Սակավահող Հայաստանի գյուղատնտեսությունը պարենային ապրանքների արտադրության ծավալներով չի կարող մրցակցել հարեւանների հետ: Սակայն էկոլոգիապես մաքուր արտադրության կազմակերպումը հնարավորություն կտա դուրս գալ մրցակցային շուկա, սպառողին ներկայացնելով պարենային այնպիսի մթերքներ, որոնց պահանջարկն այսօր մեծ է ամբողջ աշխարհում:
Էկոլոգիապես մաքուր արտադրանքի ուղղությամբ Հայաստանում առաջին քայլերն են կատարվում եւ առաջամարտիկներից մեկը` «ԲԻԳԱ» ՍՊԸ-ն է, որը Կոտայքի մարզի Ակունք համայնքի 9 հա հողատարծքի վրա գործունեություն է ծավալել 2010 թվականից: Նպատակը մեծ պահանջարկ վայելող հատապտուղների` ազնվամորու, մոշի, հաղարջի մշակության կազմակերպումն է մեզանում:
Այսօր` հուլիսի 18-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց նորաստեղծ տնտեսություն, ծանոթացավ վերջինիս գործունեությանն ու հեռանկարներին: Ծանոթություններ էր տալիս ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Եգանյանը, որը ներկայացրեց այստեղ կիրառվող ագրոտեխնիկական նոր սարքավորումները , մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգը ու նրա առավելությունները: Վերջիններս հնարավորություն են տալիս հա-ի միջին բերքատվությունը հասցնել 10-15 տոննայի: Սա բարձր ցուցանիշ է , սակայն իրացման մտահոգություններ տնտեսությունում չունեն, որովհետեւ ըստ տնօրենի, իրենց ողջ արտադրանքն արդեն կայուն սպառող ու հասցեատեր ունի` Արաբական Միացյալ Էմիրաթները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2013 թվականին նախատեսվում է կազմակերպել նաեւ ելակի մշակություն, որին կհատկացվի 2 հա տարածք: Այստեղ նույնպես հա-ի միջին բերքատվությունը բարձր կլինի` շուրջ 50 տոննա: Հատապտղից բացի ընկերությունը փակ գրունատային պայմաններում զբաղվում է նաեւ սնկի եւ բանջարենի առանձին տեսակների արտադրությամբ: