Լիլիթ Գալստյան. «Քաղաքական դաշտն անբարո է դառնում նաեւ ժողովրդի գործարքի գնալու հետեւանքով»
18-07-2012 12:56:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իշխանության չարածն անում է փողոցը:
-«Հարսնաքարի» դեպքն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն 21-ը հավաքվեց: Ինչո՞ւ: Չէ՞ որ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի պատգամավորների ընդհանուր թիվը 54-ն է:
- Ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները երեքն են՝ ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն», եւ նրանք միասին ընդամենը 17-ն են: ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարել, ինչն ԱԺ կանոնակարգ-օրենքով է նաեւ նախատեսված, կարծեմ՝ որպես այլընտրանք են հանդես գալիս: Բայց սա չէ էականը. անկախ այն բանից՝ ընդդիմադիր ես, թե իշխանական, մարտահրավերը, կարծում եմ, բոլոր ուժերին էր ուղղված եւ հատկապես քաղաքական մեծամասնությանը։ «Հարսնաքարի» դեպքը պարզապես առիթ եւ պատճառ հանդիսացավ, որպեսզի մեր հասարակության մեջ կուտակված ընդվզումի ու անհաշտության ալիքը պայթեր։ Մենք վաղուց ենք առերեսվում մեր իրականության բոլոր երեսները ծածկող բռնության մշակույթի հետ, այլեւս բռնությունը մեր քաղաքական վարքագծի անբաժանելի մաս է դարձել: Քաղաքական դաշտը եւ նրա հիմնական քաղաքական պատասխանատուն՝ ՀՀԿ-ն, պիտի շահագրգիռ լիներ հարցի համակողմանի քննարկման հարցում եւ օգտագործեր ՀՀ թիվ մեկ քաղաքական ամբիոնը։ Եվ երբ քաղաքական գնահատականի մասին եմ խոսում, նախ քաղաքական ախտորոշումը նկատի ունեմ։
- Ինչպե՞ս եք մեկնաբանում ԲՀԿ-ի մի կողմ քաշվելը կամ ոչ էական մասնակցությունը, քանի որ ստորագրահավաքից առաջ շրջանառվում էր խորհրդարանական չորս ուժի անուն, այդ թվում ԲՀԿ-ն՝ որպես ոչ իշխանական ուժ:
- Ստորագրահավաքին մասնակցել-չմասնակցելը ոչ ընդդիմության, ոչ էլ չընդդիմության մենաշնորհը չէ. քաղաքական կամքի, քաղաքական անկեղծության, մաքրման եւ Հայաստանի ապագայի խնդիրն եմ այստեղ կարեւորում: Երեւույթի քաղաքական, բարոյական եւ իրավական գնահատականները համաչափորեն պետք է իրար լրացնեն: Սա այն դեպքը չէ, որ միայն իրավական գնահատական տալով բավարարվենք, սա անհրաժեշտորեն պահանջում է քաղաքական գնահատական, որովհետեւ բռնությունն ու ցինիզմը, անպատժելիությունը, ամենաթողությունն ու օրենքից դուրս «արժեքներն» այլեւս համակարգային բնույթ են կրում: Եվ իմ, հասարակության թիրախը միայն Ռուբեն Հայրապետյանը չէ, իմ թիրախը մեր հասարակության առողջացումն է, այն քաղաքական խաղի կանոնների բացառումը, որոնք պարարտ հող են ստեղծում այս տեսակի ու վարքագծի բարգավաճման համար:
- ԲՀԿ-ն պատճառաբանում էր, որ իրենց խմբակցության պատգամավորներն արտերկրում հանգստանում են: Արդյո՞ք սա բավարար արդարացում է:
- Որեւէ պատճառաբանություն ինձ համար ընդունելի չէ. չեմ ուզում առանձնացնել ԲՀԿ-ին, ոչ էլ Հանրապետականին ու «Օրինաց երկրին»: Այդ բոլոր քաղաքական ուժերը մայիսի 6-ից առաջ մեծ-մեծ խոստումներ էին տալիս, բարձրաձայնում իրենց ազգային հանձնառության, քաղաքական պատասխանատվության մասին: Սա հենց այն դեպքն էր, որ ցույց տվեց, թե որքան են կիսում երկրի ու ժողովրդի տագնապը. չի կարելի մոլորված ժողովրդին թողնել փողոցում: Այսօր միայն 6-7 խումբ պահանջում է Վահե Ավետյանի սպանության բոլոր մեղավորներին պատժել, երեւույթը հանգամանալի ուսումնասիրել եւ տալ գնահատական: Փոխանակ քաղաքական մեծամասնությունն օգտագործեր այդ առիթը, անտարբեր մնաց, եւ իշխանության չարածն անում է փողոցը, հասարակությունը:
Քաղաքական ուժերը, որ ազգային համերաշխությունից, ժողովրդի ցավից էին խոսում, այս դեպքը կոնկրետ ցավ էր, ինչո՞ւ են շպրտում, նույնիսկ եթե արձակուրդում են, թող թողնեն ու գան: Ի դեպ, այդ ժամանակ խորհրդարանի պաշտոնական արձակուրդը դեռ չէր սկսվել: Երկրի նախագահը նախընտրական շրջանում խոստանում էր քաղաքական դաշտը մաքրել մականունավորներից ու օլիգարխներից, ո՞ւր մնաց խոստումը. նրանք նորից հայտնվեցին խորհրդարանում: Խաղի կանոն ու քաղաքատնտեսական միջավայր է ստեղծվել, որ պաշտպանված լինելու համար քրեաօլիգարխիկ տարրը, գործարարը անպայման ձգտում են հայտնվել խորհրդարանում։ Եթե գործարարը վստահ լինի, որ ինքն օրենքով պաշտպանված է, օրենքի առաջ բոլորն են հավասար, ու իրապես իրավական երկիր ենք, երբեք իր գործը թողած՝ չի մտնի խորհրդարան: Երբեմն կարեկցում եմ նրանց, երբ տեսնում եմ, թե ոնց են տանջվում խորհրդարանում։
- Արդյո՞ք ԲՀԿ-ի պահվածքն անհասկանալի չէ: Տարեսկզբից ընդդիմադիր է խաղում, բայց վերջնարդյունքում անում է այն, ինչ իշխանությունն է ուզում:
- Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է իր վարքի համար պատասխան տալիս: ԲՀԿ-ն ուներ բավարար ձայներ, որ կարող էր միանալ ստորագրահավաքին, եւ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեր: Թող ժողովուրդն էլ ԲՀԿ-ի կեցվածքի համար որոշում կայացնի, թե որ դաշտում է գտնվում եւ որքանով է սպասարկում այն բոլոր նկրտումները, որոնց մասին հայտարարել է: Ամեն ինչ բաց է, հստակ է, պարզ է:
- Ի՞նչ եք կարծում, նախագահական ընտրություններո՞ւմ էլ նույնկերպ կվարվի ԲՀԿ-ն, թե՞ իր թեկնածուին կառաջադրի եւ կպաշտպանի մինչեւ վերջ, օրինակ, Վարդան Օսկանյանին:
- Քաղաքական զարգացումներն այնքան անկանխատեսելի են եւ շատ բազմաշերտ, որ ես հիմա կխուսափեմ որեւէ կանխատեսում անել, որովհետեւ ոչ ստանդարտ վիճակում ենք, եւ քաղաքական զարգացումների ենթատեքստում ոչինչ բացառված չէ: Ոչ միայն ներքին, նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները կարող են իրենց սցենարները պարտադրել: Ես չեմ ուզում ժողովրդին կանխորոշել, շատ կուզենամ, որ ինքն ունենա այդ խոհեմությունը եւ կողմնորոշվի: Իսկ մեր ժողովրդի մի ստվար զանգված այնուամենայնիվ գնաց գործարքի եւ իր առաջիկա հինգ տարին 15-25 հազար դրամ գնահատեց: Մենք անընդհատ խոսում ենք անբարո քաղաքական դաշտից, բայց խուսափում ենք խոսել այն բանից, որ այդ քաղաքական դաշտն անբարո է դառնում նաեւ ժողովրդի գործարքի գնալու հետեւանքով:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ»