ՀՀ նախարարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր


ՀՀ նախարարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

  • 03-07-2012 12:57:59   |   |  Տնտեսություն

Հուլիսի 3 -ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով պատրաստակամություն հայտնեցին աջակցել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին, քիմիական պարարտանյութերի արտադրությունը տվյալ ընկերությունում վերսկսելու հարցերում: Նշվեց, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հետեւյալ պարարտանյութերի արտադրությունը` 1. «Կարբամիդ» 46 % ազոտի պարունակությամբ, 2. «Ամոնիումի սուլֆատ» 20-20.5 % ազոտի պարունակությամբ, 3. Կալիում պարունակող պարարտանյութ: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: Այնուհետեւ սկսվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի ասուլիսը ընթացիկ տարվա գործունեության վերաբերյալ: Նշվեց, որ ըստ օպերատիվ տվյալների հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է շուրջ 312 հազ. հա, նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց, արդյունքում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. կազմել է 69.5 %, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Օպերատիվ տվյալներով ընթացիկ տարում նախորդ տարվանից ավել է ցանվել 21.5 հազ. հա հացահատիկ եւ 2.8 հազ. հա կարտոֆիլ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 150.1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 3.2 %-ով: Ընդ որում բուսաբուծությունում աճը կազմել է 7.8 %, իսկ անասնապահությունում` 0.9 %: 2012թ. մայիս ամսվա գյուղատնտեսական արտադրանքի ծավալները գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը` 4.4 %-ով: Դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղատնտեսական մթերքների իրացման բնագավառում: Սկսվել է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի եւ խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող ընկերությունների միջեւ պայմանագրերի կնքման գործընթացը: Սույն թվականի հունիսի 29-ի դրությամբ կնքվել է 4328 պայմանգիր, որից 3344-ը՝ խաղողի եւ 984-ը՝ պտուղբանջարեղենի գնման: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն. դրամ կանխավճար եւ 191.1 մլն. դրամի բուժանյութեր եւ այլ օժանդակություն: Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է: Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 8302.58 տոննա պտուղբանջարեղեն, որից` 6170.05 տոննա ծիրան, 391.06 տոննա կեռաս, 2.15 տոննա սալոր եւ 847.9 տոննա խաղող: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 4360.87 տոննա պտուղբանջարեղեն, որից 2800.15 տոննա ծիրան, 344.5 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր եւ 326.16 տոննա խաղող: Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 3858.6 տոննա պտուղբանջարեղեն, որից 3407.7 պտուղ, այդ թվում՝ 2411.1 տոննա ծիրան եւ 450.9 տոննա բանջարեղեն: Նախարարը անդրադարձավ նաեւ պետական աջակցության րագրերին,առանձնացնելով հատկապես` • «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության», • «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության», • «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», • «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում», • «Բույսերի պաշտպանության միջոցառումների» • «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման» • «Տոհմային կենդանիների ներմուծման միջոցառումներ, • «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», • «Գյուղական խորհրդատվական ծառայություններ», • «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրերը: Նշված ծրագրերը իրենց անմիջական դրական ազդեցությունը կունենան գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի օգտագագործման մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման եւ մրցունակության բարձրացման վրա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն