Կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը


Կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը

  • 09-07-2012 15:50:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը: Ներկա էին Երեւանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաեւ հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին եւ ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց. «Ամեն անգամ հանդիպելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին` ոգեշնչվում եմ, որովհետեւ ծրագիրն իրոք այնքան հրաշալի է եւ գեղեցիկ, որ աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք է բերում հայ երիտասարդներին` համախմբում, մերձեցնում, միաժամանակ նրանց մեջ ամրապնդում ազգային մշակույթը, Մայրենի լեզուն պահպանելու, Հայրենիքը սիրելու զգացումը»: Ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի «Վիկտորիա եւ Գրիգոր Թյությունջյան» վարժարանի մայրենիի ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով «Արի տուն» ծրագրի իրականացման համար, նշեց. «Հայրենիքից դուրս լինել եւ մնալ հայ, ապրել հայկական ավանդույթներով դժվար է, սակայն ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը միմյանց են միացնում աշխարհի հայերին»: Ռուսաստանի Պերմի մարզի Հայկական մշակույթի կենտրոնի «Մեսրոպ Մաշտոցի» անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ժասմեն Հայրապետյանը ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրեց Պերմի հայկական համայնքի մասին գրքեր եւ դպրոցի գործունեության վերաբերյալ տեսաերիզներ: «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին կմասնակցի ԱՄՆ-ից, Վրաստանից, Կանադայից, Արգենտինայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Հոլանդիայից ժամանած շուրջ 200 երիտասարդ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն