Էրեբունի ամրոցի հայ-ֆրանսիական արշավախումբը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին


Էրեբունի ամրոցի հայ-ֆրանսիական արշավախումբը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին

  • 23-06-2012 14:03:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր առավոտրյան Էրեբունի ամրոց է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի եւ դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ: 2012թ. հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների ծրագիրը նախատեսված է 2012-2015 թվականների համար եւ ֆինանսավորվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների կողմից: Պեղումների այս գործաշրջանում «Էրեբունի» արգելոց-թանգարանը հանդես է գալիս նաեւ որպես պեղումների ձեռնարկող: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանի հետ միասին դեսպանը շրջել է պեղումների հրապարակով, ծանոթացել հնավայրի հարավային առանցքով բացված ուրարտական փողոցի եւ պեղումների արդյունքում բացված հնագիտական շերտերի թվագրման վերաբերյալ մեկնաբանություններին, զննել հնագետների կողմից հայտնաբերված մի քանի խեցեղեն գտածոներ եւ անգամ շոշափել դրանք: Պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին` Անրի Ռենոն նշել է, որ «... հնագիտությունը թույլ է տալիս հասկանալ, թե ով ես դու, որտեղից ես գալիս եւ ուր ես գնում: Հնագիտական հետազոտությունները կարեւոր են այնքանով, որ դրանք պատասխանում են ինքնության հետ կապված հարցերին»: Նա թեեւ խոստովանել է, որ Հայաստանի հարուստ հնավայրերից ճանաչում է միայն Էրեբունին, սակայն հավաստիացրել է, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաեւ այլ հուշարձաններ: Պեղումների նպատակը եւ նշանակությունը ներկայացրել են ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը եւ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Ստեֆան Դեշամպը նշել է, որ Էրեբունին հետաքրքիր հնավայր է եւ իր ճարտարապետության եւ հայտնաբերված հնագիտական առարկաների տեսանկյունից: Նա Էրեբունին գնահատել է որպես կարեւոր հնագիտական հուշարձան` ողջ Մերձավոր Արեւելքի համար: Դեսպանի հետ զրույցում Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը բազմիցս կարեւորել է Էրեբունիի դերը Երեւան մայրաքաղաքի համար եւ շեշտել է հնավայրը հանրությանը նորովի ներկայացնելու բարելավումների անհրաժեշտությունը: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ֆրանսիացի գործընկերների հետ աշխատում են համատեղ ցուցահանդեսի շուրջ, որը կրելու է «Էրեբունի. երեկ եւ այսօր» խորագիրը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play