Հուլիսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ ուխտավորների` առաջնորդությամբ Գերմանիայի Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի խոսնակ Մատթիաս Քոփի:
Հանդիպման սկզբում Մատթիաս Քոփը նախ ներկայացրեց խմբի անդամներին եւ այցելության նպատակը, ապա տեղեկացրեց, որ ուխտավորներն ութ օրերի ընթացքում արդեն այցելել են Հայաստանի հայտնի պատմական վանքեր ու եկեղեցիներ:
Այնուհետեւ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունեց Հովակիմ Սրբազանը` իր խոսքում նշելով, որ Հայ Եկեղեցին առանձնակի սիրով է ընդունում Քույր Եկեղեցիների ուխտավորներին, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի հարուստ մշակույթին ու սրբազան ժառանգությանը եւ հաղորդ դառնալ քրիստոնեական հնագույն արժեքներին: Հովակիմ Սրբազանը հյուրերին նաեւ համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմության կարեւոր դրվագները, նվիրապետական կառուցվածքը, խորհրդային շրջանում Հայոց Եկեղեցու կրած դժվարությունները եւ եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը:
Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին` Սրբազան Հայրը նշեց, որ Հայ Եկեղեցին ջերմ հարաբերությունների եւ սերտ համագործակցության մեջ է քրիստոնեական Եկեղեցիների հետ. տեղի են ունենում եկեղեցականների փոխայցելություններ, ուսանողների փոխանակումներ եւ բազում համատեղ կրթական եւ սոցիալական ձեռնարկներ:
Հանդիպմանը Հովակիմ Սրբազանը պատասխանեց նաեւ ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրակացվող կրթական, քարոզչական եւ հասարակական գործունեությանը, ինչպես նաեւ ապագայի ծրագրերին: