Տարոն Մարգարյան. Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ


Տարոն Մարգարյան. Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ

  • 09-07-2012 16:59:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Հանձնարարվել է խստորեն վերահսկել քաղաքապետարանի ծրագրերի իրականացման ընթացքը: Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխարգելման, ինչպես նաեւ հայտնաբերված ապօրինությունների վերացման մասով աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներն արձանագրվել եւ, ըստ այդմ, իրականացվել են շինությունների քանդման աշխատանքներ: Այս համատեքստում քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել նաեւ շինթույլտվությունների ժամկետների պահպանումը` գործնական քայլեր ձեռնարկելով նմանատիպ խախտումներ թույլ տված կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: «Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար: Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ, առավել եւս, որ տվյալ տարածքները, ըստ էության, ժամանակի ընթացքում վերածվում են խրոնիկ աղբավայրի»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել վերանայել նման տնտեսավարողների կողմից շինթույլտվությունների երկարացման հայտերի բավարարման մոտեցումները: 2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնամն աշխատանքների հետ կապված շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Զեկուցվել է նաեւ, որ կապալառու կազմակերպությունների կողմից վերացվել են նախորդ տարվա աշխատանքների գծով առաջացած թերությունները: Անդրադառանալով ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման հարցին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս նշել է, որ դրա վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա ու հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան օղակի պատասխանատուներին խստորեն հետեւել իրականացվող աշխատանքներին: <<Ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովումը կապալառուի պայմանագրային պարտականությունն է եւ ամեն օր պետք է վերահսկել դրա պատշաճ կատարումը: Պայմանագրային պարտավորություն է նաեւ սեփական միջոցներով թերի կատարած աշխատանքի վերացումը, բայց մեզ համար առավել կարեւոր է, որ ի սկզբանե բացառենք անորակ աշխատանքը, որով ոչ միայն կխնայենք ծախսվող ժամանակը, այլեւ լրացուցիչ անհարմարություններ չենք պատճառի մեր քաղաքացիներին:>>,-նշել է քաղաքապետն ու հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին որակի յուրաքանչյուր թերացում արձանագրելիս անմիջապես դադարեցնել աշխատանքներն ու պարտադրել կապալառուին պահպանել պայմանագրային պարտավորությունները: Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ամենօրյա հսկողություն է իրականացվել հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Զեկուցվել է նաեւ, որ ավարտվել է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների 5 մրցույթ, որին մասնակցել են 26 երթուղիներ: <<Քաղաքային իշխանության կողմից տարվող աշխատանքները պետք է տեսանելի ու շոշափելի լինեն մեր քաղաքացիների համար: Ըստ այդմ, մրցույթների ժամանակացույցը պետք է սահմանել այնպես, որ օր առաջ հասարակական տրանսպորտի սպասարկումն այլեւս չիրականացվի հնամաշ մեքենաներով:>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է, որ փորձարկման աշխատանքներ են ընթանում հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցկաների համակարգի տեղադրման ուղղությամբ: Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ եւս ամենօրյա հետեւողական աշխատանք տանել դրանց կատարման որակի ապահովման համար: Ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի զեկուցվել է, որ ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթական ցայտաղբյուրները: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող ցայտաղբյուրի հիմանորոգման համար Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում աշխատանքներ տանել դրա վերագործարկման նպատակով: Մայրաքաղաքում ընթացքող կանաչապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բուժվում եւ կրապատվում են վարչական բոլոր շրջաններում առկա ծառերը: Ընթացքի մեջ են նաեւ Աշտարակի խճուղու միջնամասերի եւ մայթերի հարակից տարածքների ճիմապատման եւ ձեւավորման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ կլուծվի նաեւ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության հարցը: Այգիներում, պուրակներում եւ կանաչ տարածքներում առկա չորացած եւ անկման վտանգ ներկայացնող ծառերի մասով զեկուցվել է, որ գույքագրումից հետո իրականացվում է սանիտարական էտում` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում տեղակայված «Լեռնային պար» հուշարձանի տեղափոխման, ինչպես նաեւ «Հուշարձան ընթերցողին» քանդակի տեղակայման վայրի ընտրության մասով Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քննարկվում են ներկայացված առաջարկություններն ու առաջիկայում կհստակեցվեն տեղադրման վայրերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն