Նախարարները ստորագրել են համատեղ հրաման


Նախարարները ստորագրել են համատեղ հրաման

  • 20-07-2012 16:21:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման` "Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում ու սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագրի" վերաբերյալ: Համաձայն հրամանի` հաստատվել է համապատասխան գործողությունների ծրագիր, որի նպատակն է երեխաների կրթական եւ սոցիալական կարիքների գնահատման միջոցով առաջիկա տարիներին հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանության առավել նպաստավոր պայմաններ եւ նոր հնարավորութ յուններ, ինչպես նաեւ հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին ապահովել սոցիալական պաշտպանության երաշխիքներով: „Ստորագրված փաստաթուղթը մի յուրօրինակ ճանապարհային քարտեզ է մոտակա տարիներին նախատեսվող միջոցառումների համար, որը ենթադրում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, վերջիններիս` սոցիալիզացման բարձր աստիճանի ապահովում, հասարակությանն ինտեգրվելու եւ նրա լիարժեք անդամը դառնալու անարգել իրականացում, ինչպես նաեւ պետության` առավել նպատակային աջակցություն եւ օգնություն: Գործողությունների ծրագրի կարեւորագույն կետերից է նաեւ զատել սոցիալական կարիքներից դրդված երեխաների ընդգրկումն այն ուսումնական հաստատություններում, որոնք նախատեսված են բացառապես հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար: Վերջին տարիներին իրականացվող կրթական բարեփոխումների շնորհիվ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների թիվը նվազել է` շնորհիվ ներառականության սկզբունքի կիրառման. այսօր հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող շուրջ 95 դպրոց, որոնց թիվն ամեն տարի ավելանում է շուրջ 15-ով“,-նշել է Ար մեն Աշոտյանը` հավելելով, որ նշված գործընթացում նախարարության կարեւորագույն գործընկերներից են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաեւ խնդրով մտահոգ միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք սոցիալական գործընկերության շրջանակում, համագործակցում են նախարարության հետ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշել է, որ երեխաների պաշտպանության խնդիրը ՀՀ կառավարության գործողություների ծրագրում գերակա խնդիր է, որի համատեքստում, ըստ նախարարի, երեխաների կարիքների գնահատման հիման վրա պետք է ավելի նպատակային եւ հասցեական քաղաքականություն իրականացվի, եւ ստորագրված փաստաթղթով գործունեության նոր էջ է բացվում: Համատեղ հրամանով հաստատվել է գործողությունների ծրագիր, համաձայն որի` 2012-2013 թթ. նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես. • Կլրամշակվի "Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման եւ ազատման կարգը", որով կսահմանվի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր տիպ կունենա ընդունելության իր չափանիշները: • Մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառաջարկվի վերակազմակերպել որպես հատուկ դպրոց-կենտրոններ եւ այլընտրանքային ծառայություններ իրականացնող հաստատություններ: Հատուկ դպրոց-կենտրոնները կկազմակերպեն նախադպրոցական կրթություն եւ կհանդիսանան մեթոդաբանական եւ ծրագրերի մշակման ռեսուրս կենտրոններ ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար: • Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին կճանաչվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: • Կիրականացվեն հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ: • Կփոխվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափաքանակները եւ կմշակվեն մեխանիզմներ կարիքների ամրագրման համար: • Համաշխարհային առողջապահական կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա կմշակվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման չափորոշիչներ: • Հաստատությունների մասնագետների վերապատրաստում: • Հատուկ ուսումնական հաստատությունների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play