Եվրոպական Շարժումը կարևորում է Հայաստանի տնտեսության արդիականացումը և համապատասանեցումը եվրոպական չափանիշներին
07-08-2012 10:32:58 | Հայաստան | Հասարակություն
Միջազգային Եվրոպական Շարժման Հայաստանյան Խորհրդի հայտարարությունը.
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանը առաջարկվող անդամակցությունը Եվրասիական Միությանը,
Ողջունելով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշվող թեզը առ այն, որ հեռանկարում անհրաժեշտ է ստեղծել ազատ առեւտրի տարածք Վլադիվաստոկից մինչեւ Լիսաբոն,
Ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ձեւավորված աննախադեպ սերտ փոխգործակցությունը քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ճանապարհին,
Փաստելով, որ Եվրոպական Միության ինտեգրվելու հեռանկարը Հայաստանում վայելում է հասարակության լայն շրջանակների աջակցությունը, ինչը արտացոլվում է Ազգային Ժողովում եւ քաղաքացիական հարթակներում,
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ավանդույթների հիման վրա ստեղծված ռազմավարական գործակցությունը,
Եվրոպական Շարժումը կարեւորում է Հայաստանի տնտեսության արդիականացումը եւ համապատասանեցումը եվրոպական չափանիշներին եւ նորմերին: Եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի համար, ինչպես եւ նախկինում այլընտրանք չպետք է ունենա, այն պետք է դիտվի իբրեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, հասարակությունների եւ ազգերի միջեւ համերաշխություն սերմանելու եւ վերջիններս արդիականացնելու, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մակարդակի բարձրացման բացառիկ պատմական հնարավորություն: Մյուս կողմից, չափազանց կարեւորում ենք Հայաստանին դաշնակից հետխորհրդային մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության ինտեգրումը նույն արժեհամակարգին: