Քաղաքապետարանի խտրական մոտեցումը քաղաքացու նկատմամբ
13-07-2012 12:51:04 | Հայաստան | Իրավունք
Երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի մասնակից Սերգեյ Ավանեսյանը 2009 թվականից ի վեր բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետին` Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի /հնարավորության դեպքում՝ Ավան վարչական շրջանի/ տարածքում կրպակ տեղադրելու համար հողամաս տրամադրելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետարանն իր դիմումները մերժել է, չնայած նույն բակում այլ անձանց կողմից տեղադրվել են կրպակներ:
Պաշտպանի կողմից բարձրացված այն հարցին, թե ինչ իրավական հիմքերով է Երեւանի քաղաքապետարանը խտրական մոտեցում ցուցաբերել քաղաքացի Սերգեյ Ավանեսյանի նկատմամբ` նրան մերժելով, իսկ այլ անձանց տրամադրելով հողատարածք կրպակ տեղադրելու հարցում, Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ «պարզ չէ, թե դրանք ինչ կարգավիճակ ունեն, հետեւաբար չի հիմնավորվում միատեսակ փաստական հանգամանքներում անհավասար մոտեցում ցուցաբերելու փաստը»: Մինչդեռ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկատվությամբ հիմնավորվում է, որ տվյալ կրպակների համար հողատարածք տրամադրվել է Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա:
Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանի կողմից 2009թ. եւ 2011թ. կառուցապատման նպատակով այլ անձանց հողամաս տրամադրելը, միաժամանակ դրա վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն չտրամադրելը, hանգեցրել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ