Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը


Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը

  • 04-07-2012 19:19:58   | Հայաստան  |  Մշակույթ

Հուլիսի 4-ին «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը հանդես եկավ փառատոնի բացմանն ընդառաջ մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը: Բանախոսները ներկայացրին նաեւ հատուկ մշկված համակարգը, որը փառատոնային ֆիլմերի ծրագիրըայս տարի արդեն հասու կդարձնի նաեւ բջջային ցանցում (mobile application): Ասուլիսի բանախոսներն էին. Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյան` Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Հարություն Խաչատրյան` «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Նուռ` դիզայներ Տաթեւիկ Մանուկյան` «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար «Ոսկե ծիրան» Երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Մրցանակն անվանվել է «Եղիցի լույս» եւ սահմանված է Հայ առաքելական եկեղեցու կողմից: «Եղիցի լույս» առաջին մրցանակը կշնորհվի աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Ժամանակակից ամենանշանավոր կինոռեժիսորներից մեկը` Ալեքսանդր Սոկուրովը, ծնվել է 1951թ. Ռուսաստանում: Շուրջ 20 վավերագրականների հեղինակը հատկապես հայտնի է իր խաղարկային ֆիլմերով: Խորհրդային տարիներին հաճախ ենթարկվելով ժամանակի իշխանությունների ճնշումներին` Սոկուրովի հռչակը վերելք ապրեց միայն Միության փլուզումից հետո, երբ նրա ֆիլմերն սկսեցին արժանանալ Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Մոսկվայի, Տորոնտոյի, Վենետիկի եւ եվրոպական այլ առաջնակարգ կինոփառատոների մրցանակների: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը «Ռետրոսպեկտիվ» ծրագրով կներկայացնի Սոկուրովի քառերգություն կազմող ֆիլմերը, մասնավորապես` 20-րդ դարի երեք տիրակալների` Լենինի, Հիտլերի եւ Հիրոհիտոյի մասին պատմող «Արեւ» (2005թ.), «Մողոք» (2008թ.) եւ «Ցուլ» (2001թ.) ֆիլմերը, ինչպես նաեւ քառերգությունն ամփոփող «Ֆաուստ» ֆիլմը, որ 2011-ին արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակին: Հիշեցնենք, որ Սոկուրովը նախկինում արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակի («Արեւ», 2005թ., Գլխավոր մրցանակ. լավագույն խաղարկային ֆիլմ), սակայն Հայաստան այս տարի կայցելի առաջին անգամ: «Եղիցի լույս» մրցանակ-արձանիկի հեղինակը ճանաչված դիզայներ Նուռն է: «Ոսկե ծիրան»-ի ծրագիրը այժմ արդեն բջջային ցանցում (mobile application) «Ոսկե ծիրան» Երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնն ուրախ է հայտարարել, որ այս տարի առաջին անգամ փառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասու կլինի նաեւ բջջային ցանցում. մշակվել է հատուկ բջջային ծառայություն (mobile application), որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների ամբողջական ծրագիրը` ներառյալ ցուցադրվող ֆիլմերի օրը, ժամը, վայրը, ինչպես նաեւ ֆիլմի մասին հակիրճ տեղեկատվություն: Ծրագիրը ներառում է նաեւ հիշեցման ծառայություն, որի միջոցով հնարավոր կլինի նշել նախընտրած ֆիլմը եւ բջջային հաղորդագրությամբ ցուցադրությունից մոտ երկու ժամ առաջ ստանալ հիշեցումը: Ծրագիրը կսկսի գործել հուլիսի 5-ից: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Փառատոնային ծրագրերում կներկայացվեն շուրջ 170 ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, որոնցից մոտ 90-ը կմրցեն չորս մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում: Փառատոնի բացումը կազդարարվի Համո Բեկնազարյանի «Շոր եւ Շորշոռ» ֆիլմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի Վահագն Հայրապետյանի` հատուկ այս ֆիլմի համար մշակված ջազային կենդանի ձեւավորմամբ: Բացման արարողության հանդիսավարը կլինի ֆրանսահայ դերասան Ժիրայր Բաբազեանը: Ֆիլմերի ցուցադրությունները կընթանան «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի դահլիճներում: Փառատոնային տրամադրությունը կապահովեն ամեն օր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացող ջազ համերգները: Փառատոնի ողջ ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում կցուցադրվի լուսանկարչական ցուցահանդես` ներկայացնող համաշխարհային կինոյի մեծ վարպետներին, ովքեր նախորդ տարիներին արժանացել են «Ոսկե ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր» մրցանակին համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար: Փառատոնը կամփոփվի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմի ցուցադրությամբ: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ