Հարութ Սասունյան.Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը


Հարութ Սասունյան.Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը

  • 28-08-2012 12:49:11   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի գլխավոր իսլամական հոգեւորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա սյունակը լայն ուշադրության է արժանացել: Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների: Չնայած իմ սյունակները հաճախ են թարգմանվում եւ արտատպվում թուրքական լրատվամիջոցներում, սակայն անցյալ շաբաթվա հոդվածը գերազանցեց բոլոր ռեկորդները: Այն ամփոփ ձեւով հայտնվեց տասնյակ թուրքական թերթերում եւ կայքերում: Բացի այդ, հայտնի սյունակագիր Թահա Աքյոլը ծավալուն հերքում հրապարակեց «Հուրիեթ» թերթում, «CNN-Turk» լրատվականում եւ այլ հրապարակումներում: Աքյոլը աջակողմյան լրագրող է, որը «Գորշ գայլերի» առաջնորդ, ծայրահեղ ազգայնական Ալփասլան Թյուրքեշից իր հավատարմությունը թեքել է նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ նրա ղեկավարած իսլամիստական «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կողմը: Աքյոլն ինձ նկարագրում է որպես «հայկական Սփյուռքի կատաղի ղեկավարներից մեկը» եւ «ռազմատենչ Դաշնակ»: Թուրք ընթերցողներին իմ «արմատական» հայ լինելն ապացուցելու համար, Աքյոլը մեջբերում է կատարել իմ ավելի վաղ հրապարակված հոդվածից, որտեղ նշել էի, թե օրերից մի օր հայերը կարող են վերստանալ Արեւմտյան Հայաստանը, երբ չնախատեսված զարգացումներ տեղի ունենան տարածաշրջանում՝ ստեղծելով իշխանության վակուում: Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ իմ հայացքները դատապարտելու գործում Աքյոլին է միացել նաեւ նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Դեսպան Լյութեմն ինձ անվանելով «ծայրահեղ ազգայնական», միաժամանակ ներկայացնում է որպես մի անձնավորություն, որով «շատ հիանում եւ ում հոդվածները հաճախ ընթերցում են սփյուռքահայերը: Ի լրումն նրա գրվածքների արժեքավոր լինելուն, նա այն մարդն է, որին պետք է լրջորեն վերաբերվել՝ հայկական Սփյուռքի վրա նրա ունեցած ազդեցության պատճառով»: Աքյոլն իր հոդվածում ստանդարտ ժխտողական մարտավարություն է կիրառում՝ նվազեցնելով հայ զոհերի թիվը Ադանայում եւ հայկական ջարդերը կեղծորեն ներկայացնելով որպես հայերի ու թուրքերի միջեւ եղած բախում: Իրականում 30 հազար հայ է կոտորվել Ադանայում թուրք խուժանի կողմից, որին կատաղության էր հասցրել Իսմայիլ Հաքքըն՝ Ադանայի հարեւանությամբ գտնվող Բահչե գյուղաքաղաքի մուֆթին: Աքյոլի կողմից փաստերի կոպիտ խեղաթյուրումը հակասում է Օսմանյան կայսրության Նախարարների խորհրդի 1909 թվականի հուլիսի 31-ի որոշմանը, որը ջարդերի ողջ պատասխանատվությունը դրել է միայն գավառական թուրք պաշտոնյաների ուսերին: Ապարդյուն փորձելով իր խեղաթյուրված հայացքներն ավելի վստահելի դարձնել, Աքյոլը հայտարարում է, թե խորհրդակցել է պրոֆ. Քեմալ Չիչեքի՝ վարկաբեկված Թուրքական պատմական ընկերության տնօրենի հետ, որը «անցյալ ամիս գիրք է հրատարակել՝ «Վերադարձ Ադանայի 1909 թվականի դեպքերին» խորագրով»: Ի դեպ, գիրքը լույս է տեսել մեկ տարի առաջ, եւ Չիչեքը դրա հեղինակը չէ, այլ խմբագիրը մի հատորի, որը բաղկացած է 2009 թվականի Անկարայի համաժողովին ներկայացված բազմաթիվ ուսումնասիրություններից: Ի պատասխան Աքյոլի այն հարցին, թե արդյո՞ք թուրք մուֆթին ֆեթվա է արձակել, Չիչեքը իբրեւ թե հայտարարել է. «Ես ուսումնասիրել եմ Ադանայի դատարանի արձանագրությունները: Հայերն այն ժամանակ եւս նման պնդումներ են արել, սակայն այդպիսի փաստաթղթեր կամ վկաներ չեն հայտնաբերվել: Նման ֆեթվա բացարձակապես գոյություն չունի»: Հակառակ Չիչեքի պնդումների, մի շարք հիշատակումներ կան, որոնք հաստատում են թուրք մուֆթի Իսմայիլ Հաքքըի կողմից ֆեթվա արձակելու փաստը` այդ գազանությունները օրինականացնելու նպատակով: Չանաքալի «Մարտի 18-ի համալսարանի» պրոֆեսոր, դոկտ. Ալի Օսման Օզթուրքը 2009 թվականին «Milli Folklor» ամսագրում գրել է հետեւյալը. «Կառավարությունը Բահչեի մուֆթիին կախել է Դորթյոլում, որովհետեւ նա ֆեթվա էր արձակել, հայտարարելով, որ «հայերի արյունն ու ունեցվածքը «հալալ» են [կրոնով արտոնված]»: Ֆրանսահայ պատմաբան Ռեյմոնդ Գեւորգյանը եւս թուրքական ֆեթվայի մասին նշել է իր՝ «Հայոց ցեղասպանությունը. ամբողջական պատմություն» մեծածավալ գրքում, վկայակոչելով երկու աղբյուրներ. Զ. Դակեթ Ֆերիմանի «Երիտթուրքերը եւ ճշմարտությունը Հոլոքոստի մասին Ադանայում, Փոքր Ասիայում, 1909 թվականի ապրիլին», եւ թուրքական խորհրդարանական հանձնաժողովի դատավորներ Ֆայք Բեյի եւ Հարություն Մոսդիչյանի ներկայացրած զեկույցը: Դոկտ. Վահագն Դադրյանը նույնպես անդրադարձել է թուրքական տարբեր քաղաքներում մուֆթիների կողմից արձակված մի քանի ֆեթվաների, այդ թվում՝ Բահչեի մուֆթիի, որը «դաժանության ուժով եւ չափով գերազանցել է իր մնացած բոլոր գործընկերներին»: Այնուհետեւ, Դադրյանը մեջբերում է գերմանական «Berliner Tageblatt» թերթը, որտեղ ներկայացված է գերմանացի ականատես ինժեներների պատմությունները. «Մուֆթին հրահրում եւ քարոզում էր Բահչեի եւ դրա շրջակայքի մոլեռանդ ու քրեական բաշիբոզուկներին»: Ի պատիվ իրեն, Աքյոլը չի ժխտում եգիպտական ալ-Ազհարի վեհանձն Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի արձակած ֆեթվան: Աքյոլը հնարավոր է համարում, որ արաբ շեյխը նման ֆեթվա է արձակել: Ես կարող եմ նրան հավաստիացնել, որ այդպիսի ֆեթվա գոյություն ունի, քանի որ իմ ձեռքի տակ է այդ փաստաթղթի ֆոտոպատճենը, որից թարգմանաբար հատվածներ էին հրապարակվել անցյալ շաբաթվա իմ հոդվածում: Աքյոլը նաեւ ընդունում է, որ Բահչեի թուրք մուֆթիին կախել են Ադանայում իր կատարած ոճրագործությունների համար: Ավելի քան հարյուր տարի անց, ալ-Ազհարի Մեծն շեյխի ֆեթվան մնում է որպես առավել արժեքավոր փաստաթուղթ, հատկապես այս փոթորկալից ժամանակներում: Այս առաքինի ֆեթվայի եւ Մեքքայի Շարիֆի 1917 թվականին արձակած կարեկցող հրովարտակի պատճենները պետք է Հայաստանի կառավարությունը, եկեղեցու առաջնորդները եւ քաղաքացիական խմբերը տարածեն աշխարհի բոլոր մահմեդական պետություններում, նրանց դեսպաններին, լրատվամիջոցներին եւ մզկիթներում, հատկապես Թուրքիայում, Ադրբեջանում եւ արաբական աշխարհում: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն