Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալ
16-05-2011 11:01:49 | Բուլղարիա | Սպորտ
Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնության վերջին օրը մրցասպարեզը տրամադրվել էր մարտական սամբոյի ներկայացուցիչներին:
Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության, ոսկե մեդալ ունենալու Հայաստանի հավաքականի հույսերը կապված էին Վաչիկ Վարդանյանի /68կգ/, Անդրանիկ Նաղդալյանի /74/ եւ Մուշեղ Օսիպյանի /82 կգ/ հետ: Վերջինիս ելույթն անհաջող էր, իսկ Անդրանիկը, ով նախօրեին ուժերը չափել էր նաեւ մարզական սամբոյում, այս անգամ ավելի հաջող գոտեմարտեր անցկացրեց ու արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն, Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Վաչիկ Վարդանյանը պարզապես գերազանց դրսեւորեց իրեն ու հաղթելով բոլոր գոտեմարտերում, կանգնեց պատվո պատվանդանի վերին հարթակում ու հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:
Հիշեցնենք, որ հայ սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / եւ Աշոտ Դանիելյանը /74 կգ /, բրոնզե պարգեւների էին արժանացել մարզական սամբոյի մրցումներում: