Հարութ Սասունյան.Կոնգրեսը կարող է կրճատել Թուրքիային տրվող աջակցությունը Սուդանի՝ ցեղասպանություն իրականացնող նախագահին հյուրընկալելու համար


Հարութ Սասունյան.Կոնգրեսը կարող է կրճատել Թուրքիային տրվող աջակցությունը Սուդանի՝ ցեղասպանություն իրականացնող նախագահին հյուրընկալելու համար

  • 27-06-2012 10:00:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն

ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն անցյալ ամիս ընդունել է օրենսդրական փոփոխություն, որով դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն այն երկրներին, որոնք կհյուրընկալեն Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Կոնգրեսի անդամները մտադիր են մեկուսացնել եւ արդարադատության ձեռքը հանձնել այս բարբարոս ղեկավարին Դարֆուրում իրագործած իր ոճիրների համար: Կոնգրեսը որոշեց գնալ այս քայլին այն բանից հետո, երբ մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան եւ Եգիպտոսը, արհամարհեցին 2009 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանի կալանավորման որոշումը, որը մեղադրում էր Սուդանի նախագահին Դարֆուրում ցեղասպանություն իրագործելու, ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ: Ի հեճուկս իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին՝ այս երկրները հյուրընկալել են իրենց երկրում Ալ-Բաշիրի այցերը՝ նրան ձերբակալելու եւ ՄՔԴ–ի արդարադատության ձեռքը հանձնելու փոխարեն: 2009 թվականի նոյեմբերին, երբ Սուդանի նախագահը պատրաստվում էր այցելել Անկարա, Միջազգային համաներման կազմակերպությունը զգուշացրեց. «Թուրքիայի համար խայտառակություն կլինի նրան ապահով ապաստան առաջարկելը: Եթե Թուրքիայի իշխանությունները չձերբակալեն եւ չհանձնեն նախագահ Օմար Ալ-Բաշիրին ՄՔԴ-ին, ապա կխախտեն Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այն ոչ միայն համարվում է արդարադատության խոչընդոտում, այլ, ինչպես փախուստի մեջ գտնվող բանկ կողոպտողին ապաստան առաջարկելն է որակվում հանցագործություն ազգային օրենքների համաձայն, ապա միջազգային արդարադատությունից փախչողին ապաստան տալը եւս կվորակվի որպես հանցագործության մեջ մեղսակցություն»: 2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ չորս հասարակական կազմակերպություններ հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ քննադատելով Օբամայի վարչակազմին Սուդանի նախագահի Թուրքիա այցը չբողոքելու համար: Այս կազմակերպությունները փորձում էին երաշխավորել, որ «հետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործն առանց արգելքի չշարունակի ճամփորդել»: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետը, ոչ միայն թույլ տվեց Սուդանի նախագահին այցելել Թուրքիա, այլ նաեւ փորձեց քողարկել նրա հանցագործությունները՝ պնդելով, որ «Մուսուլմանները ցեղասպանություն չեն իրականացնում»: Իրավիճակն է'լ ավելի սրացնելով՝ Թուրքիան շարունակում է վաճառել մահացու զինամթերք Սուդանին՝ օգնելով Ալ-Բաշիրին, որ սպանի ավելի մեծ թվով անմեղ մարդկանց: Թուրքիայի եւ բազմաթիվ այլ երկրների կողմից նման անպատասխանատու վարքագծին վերջ դնելու համար, ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի ֆինանսական հատկացումների կոմիտեն 2012 թվականի մայիսի 17-ին ընդունեց Պետական դեպարտամենտի «Ֆինանսավորման մասին» օրենքում փոփոխություն, որով կկրճատվի ոչ մարդասիրական օժանդակության չափն այն երկրներին, որոնք չեն պահպանի ՄՔԴ-ի ցուցումը: Փոփոխությունը, որ առաջարկվել էր կոնգրեսական Ֆրանկ Ուոլֆի կողմից, նշում է, որ Միացյալ Նահանգներն ոչ մի տնտեսական աջակցություն չի տրամադրի «որեւէ երկրի, որ կհյուրընկալի Սուդանի Նախագահ Օմար Ալ-Բաշիրին»: Այն բանից հետո, երբ զեկույցներ սկսեցին շրջանառվել, որ Օբամայի վարչակազմը փորձում է խափանել այս առաջարկված օրենքը, Հոլոքոստի եւ Ցեղասպանության հարցերով 70 առաջատար մասնագետներ հունիսի 14-ին ստորագրեցին միասնական նամակ՝ հորդորելով Սպիտակ տանը աջակցել Կոնգրեսի կողմից առաջարկված փոփոխության ընդունմանը, որը վերջ կդնի Սուդանի նախագահին հյուրընկալող երկրներին տրամադրվող աջակցությանը: Նամակի ստարագրողների շարքում էին Երուսաղեմից դոկտոր Իսրայել Չարնին, Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի նախկին նախագահ դոկտոր Իրվինգ Գրինբերգը եւ Քլարկ համալսարանի դոկտոր Դեբորա Դվորքը: Մասնագետների նամակը, որը կազմվել էր Վաշինգտոնում Դեվիդ Ս. Ուայմենի անվան Հոլոքոստի ուսումնասիրության ինստիտուտի կողմից, ուղարկվեց նախագահի խորհրդական դոկտոր Սամանթա Փաուերին, ով գլխավորում է վերջերս հիմնադրված Վայրագությունների կանխարգելման խորհուրդը: Մասնագետները հիշեցնում են Փաուերին, որ Պուլիտցերյալ մրցանակի արժանացած իր գրքում՝ «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ Ցեղասպանության դարը», նա հորդորեց ԱՄՆ կառավարությանն ընդունել «տնտեսական սանկցիաներ» ցեղասպանության գործողությունները կանխելու համար: Քանի որ առաջարկված օրինագիծը «հենց դա է անում», 70 ստորագրողները հայտնեցին այն հույսը, որ Փաուերը եւ Սպիտակ տունը կաջակցեն կոնգրեսական Ուոլֆի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությանը, մասնավորապես, ներկայացուցչական Պալատի ու Սենատի մինչեւ բանակցությունների գործընթացին: Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Սամանտա Փաուերը հանդես կգա այս փոփոխության օգտին: Սպիտակ տուն աշխատանքի ընդունվելուց հետո, նա իրեն հեռու է պահում այն հարցերից, որոնք համարձակորեն քարոզում էր իր գրքում: Նա նաեւ լուռ է մնում Նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ տրված եւ չիրագործված խոստումների կապակցությամբ: Փաուերը մի քանի կոչ արեց անցած նախագահական ընտրարշավի ժամանակ՝ համոզելու համար ամերիկահայ համայնքին, որ աջակցի Բարակ Օբամայի թեկնածությունը: Նա հանդիսավոր կերպով խոստացավ, որ Նախագահ Օբաման ընտրվելուց հետո կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մինչ այժմ, ամերիկահայերը ոչ մի լոբբիստական աշխատանքներ չեն իրականացրել այս կարեւոր օրինագծի ընդունման ուղղությամբ, քանի որ ամենայն հավանականությամբ, նրանք տեղյակ չեն եղել Կոնգրեսում դրա ներկայացման մասին: Հայ մասնագետները նույնպես դուրս են մնացել այս հարցից, քանի որ ոչ ոք չի փորձել ստանալ նրանց աջակցությունը: Կոնգրեսական Ուոլֆի օգնականը տեղեկացրեց այս հոդվածի հեղինակին, որ կոնգրեսականը շատ ուրախ կլինի, որ ամերիկահայ համայնքն աջակցի այս օրինագծի ընդունման հարցում, որը կխրախուսի Թուրքիային եւ այլ երկրներին, որ Ալ-Բաշիրին գրկաբաց չընդունեն եւ արդարադատության ձեռքը հանձնեն այս մեղադրյալ հանցագործին: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Թարգմանիչ` Կ. Գեւորգյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն