Զարուհի Փոստանջյան. «ԲՀԿ-ն ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի գրկում է» (Տեսանյութ)


Զարուհի Փոստանջյան. «ԲՀԿ-ն ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի գրկում է» (Տեսանյութ)

  • 06-07-2012 20:20:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


«Ես միանշանակ իմ կարծիքն ունեմ: Կամ լինում է այնպես, որ դու իշխանություն ես, կամ լինում է այնպես, որ դու ընդդիմություն ես: Քվեարկման խնդիր կա: Կամ դու պետք է քվեարկես ամբողջությամբ հօգուտ այդ կառավարությանը, կամ ի վնաս կամ դեմ՝ կառավարության օրինագծին: Սա տնտեսական օրինագիծ էր»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» վարչության անդամ Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե մտավախություն ունեք, որ ԲՀԿ-ի՝ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը եւ Սեւանա լճից մեծ քանակությամբ ջուր բաց թողնելու օրինագծին կողմ լինելը խաղե՞ր են: Մենք հիշեցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքերը, ըստ որի` ո՛ր օրինագիծը տեսնեն, որ հօգուտ մեր հանրությանն է՝ կողմ կլինեն, որը ոչ՝ դեմ կլինեն: Փոստանջյանը, սրան ի պատասխան պարզաբանեց, թե իրականում ի’նչ կա ԲՀԿ-ի մտքին. «Որը տեսնում ենք` հօգուտ մեր օլիգարխների է, մենք էլ ունենք այստեղ շինություններ, որոնք կարող են մտնել ջրի տակ՝ կողմ կքվեարկենք, որ հանկարծ այդ շինությունները չմտնեն ջրի տակ, իսկ որը որ մեր նախընտրական քարոզչութանը նպաստելու է, օրինակ, նախընտրական քարոզչությանը կարող է նպաստի այս կառավարության ծրագրին դեմ լինելը, քանի որ մենք ենք ուզում ունենալ մեր վարչապետը, մենք դրան դեմ կքվեարկենեք»: Մենք հստակեցրինք՝ այսինքն, ըստ Ձեզ, թատրոնային ինչ-որ խա՞ղ է՝ Զարուհի Փոստանջյանը չհամաձայնեց. «Թատրոն չէ, ուղղակի շահ է հետապնդում: Եվ շահն ակնառու է, մենք դա տեսնում ենք: Սա ոչ թե հետապնդում է համակարգային փոփոխություններ, իրական փոփոխություններին միտված, այլ սա ուղղակի այն հարցն է, որ համակարգային փոփոխությունների միտված որեւիցե գործընթաց մենք այստեղ չենք արձանագրում: Մենք հասկանում ենք, որ այստեղ նրանք ունեն իրենց խնդիրը, իրենց կողմից այս պահին վարչապետ ունենալու խնդիրը, դրա համար էլ այդպես են քվեարկել: Իսկ հենց որ գալիս են իրենց անձնական շահերին, որտեղ արդեն իրենց օլիգարխիայի ներկայացուցիչները կարող են տուժել, այստեղ արդեն իրենք ունեն իրենց շահերը եւ իրենց շահերից բխող որոշումնհեր են կայացնում եւ քվեարկում»: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց ընտրություններին ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքների մասին՝ ասելով. «Իրենք էլ են ընտրակաշառք բաժանելու միջոցով հայտնվել ԱԺ-ում: Դա գաղտնիք չէ, դա հրապարակված է, բոլորս տեղյակ ենք այդ մասին: Այնպես որ խոսել մի երեւույթի մասին, որտեղ դու էլ ես մասնակից , դու էլ ես այդ հանցագործության մի մասը եղել,ես կարծում եմ դա անբարո է»: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում ասաց, որ նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ականջներն են տեսնում ԲՀԿ-ի ետեւում, պարզապես ԲՀԿ-ին գցում են Սերժ Սարգսյանի գիրկը: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ե՛ւ Սերժ Սարգսյանի գրկում է գտնվում, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի գրկում է գտնվում: Հետեւաբար մեզ համար տարբերություն չկա՝ Ռոբե՞րտ Քոչարյանի գրկում է, թե՞ Սերժ Սարգսյանի: Նրանց երկուսի գրկում էլ գտնվում է ԲՀԿ-ն: Մենք որեւիցե մեկի գրկից հանելու խնդիր չունենք: Մենք խնդիր ունենք այսօր համակարգային փոփոխությունների, որոնք բացառվում են այս անձանց միջոցով եւ այս տիպի քաղաքական կուսակցությունների միջոցով»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ «Առավոտ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը