Հեղափոխական բարեփոխումներ դատական համակարգում


Հեղափոխական բարեփոխումներ դատական համակարգում

  • 25-07-2012 12:37:11   | Հայաստան  |  Իրավունք
2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել մի շարք համակարգային, արմատական ու անգամ հեղափոխական բարեփոխումներ: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, բարեփոխումներով կապահովվի անկախ, արդյունավետ դատարանի ու արդարադատության կայացումը: Մասնավորապես, ըստ նրա, լուրջ ուսումնասիրություններ են անցկացվելու դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման վերաբերյալ եւ, ըստ արդյունքների, գուցե եւ այդպիսի սահմանափակում ամրագրվի: «Սա ըստ էության կլինի որոշակի հեղափոխական քայլ, իշխանությունների բաժանումից բխող հակակշիռների մեխանիզմով ու նաեւ հնարավորություն կտա բոլոր դատավորներին կամ նրանց մեծ մասին պաշտոնավարել որպես դատարանի նախագահ», - նշեց արդարադատության առաջին փոխնախարարը, պարզաբանելով, որ գաղտնիք չէ, որ դատավորի ներքին անկախության ամենախոցելի մասը դատավոր-դատարանի նախագահ փոխհարաբերություններն են: Ուստի այդ հարցը պետք է հիմնովին եւ մեկընդմիշտ լուծել, որպեսզի դատավորը նաեւ արտաքին ներգործություններին դիմակայելու բավարար ներուժ ու կարողություն ունենա: «Սա նույնպես գերխնդիր է, եւ սա նույնպես ամրագրված է ռազմավարությունում»,- ասաց փոխնախարարը: Կոնկրետ քայլեր կարվեն նաեւ ապահովելու գործերի բաշխման օբյեկտիվ, դատարանների նախագահներից անկախ համակարգի ստեղծումը: Ըստ Գ. Մուրադյանի, Հայաստանի նորագույն պատմության մեջ բազմիցս հռչակվել է դրա անհրաժեշտությունը, սակայն դեռեւս չի կենսագործվել: «Մենք ձեռնամուխ ենք լինելու առաջին հերթին նաեւ այս խնդրի լուծմանը, եւ բոլոր նախադրյալները կան, որ այդ խնդիրը գոնե մոտ ապագայում կլուծվի»: Ըստ արդարադատության առաջին փոխնախարարի, անհրաժեշտ է նաեւ ճշգրտել ու ապահովել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ընթացակարգերում արդարության պահանջների պահպանումը: Գ. Մուրադյանը գտնում է, որ այդ առումով հատկապես անհրաժեշտ է հստակեցնել ակնհայտ կոպիտ խախտման չափանիշները, որի շուրջ լուրջ ուսումնասիրություն է անցկացվելու՝ տարբեր միջազգային ու ազգային փորձագետների ներգրավմամբ: Ի տարբերություն շատ երկրների, որոնք այդ չափանիշները հստակեցնում են դատական պրակտիկայի կամ համապատասխան մարմինների որոշումների հիման վրա, Հայաստանն ընտրել է այլ ուղի՝ ելնելով պրակտիկայից, օրենսդրական ճանապարհով փորձել հնարավորինս հստակեցնել այդ չափանիշները: Փոխնախարարը մեծապես կարեւորում է (դա ամրագրված է ռազմավարության մեջ), որպեսզի որեւէ այլ մարմին չկարողանա իր որոշումներով կանխորոշել եւ դատավորի սխալը որակել որպես ակնհայտ կոպիտ: «Ներկայում, ցավոք, այդպես է: Վճռաբեկ դատարանն ունի նման իրավասություն: Այդ իրավասությունը պետք է վերացնել, որպեսզի Արդարադատության խորհուրդը առանց որեւէ կանխորոշիչ նախադրյալների լիովին անկախ գնահատի դատավորի կողմից իր գործունեության մեջ ակնհայտ կոպիտ սխալի առկայությունը: Ընդ որում, ոչ վճռի կամ այլ դատական ակտի բեկանումը, ոչ դատավորի կողմից ապացույցների գնահատումը, ոչ դատավարական այլ գործողությունների կատարումն ինքնին որեւէ կերպ չպետք է հանգեցնեն դատավորի հանդեպ կարգապահական վարույթի հարուցման, եթե նա օրենքը չի խախտել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: «Չափազանց կարեւոր գաղափար է, որն ամրագրվել է ռազմավարության մեջ, եւ սա պետք է ապահովի դատավորի իրական անկախությունը նաեւ հնարավոր կարգապահական վարույթի շրջանակներում: Արդարադատության առաջին փոխնախարարը միաժամանակ նկատեց, որ կարեւոր է երաշխավորել նաեւ այն անձանց շահերը, ում իրավունքները խախտվել են Արդարադատության խորհրդի կողմից որպես ակնհայտ կոպիտ սխալ որակված դատավորի գործողություններով: «Նման դեպքերի համար մենք նախատեսում ենք ուսումնասիրություն, որպեսզի Արդարադատության խորհրդի որոշումը դառնա որպես նոր երեւան եկած հանգամանք, եւ այդ գործերը վերանայվեն: Հակառակ դեպքում դատավորն ըստ էության պատասխանատվության է ենթարկվում, կրում է իր արժանի պատիժը, ինչպես ասում են, մյուս կողմից քաղաքացու իրավունքների վերականգնման վրա դա ազդեցություն չի գործում: Դա հակահամակարգային մոտեցում է, որը պետք է հաղթահարել»,- ասաց Գրիգոր Մուրադյանը: «Փաստինֆո» լրատվական գործակալություն
Նոյյան տապան  -   Իրավունք