«Էկոլուր».Հասարակությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սևանա լճի հարցի քննարկումը
20-06-2012 13:16:41 | Հայաստան | Հայտարարություններ
Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին եւ Աժ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սամվել Բալասանյանին` չեղյալ համարելու ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սեւանա լճի հարցի քննարկումը: Դիմումում նշված է. «Հունիսի 20-ին Աժ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության նախագիծը:
Ակտիվ հասարակությունը` Էկոլոգիական հասարակական կազմակերպություններ, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպություններ, համայնքների ներկայացուցիչներ դեմ են Սեւանա լճից 320 միլոն խմ ծավալով ջրի բացթողմանը, համարում են, որ դա հիմնավորված չէ եւ այս կապակցությամբ բողոք նամակներով արդեն իսկ դիմել են ԱԺ: Չնայած դրան` հասարակությանը ԱԺ-ի կողմից մերժվեց մասնակցել հունիսի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցող այս հարցի քննարկմանը:
ՀՀ Սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի եւ ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվում ներկայացված օրինագիծը, մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչնդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները եւ որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը:
ԱԺ-ին ներկայացնում ենք նաեւ Սեւանա լճի ազդակիր համայնքների անդամների հարյուրավոր ստորագրություններ, որոնք հայտնում են իրենց անհամաձայնությունը վերոնշյալ օրինագծի հետ:
Հաշվի առնելով Սեւանա լճի կարեւորությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակությունը մեր պետության կայնուն զարգացման գործում`
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
չեղյալ համարել այս հարցի այսօրվա` հունիսի 20-ի քննարկումը եւ նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին»:
"Էկոլուր" տեղեկատվական ՀԿ