ՀԲԸՄ-ն ակտիվացնում է իր գործունեությունը` ԵՄ-ի կողմից
Ղարաբաղի ընդունման եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
24-05-2010 19:56:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ բարեգործական ընդհանուր
միությունը (ՀԲԸՄ) Եվրոպայում ակտիվացնում է իր գործունեությունը`
ԵՄ-ի կողմից Ղարաբաղի հանրապետության ընդունման եւ
հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ինչպես մայիսի 24-ի
ասուլիսում նշեց ՀԲԸՄ-ի Եվրոպայի գրասենյակի նախագահ Ալեքսի
Գյովջյանը, իրենց նպատակն է լուրջ լոբբինգ ծավալել ԵՄ
կառույցներում: Նրա գնահատմամբ, տարածաշրջանի այլ չճանաչված բոլոր
հանրապետություններն էլ օգտվում են միջազգային խաղաղապահ
առաքելություններից, ներգրավված են տարբեր միջազգային ծրագրերում
եւ ստանում են աջակցություն, հատկապես վստահության հիմքերի
ստեղծման հետ կապված, որը նվազեցնում է լարվածությունը, եւ այդ
պետությունների բնակիչներն էլ հաղորդակցության մեջ են այլ երկրների
հետ: Մինչդեռ, ըստ նրա, այս ամենը չի կարելի ասել Ղարաբաղի
դեպքում: Ա.Գյովջյանի խոսքերով, ԵՄ կառույցներն ապատեղեկացված են:
«Այդ առումով Ադրբեջանը շատ ավելի լավ լոբբինգ է անում, քան`
մենք»,- ասաց նա, հավելելով, որ պետք է անել հնարավորը, որպեսզի
Եվրոմիության բոլոր կառույցների կողմից ընդունվի Ղարաբաղ երկիրն ու
նրա ժողովուրդը:
Ըստ Ա.Գյովջյանի, Ղարաբաղը տարածաշրջանի միակ երկիրն է, ուր
դեռեւս չի այցելել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Պիտեր Սեմնեբին` այդ տարածքն անվանելով «սպիտակ կետ» Եվրոպայի
քարտեզի վրա: Նա նշեց, որ Եվրոպայում ՀԲԸՄ-ի արշավն ուղղված է
հորդորելու Եվրոմիությանը` մարդասիրական եւ տնտեսական
օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ կոչ է
անում ԵՄ-ին թույլ տալ իր պաշտոնյաներին ճանապարհորդել Ղարաբաղ:
Ա.Գյովջյանը հայտնեց նաեւ, որ Ֆրանսիայում օրերս Պ.Սեմնեբիի
մասնակցությամբ անցկացվել է Ղարաբաղի հարցին նվիրված խորհրդաժողով,
որին ներկա են եղել նաեւ Ղարաբաղի պատվիրակությունը, Ադրբեջանի
դեսպանը: