Սիրիահայերին կառաջարկվեն համապատասխան կրթական ծառայություններ


Սիրիահայերին կառաջարկվեն համապատասխան կրթական ծառայություններ

  • 27-07-2012 15:02:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հուլիսի 27-ի համատեղ խորհրդակցության ընթացքում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները եւ լծակները` կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար: «Հասարակությունը եւս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ եւ մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու եւ մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաեւ սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից: Պետք է անել հնարավորը` դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ եւ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար»,- նշել է նախարարը: Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնեցին ԿԳՆ լրատվական ծառայությունից, անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ համաձայնություն: Նախարարը նշել է նաեւ, որ հիմնական դպրոցներում, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել` համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաեւ անհատական մոտեցման համատեքստում: Հանրակրթության վարչության պետին հանձնարարվել է նշված գործընթացն իրականացնել նաեւ ավագ դպրոցներում` մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց եւ հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ: Նշվել է, որ պետք է կազմակերպել արեւելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արեւմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռեւս չկա: «Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով` շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախեւառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաեւ գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արեւմտահայերենի մասնագետների»,-ընդգծել է նախարարը: Բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների կապակցությամբ էլ նախարարը նշել է, որ պետք է օբյեկտիվ, բայց հնարավորինս պարզեցված անցկացնել սիրիահայ դիմորդների այս տարվա ընդունելությունը. բացի այդ, առաջարկով դիմել բուհերին` նախապատրաստական բաժիններում ընդգրկված սիրիահայ ուսանողների վարձավճարը այս տարի հաշվարկել 50 տոկոս նվազեցված սակագներով: Ա. Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել արդեն ընդունված ուսանողների ծնողները, որոնք ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն մուծել իրենց երեխաների ուսման վարձը եւ խնդրել են այն սահմանել ոչ թե օտարերկրացիների, այլ տեղացի ուսանողների վարձավճարի չափով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակում դիպլոմների փոխճանաչման եւ վավերականության հետ կապված հարցերում հնարավորինս արագ արձագանքելու եւ իրավական նոր մեխանիզմներ եւ տարբերակներ մշակելու, ինչպես նաեւ` ծրագրային համադրության եւ դասագրքերով ապահովվածության խնդիրներ: Որոշվել է սիրիահայերի կրթական կարիքների բավարարման խնդիրներին օժանդակելու առաջարկով դիմել համահայկական կառույցներին: «Փաստինֆո» լրատվական գործակալություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play