Երեւանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաեւ հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններ եւ մարզական գույք:
Դրոյի 24 շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու հարմարավետ բակային տարածք ունենալուն, իսկ Սարկավագի 72 շենքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` իրենց շենքին հարակից տարածքը եւս բակերի բարեկարգման տարեկան ծրագրում ընդգրկելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ տվյալ տարածքը ժամանակին օտարվել էր եւ ուներ օրինական սեփականատեր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում, տվյալ տարածքն արդեն համայնքային սեփականություն է եւ բարեկարգված ու խաղային ատրակցիոններով կահավորված հանձնվում է բնակիչներին:
Կարեւորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երեւանյան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական. «Երեւանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20-30 բարեկարգված խաղահրապարակներ կհանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երեւան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին` հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Կարեւորելով Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին, առաջիկայում փոքրիկ երեւանցիների համար կյանքի կկոչվեն նաեւ համատեղ այլ բարեգործական ծրագրեր. «Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին: Արդյունքն այսօր ակնհայտ է, երեխաներն անչափ ուրախ են եւ մեծանում է առողջ սերունդ»,-նշել է Լեւոն Սարգսյանը:
«Բակերում իշխող տոնական բարձր տրամադրությունն ու խաղացող բազմաթիվ փոքրիկներն արդեն իսկ վկայում են, որ Երեւանի քաղաքապետարան-«Փյունիկ» բարեգործական հիմնադրամ համագործակցությունն իսկապես հաջողված ու արդյունավետ է»,- իր հերթին ուրախությամբ փաստել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց, տարածքն ապահովվում է ոռոգման նոր համակարգով, դրան զուգահեռ կահավորվելով հիմնադրամի կողմից տրամադրվող մանկական ժամանակակից խաղերով եւ մարզասարքերով: