«ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի MARRIOTT ընկերությանը
03-07-2012 14:55:39 | Հայաստան | Տնտեսություն
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը եւ Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն հուլիսի 3-ին համաձայնագիր կնքեցին, ըստ որի, «ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի MARRIOTT ընկերությանը, իսկ համալիրը կկրի TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անվանումը:
«Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում դեռեւս 13.04.2011թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Marriott International ընկերության Luxury Hotels International Management Company B.V.-ի միջեւ կնքվել էր «Մտադրությունների մասին հուշագիր»՝ «Ադիգազ» հանգստյան տունը վերակառուցելու եւ MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային ցանցին միավորելու վերաբերյալ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ MARRIOTT International Design and Construction Services (MIDCS) ընկերության միջեւ կնքված Միջանկյալ խորհրդատվական ծառայությունների համաձայնագրով նախատեսվում է հյուրանոցի վերակառուցումը իրականացնել MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան:
Ինչպես նշեց Իշխան Կարապետյանը, վերակառուցման ծրագրի համար հիմք հանդիսացան Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրում ամրագրված դրույթները: «Նախագիծը կյանքի կոչվեց եւ դարձավ իրականություն «Գազպրոմ« ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում: Չնայած նրան, որ հյուրանոցային համալիրը «ՀայՌուսգազարդ»-ի համար գործունեության հիմնական ուղղություն չի հանդիսանում, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընգծել, որ այն իր տեխնիկական եւ դիզայներական լուծումներով համապատասխանում է հյուրանոցային բիզնեսում ընդունված ամենաբարձր չափանիշներին», - ասաց ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը:
Marriot International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ այս նախագծի միջոցով Marriot ընկերությունն ընդլայնում է իր հնարավորություններն տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում:
«Մենք մեծ ակնկալիքով ցանկանում ենք համագործակցել «ՀայՌուսգազարդ»-ի հետ, որպես հուսալի գործընկերոջ: «ՀայՌուսգազարդ»-ի մեր գործընկերների հետ համագործակցելով՝ մենք ցանկանում ենք ստեղծել կարիերայի զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ ժամանցի ու հանգստի պայմաններ մեր հյուրերի համար», - ասաց Տուոմաս Լաակսոն:
Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012թ. սեպտեմբերին` միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբոսաշրջային արդյունք եւ բարձրակարգ ծառայություններ:
Հյուրանոցային համալիրի շինարարությունն ու ձեւավորումը իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան եւ հսկվել է համաշխարհային բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Հյուրանոցը ունի ավելի քան 100 համար, հյուրանոցում ընդգրկված է ծառայությունների մատուցման լայն սպեկտոր եւ ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ:
Հյուրանոցի շահագործումը եւս մեկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու եւ օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու համար: