Արմեն Աշոտյան. «Գլխավոր գաղափարախոսությունը կրթական բարեփոխումների շարունակականությունն է, որոնք ոչ մի պահ չեն դադարելու»
26-06-2012 17:12:01 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության եւ գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի կրթությանը վերաբերող հատվածի հիմքում ընկած են ՀՀԿ նախընտրական ծրագիրը եւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Դիտարկվել են նաեւ քաղաքական այլ ուժերի առաջարկները, որոնք, նախարարի խոսքով, հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, իսկ կրթության բովանդակությանը վերաբերող առաջարկներ գրեթե չեն եղել: Նախարար Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ հաստատված կրթական ծրագիրը մարդակենտրոն է եւ ընդգծում է կրթական համակարգում փոփոխությունների շարունակականությունը: "Գլխավոր գաղափարախոսությունը կրթական բարեփոխումների շարունակականությունն է, որոնք ոչ մի պահ չեն դադարելու: Կրթական համակարգը դատապարտված է սպասարկելու տնտեսության եւ հասարակության զարգացումը: Գալիք 5 տարիներին փոփոխություններն անխուսափելի են՝ անկախ այդ փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ խոսակցություններից. ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատությունից ",- նշել է Արմեն Աշոտյանը : Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ժամանակացույց, թե ինչպես են իրականացվելու նախանշված ծրագրերը՝ ըստ տարիների:
Առաջիկա հինգ տարիներին կրթության ոլորտի կարեւորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է՝ 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: "Այժմ ՀՀ Սահմանադրությամբ պարտադիր է համարվում հիմնական դպրոցի կրթությունը, որն ավարտվում է 9-րդ դասարանում: Նախատեսվում է, որ այդ շեմը կբարձրացվի, եւ կսահմանվի պարտադիր 12-ամյա կրթության անցնելու կարգ: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում, կամ էլ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Սա նշանակում է, որ բարձրացնելու ենք հասարակության կրթական ցենզը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար. այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի",- հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 9-րդ դասարանն ավարտող շուրջ 4 հազար շրջանավարտ չի շարունակում կրթությունը: Ըստ նրա՝ որպես այդ ծրագրի իրականացմանը միտված առաջին քայլ նախ պետք է համապատասխան օրենք ը նդունվի: Հաջորդ գերակայությունը՝ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ հագեցած համակարգիչ է տրամադրվելու, ինչը նպատակ է հետապնդում ամրապնդել տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում : "Յուրաքանչյուր առաջին դասարանցու ընտանիքում կհայտնվի համակարգիչ, ինչը կարող է նպաստել, որ տեղեկատվական հասարակությունում երեխաները մրցունակ լինեն"-,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը հավաստիացրել է, որ կառավարության համար թիրախային է համարվում նախակթարանների ցանցի ընդլայնումը. մինչեւ 2017 թվականը 5-6 տարեկան երեխաների 9 0 տոկոսը պետք է հնարավորություն ունենա այցելել նախակրթարան: Վերջին երեք տարիներին 25 տոկսով բարելավվել է նախակրթարանների հաճախելիության ցուցանիշը. 120 համայնքներում բացվել են նախակրթարաններ:
Նախատեսվում է դպրոցական ծրարգրերում ներառել նոր առարկա՝ ազգային երգ ու պար: "Թեեւ այս ծրագիրը ներառված է կառավարության ծրագրի մշակույթի ենթաբաժնում, բայց այն պետք է իրականացվի կրթության նախարարության հետ համատեղ: Նպատակը սեփական ինքնության ճանաչման եւ ինքնագիտակցման բարձրացումն է, ինչ շատ կարեւոր է՝ հատկապես գլոբալիզացիայի ռիսկերով պայմանավորված: Լավագույն մասնագետները կընդգրկվեն ծրագրերի եւ դասագրքերի մշակման գործընթացում",-նշել է Ա.Աշոտյանը եւ հավելել, որ առայժմ որոշված չէ, թե այդ առարկան որ դասարաններում կներդրվի, հարցը դեռ ուսումնասիրվում եւ քննարկվում է մասնագիտական շրջանակներում: Նախարարը, նկատի առնելով "Շախմատ" առարկայի ներդրման փորձը, համոզմունք է հայտնել, որ առարկայի ներմուծման համար 2-3 տարի կպահանջվի. "Մենք պետք է նաեւ մասնագետների, մանկավարժ-հոգեբանների հետ խորհրդակցենք, որպեսզի հստակ լինի, թե հատկապես որ դասարաններում առավել արդյունավետ կլինի այդ առարկայի ներմուծումը",- պարզաբանել է նախարարը:
Բուհական ոլորտում սպասվող բարեփոխումներից նախարարն առանձնացրել է բուհական ազատությունների ընդլայնումը եւ բուհերի միջազգային հավատարմագրումը: Պետական բուհերը, ըստ նախարար Աշոտյանի, տարեցտարի պետք է վերափոխվեն հանրային բուհերի: Այդ ծրագրի փորձնական մեկնարկը տրված է Ագրարային համալսարանում, ինչով պայմանավորված էլ՝ փոխվել է բուհի իրավաբանական կարգավիճակը: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական ագրարային համալասարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել է հիմնադրամի, ինչը գործունեության ավելի մեծ ազատություններ է ենթադրում: Կարեւորելով բուհական կրթության որակի բարձրացումը՝ նախարարը որպես նպատակ հստակացրել է. "Մեզ համար խիստ կարեւոր է, որ մինչեւ 2017 թվականն ունենալ ենք հայաստանյան 5 բուհեր, որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում: Դա դիտվելու է որպես ուսանողներ ներգրավելու եւ կրթության որակի գլխավոր չափանիշներից մեկը: Նախարարությունը խրախուսում է այդ գործընթացը. բուհերն իրենք պետք է դիմեն հավատարմագրման համար եւ անցնեն այդ գործընթացը, եթե, իհարկե, համապատասխանում են միջազգային պահանջվող չափանիշներին ",- նշել է ՀՀ ԿԳ նախարարը եւ հավելել, որ հավատարմագրման չափաորոշիշները սահմանվում են միջազգային բուհական հավատարմագրում իրականացնող կառույցների կողմից: "Առաջիկա երեք տարիներին Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, ինչը հնարավորություն կտա մեր երկրում կենտրոնացնել եվրոպական լավագույն փորձը բարձրագույն կրթության ոլորտում, ինչը եւս կխթանի բարեփոխումների արդյունավետությունը",- նշել է նախարարը:
Նա կարեւորել է նաեւ բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանության մշակումը: "Անկեղծ ասած՝ ինձ համար եւս ուսման վարձին հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են. Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ որեւէ մասնավոր բուհում բարձրագույն իրավաբանական կրթություն՝ պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ՝ վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երեւանի պետական համալսարանում նույնի համար պետք է վճարել օրինակ 800 հազար դրամ: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր ունենք հասկանալու՝ որն է տվյալ մասնագիտության համար արժանահավատ գնագոյ ացումը, խնդիր ունենք նաեւ սահմանելու ուսման վարձի վերին շեմ",- նշել է Ա. Աշոտյանը:
Բուհերի ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը, ըստ Աշոտյանի, պետք է միտված լինի բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը լուծմանը եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքի իրացմանը: Ընդգծելով, որ սոցիալական շերտավորմամբ պայմանավորված բուհական կրթության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, ինչը փաստել են նաեւ հետազոտությունները, նախարարը նշել է. "Մենք տարաբնույթ մեխանիզմներով խրախուսելու ենք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ բարձրագույն մասնագիտական կրթութ յուն ստանալու հնարավորությունը":
Արմեն Աշոտյանը շեշտել է նաեւ գիտության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: "Գիտության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները չեն լինելու հեշտ, հաճելի եւ միանշանակ ընկալելի հասարակության կողմից",- նշել է նախարարը եւ հավելել, որ գիտության այժմյան տարանջատված կառավարումն արդյունավետության տեսակետից խոցելի է: "Մենք պետք է ֆինասավորենք մրցունակ հետաքրքիր ծրագրեր՝ իհարկե շեշտադրելով հայագիտական ոլորտի զարգացումը",-ասել է նախարարը: Պատասխանելով լրագրողների հարցերին նախարարն անդրադարձել է նաեւ բուհական ընդունելությյան քննու թյուններին, կրթական համակարգի կոռուպցիային եւ մի շարք այլ խնդիրների:
Նախարարի գնահատմամբ ընդունելության քննություններն անցնում են շատ բնականոն:Նրա խոսքով՝ նախարարությունը դիմում–բողոքներ գրեթե չի ստացել, ԶԼՄ-ների արձագանքը եւս քննությունների վերաբերյալ հիմնականում դրական է:
"Եկե՛ք դուք էլ խոստովանեք, որ նման բարձր մակարդակի ընդունելության քննություններ Հայաստանում վաղուց չէին անցկացվել։ Ես քննությունների հետ կապված բողոքներ գրեթե չեմ ստացել, հակառակը՝ հաճախ մոտենում են ծնողներ եւ շտեմարանների եւ այլ բարեփոխումների համար շնորհակալություն հայտնում",- ասել է Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության քննություններին՝ նախարարը նշել է, որ պետպատվերի շրջանակում ընդունելությունն արդեն ավարտվել է: Նախարարը իրազեկել է, որ ասպիրատնուրայում եւ մագիտրատուրայուայի այս տարի տարկետման իրավունքով պետպատվեր թափուր տեղեր կան, ինչը, ըստ նրա, պայմանավորված է օտար լեզվի իմացության պահանջի խստացմամբ: "Այս պահին ասպիրանտուրայում ունենք 11 թափուր տեղ. դեռեւս բժշկական մասնագիտությունների համար ընդունելությունն ավարտված չէ: Մագիստրատուրայում ունենք 39 անվճար թափուր տեղեր, որոնք բոլորը, կառավարության կողմից հատկացված 99 լրացուցիչ տեղերի հետ միասին, հատկացվելու են են բանակից զորացրվածներին",- նշել է նախարարը եւ հավելել.- "Այս ծրագիրն ապացուցում է, որ զինծառայությունը չի տարանջատվում կրթությո ւնից, այլ հակառակը՝ մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայությունից հետո որոշում են շարունակել կրթությունը":
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականից միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները իրավունք չեն ունենա դասավանդել դպրոցում: Ըստ նախարարի՝ օրենքն ընդունվել է 2011 թվականին, հետեւաբար, դպրոցներում աշխատող ավելի քան 5000 բարձրագույն կրթություն չունեցեղ մանկավարժները 7 տարի ժամանակ ունեն համպատասխան կրթություն ստանալու եւ օրենքի պահանջը կատարելու համար: Անդրադառնալով բուհական պետական ավարտական քննություններին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դրանք այս տարի առաջին անգամ անցկացվել են նոր կարգերի համաձայն: Պետական քննությունների հետ կապված բողոքների հոսքը դեպի նախարարություն այս տարի նվազել է, քանի որ նոր կարգով քննությունները ձայնագրվում եւ 48 ժամ պահպանվում են, ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողներին անհարաժեշտության դեպքում բողոքարկել եւ պաշտպանել սեփական իրավունքները: