Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը՝ Երևանում


Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը՝ Երևանում

  • 08-08-2012 12:43:38   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերիե շրջանակներում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը: Համերգին հնչեցին ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ աշխարհահռչակ այլ երաժիշտների ստեղծագործություններ: Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համերգի կազմակերպման համար, կարեւորեց, որ «Վարդանանց» երգչախումբը մասնակցելով «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին` դրեց իր անմոռանալի կնիքը եւ բարձր պահեց պոլսահայության պատիվը: Նա առանձնացրեց, որ երգչախմբի անդամների մի մասն առաջին անգամ է Հայաստանում եւ, որ նրանք հիացած են ու բառերով չեն կարող արտահայտել իրենց զգացումները: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց,-«Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իմ Հայաստան» փառատոնը տարերքի մեջ է եւ ընդունել է 40-ից ավելի խմբեր, սակայն այսպիսի պատկառելի խումբ, այսպիսի պատկառելի առաջնորդությամբ չէինք ունեցել: Երգչախմբի բաձրարվեստ կատարումները թողեցին մեծ տպավորություն եւ բոլորիս հոգին հոգեպարար, հոգեշունչ երաժշտությամբ այս գիշեր խաղաղվեց»: Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց պոլսահայությանը՝ Պոլսում հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելու համար: Եվ բարձր գնահատեց «Վարդանանց» երգչախմբի անդամների փայլուն ու բարձրարվեստ կատարումները: Այնուհետեւ տիկին Հակոբյանը երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաջյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ,Կոմիտասե մեդալով, իսկ երգչախմբի դաշնակարուհի, երգեհոնահարուհի Լուսի Գահվէճիօղլուին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր` ազգանվեր գործունեության, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ