Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը


Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը

  • 04-09-2012 14:00:53   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների հետագա զարագացման համար: Հայաստանի եւ Արգենտինայի կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հարաբերությունները դառնան ավելի բազմատեսակ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Արգենտինայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ կարեւորել տարբեր բնագավառներում կապերի հաստատումը: «Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: Ձեր կողմից ներկայացված ցանկացած առաջարկությանն Արգենտինան դրականորեն կարձագանքի: Այդ կամքն առկա է եւ մենք պետք է կարողանանք այն օգտագործել»,- նշել է Հեկտոր Մարկոս Թիմերմանը: Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առեւտրային պալատի գործունեության ակտիվացումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ-արգենտինյան բիզնես ֆորում, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի ընդլայնել եւ զարգացնել երկու երկրների գործարար կապերը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ծրագրերում, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում արգենտինյան կողմի հնարավոր ներգրավմանը: Զրուցակիցները քննարկել են նաեւ զբոսաշրջության, գիտության եւ առողջապահության բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ գործնական քայլերի իրականացմանն առնչվող հարցեր: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ արգենտինահայ համայնքին մեծ ուշադրություն դարձնելու եւ վերջիններիս խնդիրներին աչալուրջ լինելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական