Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրենը մեքենա չունի
03-07-2012 18:12:47 | Հայաստան | Իրավունք
«Երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերն ու տեսախցիկները փորձաքննություն անցե՞լ են»:
«Փաստինֆո» գործակալության հարցին Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Դրանցով տուգանքներ են հաշվում, ինչպես կարող էին փորձաքննություն չանցնել»:
«Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք արագաչափերի հետ կապված վարորդների դժգոհությունը» հարցին Վահան Սահակյանը պատասխանեց. «Ինքս մեքենա վարել չեմ սիրում, մեքենա էլ չունեմ, որ իմանամ՝ արագաչափերի հետ կապված ինչ խնդիրներ են ընդհանրապես առաջանում: Եթե մեքենա ունենայի, գուցե այդ խնդիրներից տեղյակ լինեի, ինձ հետաքրքրեր, թե ինչ է կատարվում»:
Հիշեցնենք, որ «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշել էր, որ կազմակերպությունը բազմաթիվ դժգոհություններ է ստանում՝ կապված արագաչափերի հետ: Իսկ հարցին՝ արդյո՞ք դրանք անցել են փորձաքննություն, Է. Հովհաննիսյանը պատասխանել էր. «Պետք է որ անցած լինեն»:
«ՓԱՍՏԻՆՖՈ»