Թուրքիայում ամեն 99 բնակչին բաժին է ընկել 1 զինվորական


Թուրքիայում ամեն 99 բնակչին բաժին է ընկել 1 զինվորական

  • 28-06-2012 18:01:32   | Հայաստան  |  Վերլուծություն
2012թ. փետրվարի 1-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տվյալներ հրապարակեց երկրի զինված ուժերի մասին: Դրանց համաձայն՝ Թուրքիայում ամեն 99 բնակչին բաժին է ընկել 1 զինվորական: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում զինծառայողների քանակը կազմել է 506.892, ժանդարմերիայինը՝ 208.869, իսկ առափնյա պաշտպանությանը՝ 5392, ընդհանուր` 721.153 մարդ: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում առկա է 329 գեներալ/ծովակալ, ժանդարմերիայում՝ 33, իսկ առափնյա պաշտպանությունում՝ 2: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում ծառայող սպաների ու ենթասպաների թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 33.762 եւ 71.444, ժանդարմերիայում՝ 5490 սպա եւ 22.583 ենթասպա, առափնյա պաշտպանությունում՝ 594 սպա եւ 1401 ենթասպա: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում ծառայողներից 457.677-ը զինվորական անձնակազմ է, իսկ 49.215-ը՝ քաղաքացիական անձնակազմ, ժանդարմերիայում համապատասխանաբար՝ 205.103 եւ 3766, իսկ առափնյա պաշտպանությունում՝ 4506 եւ 8861: Թուրքիան իր բանակի անձնակազմի մեծությամբ ՆԱՏՕ անդամ 28 երկրների թվում զբաղեցնում է 2-րդ տեղը, մինչդեռ ռազմական ծախսերի ցուցանիշով 7-րդն է: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ զինվորների թիվը 3.5 միլիոն է, որից 2.027.000-ը բաժին է ընկնում Եվրոպային, իսկ 1.487.000-ը՝ Հյուսիսային Ամերիկային: ՆԱՏՕ անդամ երկրների թվում ամենամեծ բանակն ունի ԱՄՆ-ը՝ 1.427.000 մարդ: Թուրքիան իր 720.000-անոց բանակով երկրորդն է, ապա գալիս են Ֆրանսիան՝ 227.000, Գերմանիան՝ 205.000, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան՝ 192.000-ական, Իսպանիան՝ 127.000, Հունաստանը՝ 124.000-ը եւ Լեհաստանը՝ 100.000: Ռազմական ծախսերի ցուցանիշով ՆԱՏՕ անդամ երկրների թվում առաջատարը նույնպես ԱՄՆ-ն է, որի ցուցանիշը 2011թ. կազմել է $731.9 մլրդ: ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան՝ $63.6 մլրդ, Ֆրանսիան՝ $53.4 մլրդ, Գերմանիան՝ $48.1 մլրդ, Իտալիան՝ $30.2 մլրդ, Կանադան՝ $23.7 մլրդ: Թուրքիան իր $14.5 մլրդ ցուցանիշով 7-րդն է: Առաջատար տասնյակում են նաեւ Իսպանիան՝ $14 մլրդ, Հոլանդիան՝ $11.3 մլրդ եւ Լեհաստանը՝ $8.9 մլրդ: ՆԱՏՕ բոլոր երկրների ռազմական ծախսերը չեն կազմում ԱՄՆ ռազմական ծախսերի մեկ քառորդը2: 2012թ. մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (SSM) ներկայացրեց իր ռազմավարական հնգամյա պլանը, որում խոսվում է պաշտպանական ոլորտի հիմնական նախագծերի ավարտի կոնկրետ ժամկետների մասին: Ակնկալվում է, որ այդ նախագծերն ավելի բարձր մակարդակի կհասցնեն երկրի ռազմական արդյունաբերությունը: 2012-2016թթ. ռազմավարական պլանի համաձայն՝ թուրքական Altay տանկի3 առաջին օրինակը պետք է արտադրվի մինչեւ 2015թ.: Հակատանկային մեծ հեռահարությամբ հրթիռներն (UMTAS) արտադրվելու են մինչեւ 2012թ. ավարտը, իսկ միջին հեռահարությամբ հրթիռները (OMTAS)` մինչեւ 2013թ. ավարտը: Լազերային կիսաակտիվ մարտագլխիկով CIRIT հրթիռի զանգվածային արտադրությունը սկսվելու է մինչեւ 2013թ. ավարտը: Այս հրթիռը տեղադրվելու է Atak ուղղաթիռների վրա: Բացի այդ, Թուրքիան պլանավորել է մշակել հեռահար գործողության (մինչեւ 2500 կմ) հրթիռներ: Հրթիռի միջանկյալ տեսակի (մինչեւ 1500 կմ շառավղով) փորձարկումները սկսվելու են հաջորդ տարի: Mehmetcik-1 հետեւակի գրոհային հրացանի4 զանգվածային արտադրությունը մեկնարկելու է այս տարվա հուլիսին: Այն մշակված է գերմանական Heckler & Koch HK416-ի բազայի վրա: T-129 Atak հետախուզա-հարվածային մարտավարական ուղղաթիռը5 եւ Anka անօդաչու թռչող սարքը6 (ԱԹՍ) զինված ուժերը կհամալրեն համապատասխանաբար՝ 2013 եւ 2014թթ.: Բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը երկրի ռազմաօդային ուժերի կազմը համալրելու է մինչեւ 2016թ. ավարտը, իսկ Hurkus ուսումնական ինքնաթիռը՝ մինչեւ 2015թ. ավարտը: Ռազմաուսումնական ռեակտիվ ինքնաթիռն արտադրվելու է մինչեւ 2014թ.: Տակտիկական ԱԹՍ-ների արտադրությունը նախատեսված է 2014թ.: Ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի նախատիպը պատրաստ կլինի մինչեւ 2016թ.: Միջին եւ ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը մշակվելու են մինչեւ 2016թ. ավարտը: Ռադիոտեղորոշիչ դիտարկման արբանյակը7 պատրաստ է լինելու մինչեւ 2016թ.: Տարբեր պլատֆորմներում օգտագործվելիք ռադարն արտադրվելու է մինչեւ 2016թ.: MILGEM դասի8 թուրքական արտադրության առաջին էսկադրոնային ականակիրը ռազմածովային ուժերի կազմը համալրելու է մինչեւ 2016թ. վերջը: Սեփական սուզանավի զարգացման հեռանկարների վերաբերյալ հետազոտությունն ավարտվելու է մինչեւ 2015թ.: Ըստ ռազմավարական պլանի՝ 2016թ. ռազմական արդյունաբերության ցուցանիշներով Թուրքիան մտնելու է աշխարհի ուժեղագույն երկրների լավագույն տասնյակում: 2016թ. ողջ ռազմական արտահանումը կազմելու է $2 մլրդ: Հարկ է նշել, որ 2011թ. Թուրքիան արտահանել է մոտ $800 մլն-ի սպառազինություն, իսկ այս տարի պլանավորել է այդ ցուցանիշն ավելացնել եւս $200 մլն-ով9: 2011թ. իրագործվել է SSM ավելի քան 280 նախագիծ, կնքված պայմանագրերի վերջնական արժեքը կազմել է մոտ $27 մլն 301 հազար: Ներկա դրությամբ SSM-ն ապահովում է Թուրքիայի զինված ուժերի ռազմական կարիքների ավելի քան 50%-ը: Թուրքական սպառազինությունն արտահանվում է Մալայզիա, Սաուդյան Արաբիա, Ինդոնեզիա, ԱՄԷ, Վրաստան, Ադրբեջան, Պակիստան, Բանգլադեշ, Մակեդոնիա, Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Կատար, Թուրքմենստան, Հորդանան ու Հարավային Կորեա: Բացի այդ, պլանով նախատեսված է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սպառազինության ծանուցման ու արտահանման գործընթացը կոորդինացնելու համար իր կապի գրասենյակներն է ստեղծելու 5 տարածաշրջանում` Մերձավոր Արեւելք, Հեռավոր Արեւելք, ԱՄՆ, Կովկաս-Միջին Ասիա ու ԵՄ-ՆԱՏՕ: Թուրքիայի կառավարությունը պլանավորում է աջակցել թեստավորման ու սերտիֆիկացման կենտրոնների ստեղծմանը, որոնց մակարդակը պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին՝ քաղաքացիական ու հասարակական սեկտորի պահանջների գոհացման համար10: Հարկ է նշել, որ սեփական ռազմական արդյունաբերությանը զարկ տալուն նպաստում են նաեւ տարածաշրջանային զարգացումներն ու Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները: 2011թ. սեպտեմբերի 8-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի կարողանում հետ ստանալ տեխզննման նպատակով Իսրայել ուղարկած իր Heron տիպի ԱԹՍ-ները. «Ո՞ւր են վերանորոգման նպատակով Իսրայել ուղարկված Heron-ները: Իսրայելը պետք է Թուրքիային հետ վերադարձնի 6 Heron: Դրա համար սահմանված է ժամկետ, սակայն ցայժմ մեր ԱԹՍ-ները չեն վերադարձվել: Մենք անգամ նախապես վճարել ենք դրանց վերանորոգման վճարը: Գործարար էթիկայի տեսանկյունից Իսրայելն անբարոյական քայլ է գործել»11: Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Heron-ների շարժիչների վերանորոգման գործընթացը դեռ ավարտված չէ12: Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, այցելելով քուրդ զինյալների կողմից սպանված ոստիկանական սպայի հարազատներին, նրա մահվան մեջ մեղադրեց Իսրայելին, որը ձգձգում է Թուրքիային խոստացած Heron-ների տրամադրումը, ինչն էլ հեշտացրել է քուրդ զինյալների գործը. «Վերջին շրջանում Թուրքիան քուրդ զինյալների դեմ գործածելու համար $183 մլն-ով Իսրայելից գնել է 10 Heron, սակայն ներկայումս դրանցից 3-ը կործանվել են, 2-ը դարձել են լրիվ անպիտան, 3-ը շարժիչի հետ կապված խնդիրներ ունեն՝ թռչում են միայն պահեստային շարժիչով, քանի որ բուն շարժիչն անսարք է։ Արդյունքում՝ 5 Heron-ների շարժիչների վերանորոգման նպատակով ուղարկվել են Իսրայել»13։ Նոյեմբերի 24-ին Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ Իսրայելը տուգանվել է Թուրքիային Heron ԱԹՍ-ների մատակարարման վերաբերյալ պայմանագրով ստանձնած պարտականությունները չկատարելու համար. «Heron-ների մատակարարման ձգձգման պատճառով հայրենական ընկերությունները տույժեր են սահմանել Իսրայելի նկատմամբ, ինչն արվել է առկա համաձայնագրին համապատասխան։ Համաձայնագրում առկա է մի կետ, ըստ որի՝ թուրքական կողմը կարող է տույժեր սահմանել այդ ապարատների մատակարարման ժամկետը խախտելու համար14։ 2011թ. դեկտեմբերի վերջին Իսրայելի կառավարությունն արգելափակեց Թուրքիային իսրայելական IAI եւ Elbit ընկերությունների կողմից ռազմաօդային ուժերի համար նախատեսված հետախուզական համակարգերի հատկացման վերաբերյալ գործարքը։ 2009թ. իսրայելական կողմի հետ կնքվել է $141 մլն-անոց պայմանագիր, որից $87 մլն-ն բաժին էր ընկնում Elbit-ին, իսկ 54 մլն-ն՝ IAI-ին15։ 2011թ. իսրայելական կողմը պետք է հանձներ այդ համակարգերը, սակայն հետագայում կողմերը համաձայնության եկան դա հետաձգել մինչեւ 2012թ. ապրիլ: Իրանական լրատվամիջոցներն այս կապակցությամբ գրեցին, որ Իսրայելը Թուրքիային հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարրերի հատկացման գործարքը չեղյալ է հայտարարել Իրանի պատճառով, «Իսրայելի կառավարությունը, մտահոգվելով, որ Իրանը կարող է նորագույն տեխնոլոգիաների մեջ ներթափանցելու հնարավորություն ստանալ, չեղյալ է հայտարարել Թուրքիային ռադիոտեղորոշիչ կայանների եւ ՀՕՊ համակարգերի հատկացման վերաբերյալ պայմանագիրը: Դրա պատճառը թուրք-իրանական սերտ եւ բարեկամական հարաբերություններն են։ Իսրայելը վստահեցնում է, որ Թուրքիային տվյալ սպառազինության վաճառքի դեպքում Իրանը կարող է դրանք ուսումնասիրելու թույլտվություն ստանալ»16: 2011թ. դեկտեմբերի վերջին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ընդլայնի իր ռազմական արդյունաբերության զարգացման նախագծերը, որոնք կոչված են երկիրը տեղական արտադրության անհրաժեշտ ռազմական տեխնիկայով ապահովելուն. «Այդ առումով մենք պետք է օրինակ վերցնենք Իրանից, որը բավական զարգացրել է իր ռազմական արդյունաբերությունը։ Օրինակ, Իրանն արտադրել է 2000-2500 կմ հեռահարություն ունեցող հրթիռներ։ Մինչդեռ թուրքական հրթիռների առավելագույն հեռահարությունը կազմում է ընդամենը 150 կմ։ Բացի այդ, Իրանն իր ռազմական տեխնիկան արտադրում է Եվրոպայից անկախ՝ ուշադրություն չդարձնելով միջազգային պատժամիջոցներին։ Թուրքիան նույնպես կարող է արտադրել սեփական ռազմական արտադրանք»17։ 2012թ. մարտի 29-ին Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի «Ֆլագ Ռոդինի» պաշտոնաթերթի փոխխմբագիր Սերգեյ Գորբաչովը հայտարարեց, որ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը վերջին տարիներին Թեոդոսիայից ոչ հեռու ընկած ջրատարածությունում քանիցս թուրքական սուզանավեր է բացահայտել: Թեոդոսիայում է գտնվում նոր զինատեսակների փորձարկման կենտրոնը: Թուրքական սուզանավերը Թեոդոսիայի մոտակայքում զբաղված են հետախուզական աշխատանքների իրականացմամբ: Մինչ ԽՍՀՄ փլուզումը՝ 1970-1980-ական թթ., Թուրքիան նախընտրում էր իր սուզանավերը չմտցնել Սեւ ծովի ջրատարածություն, ուր գերիշխում էր խորհրդային նավատորմը18: 2012թ. փետրվարի 27-ին թուրքական Takvim օրաթերթին տված հարցազրույցում անվտանգության եւ ռազմական հարցերով ամերիկացի հայտնի լրագրող Սեյմուր Հերշը հայտարարեց, որ առաջիկա մեկ տարին շատ կարեւոր է Մերձավոր Արեւելքի, այդ թվում նաեւ Թուրքիայի համար, քանի որ կարող են պատկերվել մերձավորարեւելյան երկրների առաջիկա 30 տարիների ուրվագծերը. «Թվակազմով թուրքական բանակն աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը: Թուրքիան տարածաշրջանային ուժ դառնալու համար կարեւոր քայլեր է ձեռնարկել ռազմական ոլորտում, որտեղ Թուրքիայի միակ թերի կողմն այն է, որ նա ցայժմ ավիակիր չունի: Սակայն Թուրքիան քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ. Թուրքիան երկար ժամանակ ԱՄՆ-ի հետ բանակցում էր F-35 կործանիչների գնման շուրջ, ինչն ավարտվեց հաջողությամբ: Թուրքիան արդեն իսկ պատվիրել է F-35 կործանիչներ, որոնք լայնորեն օգտագործվում են ավիակիրների վրա»19: Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարի 23-ին Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ից գնելու է F-35 (F-35 Lightning II) տիպի 100 կործանիչ, որոնց համար ընդհանուր առմամբ վճարելու է $16 մլրդ: Յըլմազը հավելել էր, որ առաջին երկու ինքնաթիռները Թուրքիային կհանձնվեն 2015թ.20: Մարտի 12-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Մուրաթ Բիլգելը ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի (USNI) Proceedings ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենց նպատակը լավ ուսուցված անձնակազմ ունեցող, լավ սպառազինված, ռազմավարական հեռավորություններում մոբիլ նավատորմ ունենալն է. «Առաջիկայում մենք պլանավորել ենք նավատորմը համալրել նոր բազմաֆունկցիոնալ ֆրեգատներով, օդային փոխադրման միջոցներով, ուղղաթիռներով ու ինքնաթիռներով, սուզանավերով: Բացի այդ, մենք պլանավորում ենք ունենալ ավիակիր, որն իր ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կմասնակցի ՆԱՏՕ միջազգային գործողություններին: Դրանում կարող են տեղակայվել ԱՄՆ-ից ստացվելիք F-35 տիպի 100 կործանիչներն ու բրիտանական Harrier-ները (ուղղահայաց վայրէջքով): Այդ ավիակիրն ունենալու է 140 մ երկարություն եւ 24.000 տ քաշ: Ավիակրի կառուցման նախագիծը գնահատվում է $1.5 մլրդ: Այն կառուցվելու է 5 տարվա ընթացքում եւ փորձարկումներից հետո՝ 6-7 տարի անց, հանձնվելու է շահագործման»21: 2012թ. մարտի 3-6-ը Թուրքիայի տնտեսական եւ արտաքին քաղաքականության հետազոտական կենտրոնը (EDAM) սեփական ատոմային ռումբ ունենալու վերաբերյալ հարցախույզ անցկացրեց Թուրքիայի 81 նահանգներից 15-ում, որին մասնակցեց 18-ից բարձր տարիք ունեցող 500 մարդ: Հարցախույզի մասնակիցների 54%-ն այն կարծիքին է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացման (Իրանից բխող սպառնալիքի) ֆոնին Թուրքիան պետք է աշխատանքներ տանի սեփական ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ: 8.2%-ը կարծում է, որ դա անհրաժեշտ չէ, քանի որ ՆԱՏՕ-ն ապահովում է Թուրքիայի անվտանգությունը: 34.8%-ն էլ կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից սեփական ատոմային զենք ստեղծելուն: EDAM-ի նախագահ Սինան Ուլգենը, մեկնաբանելով հարցախույզի արդյունքները, հայտարարեց, որ դրանք վկայում են, որ թուրք ժողովուրդը չի հավատում իրանական միջուկային սպառնալիքի ֆոնին ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի անվտանգության ապահովմանը22: Պետք է նշել, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե իրենք դեմ են, որ Իրանը ստեղծի միջուկային զենք` ընդգծելով, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա դա տարածաշրջանի մյուս երկրներին (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, ինչպես նաեւ Թուրքիա) կստիպի գնալ նույն ճանապարհով, ինչը սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը: 2012թ. հունվարին Հռոմում գտնվող ՆԱՏՕ քոլեջի աշխատակից Ժան-Լուպ Սամաանի պատրաստած «The day after Iran goes nuclear: Implications for NATO» (Իրանի՝ միջուկային երկիր դառնալու հաջորդ օրը. հետեւանքները ՆԱՏՕ-ի համար) զեկույցում նշված է, որ Թուրքիան ներկայումս լրջորեն մտորում է իր միջուկային ռազմական մշակումների զարգացման շուրջ, քանի որ կարծում է, թե Իրանում միջուկային մարտագլխիկի հայտնվելուց հետո այդ երկրի հետ հավասարության եւ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության պահպանումը հնարավոր կդառնա միայն սեփական միջուկային զենքի ձեռքբերման միջոցով: Ապրիլի սկզբին Էրդողանի չինական այցի ժամանակ անգլիական մամուլը գրեց, որ Էրդողանը Թուրքիայում ատոմակայանի կառուցման կապակցությամբ բավական գրավիչ առաջարկ է արել Չինաստանին` միեւնույն ժամանակ շահագրգռվածություն ցուցաբերելով սեփական միջուկային զենքի ստեղծման հարցում23: Հիշեցնենք, որ Չինաստանի ու Թուրքիայի վարչապետեր Վեն Ջիաբաոյի ու Էրդողանի դռնփակ բանակցությունների արդյունքում ստորագրվել էր երկու փաստաթուղթ, որոնցից մեկը Չինաստանի էներգետիկայի ազգային վարչության եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջեւ մտադրությունների մասին արձանագրությունն է, իսկ երկրորդը՝ Ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման մասին համագործակցության պայմանագիրը: Դա հանդիսանալու է երկու երկրների միջեւ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության զարգացման առաջին քայլը: Ուշագրավ է, որ միջուկային հարցով դեռեւս փետրվարին Թուրքիա էր ժամանել Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը, որն, ի դեպ, փոխարինելու է Հու Ձինտայոին, իսկ Էրդողանը վերջին 27 տարիներին Չինաստան այցելած Թուրքիայի առաջին վարչապետն է24: Ինչ վերաբերում է Թուրքիայի` սեփական ատոմային զենք ունենալու նկրտումներին, ապա պետք է նշել, որ ներկայումս այն ձգտում է ընդլայնել իր միջուկային հնարավորությունները՝ անհրաժեշտ պահին միջուկային զենք արտադրել կարողանալու համար: Թուրքիայում արդեն իսկ առկա են ատոմային ռումբեր, որոնք, սակայն, ոչ թե թուրքական են, այլ ամերիկյան: 2011թ. դեկտեմբերի սկզբին թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Atomic Scientists ամսագիրը, գրեցին, որ Թուրքիայի հարավարեւելյան հատվածում ընկած Ինջիրլիքի ավիաբազայում ներկայումս պահվում են 60-70 B61-12 տիպի միջուկային ռումբեր: 2001թ. Թուրքիայում պահվող ատոմային ռումբերի ցուցանիշը կազմում էր 90, իսկ հետագայում կազմելու է 50: ԱՄՆ-ը Ինջիրլիքի ռազմաբազայում չունի որեւէ ինքնաթիռ, որը կկարողանա կրել դրանք, քանի որ Անկարան մերժել է ԱՄՆ-ին Ինջիրլիքում ռազմավարական ինքնաթիռներ տեղակայելու հարցում` պատճառաբանելով, որ դա կփոխի բազայի կարգավիճակը: Այսինքն՝ ԱՄՆ-ը այդ ատոմային ռումբերը կրելու համար պետք է օգտվի իր այլ բազաներից: Իսկ թուրքական ինքնաթիռներն էլ նախկինում իրավունք չունեին կրել դրանք, մինչդեռ այն բանից հետո, ինչ Թուրքիան համաձայնեց իր արեւելյան հատվածում ամերիկյան ռադարի տեղակայմանը, Վաշինգտոնը Թուրքիային հանձնեց 10-20 ատոմային ռումբ, որոնք այսուհետ կարող են կրել թուրքական օդուժի 142-րդ էսկադրիլիայի F-16A/B տիպի ինքնաթիռները` ԱՄՆ թույլտվությամբ: 2017թ. Ինջիրլիքում պահվող B61-12 ռումբերը փոխարինվելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով25։ 2010թ. աշնանը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջին անգամ «կարմիր գրքի» սպառնալիքների թվում ներառեց կիբերանվտանգությունը: Այդ փաստաթուղթը, որն անվանում են նաեւ «գաղտնի կամ կարմիր սահմանադրություն», թարմացվում է 5 տարին մեկ անգամ26: Դրանից արդեն մեկ տարի անց` 2011թ. հոկտեմբերի սկզբին, հայտնի դարձավ, որ Թուրքիան ստեղծում է Ազգային կիբերբանակ, որը սկզբնական շրջանում բաղկացած է լինելու 200 մասնագետից: Այս կապակցությամբ Տեղեկատվական անվտանգության միության նախագահ Մուսթաֆա Ալքանը հայտարարեց, որ Թուրքիան տեղեկատվական անվտանգության պաշտպանության տեսանկյունից գտնվում է հետնապահների տասնյակում` ընդգծելով, որ ռիսկային գոտում են գտնվում երկրի անգամ ֆինանսական համակարգերը27: Այդ մասին է վկայում նաեւ բրիտանական The Economist մեդիախմբի կողմից հունվարի 19-ին G-20-ի երկրների վերաբերյալ պատրաստած Cyber Power Index վարկանիշը, որում արտացոլված է այդ 20 երկրների կիբերհզորությունը։ Cyberhub.com-ի վերլուծաբանները փորձել են պարզել կիբերհարձակումներին դիմագրավելու եւ IT ենթակառույցների զարգացման հարցում G-20-ի երկրների ունակությունները։ Այդ նպատակով ընտրվել է մոտ 40 չափանիշ, որոնք բաժանվել են 4 հիմնական խմբի. կիբերտիրույթի նորմատիվա-իրավական կարգավորում, տնտեսական եւ սոցիալական համատեքստ, տեխնոլոգիական ենթակառույց, դրա օգտագործում տնտեսության մեջ։ Թուրքիան դրանում հանգրվանել է 15-րդ հորիզոնականում՝ ստանալով 30.4 միավոր եւ առաջ անցնելով միայն ՀԱՀ-ից (30.2), Սաուդյան Արաբիայից (25.7) եւ Ինդոնեզիայից (23.5)։ Առաջին տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան՝ 76.8 միավոր, ապա գալիս են ԱՄՆ-ը՝ 75.4, Ավստրալիան՝ 71, Գերմանիան՝ 68.2 եւ Կանադան՝ 66.6: Իրավական եւ նորմատիվային բազայի ցուցանիշով Թուրքիան G-20-ում զբաղեցրել է 15-րդ տեղը` 49.2 միավոր, տնտեսական եւ սոցիալական համատեքստի ցուցանիշով` 17-րդ տեղը` 24, տեխնոլոգիական ենթակառույցի ցուցանիշով` 10-րդ տեղը` 29.9, տնտեսության մեջ տեխնոլոգիական ենթակառույցների գործածման ցուցանիշով` 17-րդ տեղը` 15.9 միավոր28։ Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Թուրքիայի զինված ուժերի ու ռազմական արդյունաբերության արդիականացման ու զարգացման վրա իրենց կնիքն են թողնում նաեւ Թուրքիայի տարածաշրջանային մեծ հավակնությունները եւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: Դրանք Թուրքիային մղում են ընդլայնել սեփական ռազմական արդյունաբերությունը, արդիականացնել զինված ուժերում առկա ռազմական տեխնիկան եւ նոր զինատեսակներով համալրել դրանք` տարածաշրջանային այլ երկրներից հետ չմնալու եւ տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրք գրավելու նկրտումներին համապատասխանելու համար: Այդ գործոնները հետագայում նույնպես իրենց ազդեցությունն են թողնելու Թուրքիայի զինված ուժերի ու ռազմական արդյունաբերության հզորացման վրա: Վերջին տարիներին Թուրքիայի գրանցած տնտեսական հաջողությունները նույնպես նպաստում են ռազմական ոլորտի պլանների հաջող իրագործմանը: Թուրքիայի զինված ուժերի ու ռազմական արդյունաբերության հզորացման վրա մեծ ազդեցություն ունի նաեւ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը` ինչը բավական մեծ թափ է հավաքել այն բանից հետո, ինչ Թուրքիան համաձայնեց Մալաթիայում ամերիկյան ռադարի տեղակայմանը: Այդ համագործակցության ընդլայնումն ավելի հրատապ է դարձել Իսրայելի հետ Թուրքիայի ռազմական համագործակցության կասեցումից հետո: Հայկ Գաբրիելյան Թուրքագետ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2012
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play