Ցանկացած բժշկական դժբախտ ելք պետք է հաջորդվի փաստերի լիարժեք և անաչառ քննումով
04-09-2012 12:51:12 | Հայաստան | Իրավունք
Բժշկական Ազատ-Անկախ Արհմիության բաց նամակը (2),
«Հանրապետության Նախագահին,
Վարչապետին,
Առողջապահության Նախարարին,
Գլխավոր Դատախազին,
Մարդու Իրավունքների Պաշտպանին
Ս.թ. օգոստոսին 1-ին Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը (բուժաշխատողների խումբ` միավորված Ֆեյսբուք համացանցում) հանդես եկավ կոչով, ուր արտահայտում էր իր խոր ափսոսանքը` ս. թ. փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատանը» ծննդաբերության բուժօգնության ընթացքում մահացած Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան կապակցությամբ, եւ հղում էր իր ցավակցությունը նրանց հարազատներին: Միաժամանակ կոչ էր արվել դեպքի պատճառով ձերբակալված բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովին ազատ արձակել` մինչ վերջնական դատավճիռը: Մեր կոչը բխել է հետեւյալ տրամաբանությունից:
Մենք` բուժաշխատողներս, նույնպես հանդիսանում ենք հասարակության մասնիկ, ով ունի հարազատ, եւ մենք նույնպես նման դեպքերից ապահովագրված չենք: Մենք խորապես հասկանում ենք Ֆլորա Աբգարյանի հարազատների կորուստը եւ խիստ ցավում ենք այդ անդարձելի կորստի համար` միաժամանակ հասկանալով, որ ոչ մի ցավակցություն չի կարող ամոքել Ֆլորա Աբգարյանի հարազատների վիշտը: Միաժամանակ, մենք նաեւ անհանգստացած ենք` ապագայում նման խնդիրները կրկնվելու հնարավորության պատճառով:
Մեր անհանգստությունը հատկապես մեծ է այն պատճառով, որ գործի քննության ընթացքում չենք նկատում այն քայլերը, որ ուղղված կլինեին նվազեցնելու նման դեպքերի հետագա կրկնությանը: Ցանկացած բժշկական դժբախտ ելք պետք է հաջորդվի փաստերի լիարժեք եւ անաչառ քննումով, որ բխում է հասարակության շահերից եւ ուղղված է բարձրացնելու հասարակության վստահությունը բժշկի, ինչպես նաեւ արդարադատության համակարգի հանդեպ: Միաժամանակ, այդ դեպքի քննումը պետք է ուղեկցվի համապատասխան հետեւություններով եւ քայլերով` ուղղված հետագայում նման դեպքերի կրկնությունը հնարավորինս կանխելուն` ամեն ինչով նպաստելով, որ բուժաշխատողը գիտելիքներով, փորձով, եւ հնարավորություներով պատրաստ լինի պայքարելու բարդությունների դեմ:
Սակայն, ցավոք, ներկա պահին երեւում են քայլեր, որ միայն ուղղված են մեղավոր գտնելուն եւ նրան ազատազրկելուն: Հասկանում ենք, որ դժբախտ ելքով ավարտված իրավիճակներում, երբ առկա է համընդհանուր անվստահության մթնոլորտ, հաճախ ավելի հեշտ է մեկին դատել` հարազատների վիշտը դրանով փոքր ինչ «ամոքելու» համար, քան փորձել հարազատներին եւ ամբողջ հասարակությանը բացատրել, որ ցավոք, կան դեպքեր եւ իրավիճակներ, երբ ոչոք եւ ոչինչ ի զորու չէ հաղթահարել որոշ բարդություններ, եւ բացատրել որ դրա դեմ բժիշկը պայքարել է հնարավոր բոլոր միջոցներով, մինչեւ վերջ:
Հասարակության ցավը պետք է ավելի մեծ լինի` նաեւ այս անվստահության մթնոլորտի համար, ինչպես նաեւ նրա համար, որ դժբախտանում է նաեւ բժիշկն ինքը եւ իր ընտանիքը` բժշկի պարտականությունից բխող գործունեության արդյունքում: Մենք համոզված ենք, որ լավագույն հարգանքը այս անդառնալի կորստին` կլիներ պատմությունից դաս քաղելը` կատարելով քայլեր ուղղված ապագայում նման սխալները կանխարգելուն:
Սակայն այս 6 ամսվա ընթացքում մեզ հայտնի չէ ընդունված որեւէ որոշում կամ գործնական քայլ, որ ուղղված լիներ հաճախակի անէսթեզիա կատարող բուժհիմնարկներում աշխատանքային պայմանների բարելավվմանը (օր. երկու անէսթեզիոլոգի միաժամանակյա առկայություն, համապատասխան հանգստի ռեժիմով; կամ բարդ անէսթեզիոլոգիական դեպքերի համար` բրոնխոսկոպի կամ լարինգոսկոպի ձեռքբերում, որ կարող էր նման դժբախտ ելքի հնարավորությունը խիստ նվազեցնել): Այդ դեպքում ինչու՞ եք կարծում, որ հաջորդ անէսթեզիոլոգն իր գործն ավելի լավ է կատարելու, քան բժիշկ Մյագկովը: Հասկանալով, որ անփոխարինելի մարդ չկա, ամեն դեպքում տվե՞լ եք մենք մեզ այն հարցը, թե ո՞վ է փոխարինելու 30 տարվա անբասիր աշխատանքային փորձ ունեցող բժշկին: Չե՞նք անհանգստանում ապագայում հնարավոր նմանատիպ դժբախտությունների համար:
Մարդկանց մեջ սասանված հավատի պայմանում նույնիսկ անմեղ բժշկին արդարացնելն արդեն մեծ խնդիր է: Բայց պիտի հասկանալ, որ այդ հասարակության մի մաս կազմող բժիշկներն էլ ունեն նույն անվստահությունը` իրենց աշխատանքի ու ապագայի հանդեպ` իրենց զոհաբերված լինելու պատճառով:
Ցավոք բժշկի աշխատանքի հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխվել է: Այսօր երբ փրկում ես հազարավոր կյանքեր, դա ընդունվում է որպես սովորական աշխատանք, զուտ պարտականությունների կատարում: Հասկանալով, որ մեր` բժիշկների շարքերում կան մարդիկ, ովքեր ստվեր են գցում բժշկի անունի վրա, ամեն դեպքում վստահեցնում ենք, որ բժշկությունը դա լոկ արհեստ չէ:
Սիրելի հայրենակիցներ, բժիշկ հենց այդպես չեն աշխատում... Եթե բժիշկը հոգին չի ներդնում բուժման մեջ, հիվանդը հենց այնպես դեղեր խմելով չի բուժվում: Երբ հիվանդի կյանքը փրկվում է, դա առանց բժշկի ներքին դողի, ճակատից հոսող առատ քրտնքի, եւ առանց բժշկի լռելյայն աղոթքի չի լինում: Իսկ երբ հիվանդի սրտի զարկերը դանդաղում եւ դադարում են բժշկի ձեռքում, դա էլ հանուն կյանքի` առանց բժշկի պայքարի չի լինում: Ինչպե՞ս կարելի է նման աշխատանքային վաստակ ունեցող բժշկին` հասարակության անդամին մեկուսացնել հասարակությունից` առանց վերջնական դատավճռի: Ինչպես կարելի է նման մարդուն զոհաբերել` զուտ անվստահության մթնոլորտը ցրելու նպատակով: Եթե նույնիսկ մինչ դատավճիռ բժշկին չթույլատրեն էլ զբաղվել մասնագիտական գործով, մենք վստահ ենք, որ նման անձը, մնալով հասարակություն շարքերում, իր մարդկային արժեքների կիրառումով ավելի պիտանի կլինի հասարակության համար, քան առանց դատավճռի ձերբակալված`ճաղերի հետեւում:
Այդ պատճառով, հասարակությանը վտանգավոր չհանդիսացող անձի` բժշկի ձերբակալությունը ընկալում ենք որպես ճնշման առկայություն դատական համակարգի վրա: Նման պայմաններում դատական գործընթացի վերջն էլ լինելու է այն, որ զոհ է լինելու, ավելորդ անվստահությունից խուսափելու համար: Միթե դա իրական ամոքում է` եղած կորստի համար: Միթե մի ընտանիքի դժբախտությունը կնվազի մյուսի դժբախտության հաշվին: Մի ընտանիքի ցավի «մեղմացումը», առանց խնդրի իրական լուծման, բերելու է ապագայում նոր դժբախտությունների:
Մենք, բժիշկներս, որպես հասարակության մի մասնիկ, կոչ ենք անում հանրապետության Նախագահին, Վարչապետին, Առողջապահության նախարարին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին` միջնորդել փոխելու բժիշկ Վլադիմիր Մյագկովի խափանման միջոց կալանքը` չբացակայելու ստորագրությամբ, մինչ վերջնական դատավճիռը: Մենք հավատում ենք, որ հասարակության վստահությունը շահելու լավագույն տարբերակը ոչմիայն արդար դատական գործընթացն ու վճիռն է, այլեւ հետագա քայլերը` ուղղված հետագայում նման երեւույթները առավելագույնս կանխելուն` ի նպաստ մեր հասարակությանը եւ ի շահ մեր պետությանը:
Հույսով եւ հավատով հետեւելու ենք հետագա գործընթացի իսկապես արդար եւ պատճառաբանված քայլերի»:
Հարգանքներով`
«Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն»