Անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր՝ քրեակատարողական հիմնարկներում


Անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր՝ քրեակատարողական հիմնարկներում

  • 13-07-2012 11:46:38   | Հայաստան  |  Իրավունք

Պաշտպանը ոստիկանությունում եւ բանտերում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին եռամսյակային ամփոփում է ներկայացրել Վարչապետին. «Մեծարգո պարոն վարչապետ, Հանդիսանալով խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, մշտական դիտարկումներ են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, ոստիկանական հիմնարկներում եւ այլ անազատության կամ սահմանափակ ազատության վայրերում։ Սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 30 այցելություններ են իրականացվել նշված փակ եւ կիսափակ հաստատություններում։ Այցելությունների ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք կրում են շարունակական բնույթ եւ որոնց վերացման ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվել համապատասխան մարմինների կողմից։ Այսպես, ոստիկանությունում հաճախ խախտվել են բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները: Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսեւորման դեպքեր, մասնավորապես՝ հոգեբանական ճնշում, էլեկտրական շոկի կիրառում, դաժան ծեծ եւ այլ անմարդկային վերաբերմունք: Այս ամենի մասին մեր մշտադիտարկման խմբին հայտնել են ազատազրկվածները։ Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրվել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին: Ազատազրկման վայրերում հաճախ չի անցկացվել պատշաճ բուժզննություն։ Արձանագրվել են դեպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկվածների մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դեպքերում նույնպես բավարար չի եղել: Մասնավորապես, առկա են բուժանձնակազմի համալրվածության, համապատասխան բուժսարքավորումների եւ անհրաժեշտ դեղամիջոցների բացակայության, ինչպես նաեւ բժշկական փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման խնդիրներ: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50%-ի։ Խցերը գերծանրաբեռնված են։ Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով։ Հոգեբուժարաններում ծայրահեղ վատ կենցաղային պայմաններ են: Անբավարար պայմաններ են արձանագրվել նաեւ որոշ զորամասերում։ Մանկատներում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում իրականացվում է ոչ կանոնակարգված բուժսպասարկում։ Խնդրում ենք Ձեր միջամտությունը վերոնշյալ խնդիրների լուծման կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ այլ իրավասու մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու, ինչպես նաեւ այդ մարմինների կողմից Ձեր հանձնարարականների կատարման մասին հանրությանը ներկայացնելու առումով։ Այսուհետ եւս Ձեզ ամփոփ կներկայացվեն մեր մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկությունները եռամսյակային հաշվետվությունների միջոցով: Կից ուղարկում ենք Ազգային կանխարգելման մեխանիզմի կողմից 2012թ. մարտ-ապրիլ ամիսներին կատարած այցելությունների վերաբերյալ տեղեկանքը»։ Հարգանքով` Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Նոյյան տապան  -   Իրավունք