Արմեն Աշոտյանն ընդունել է «Ինթել» կորպորացիայի պատվիրակությանը


Արմեն Աշոտյանն ընդունել է «Ինթել» կորպորացիայի պատվիրակությանը

  • 05-09-2012 17:52:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի "Ինթել" կորպորացիայի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել է, սակայն ոլորտը դիտվում է հեռանկարային եւ պահանջում է մշտական զարգացում: Նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում "Ինթել"-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերով: Ներկայացնելով կրթության ոլորտի գերակայությունները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2012-17 թվականների գործունեության ծրագրում ներառված է առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը: "Ինթել" ընկերությունը այս ասպարեզում հաջող փորձ ունի: Կրթության եւ գիտության նախարարը ընդգծելով, որ համակարգչային հագեցվածության ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտարկվում, կարեւորել է համագործակցությունն ուսուցիչների վերապատրաստման եւ հայերենով էլեկտրոնային կրթական բովանդակություն ստեղծելու հարցերում: "Մենք շահագրգիռ ենք հատկապես ուսուցիչների վերապատրաստաման ծրագրով, որը կնպաստի էլեկտրոնային դասընթացներ վարելու նրանց հմտության բաելավմանը, ինչպես նաեւ աշակերտ-համակարգիչ ցուցանիշի բարելավմամբ: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ",-նշել է նախարարը: Անդրադարձ է եղել նաեւ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների հենքային լաբորատորիայի ստեղծմանը: Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանն ու ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը ներկայացրել են կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերն ու հեռանկարները: "Ինթել" կորպորացիայի փոխնախագահ Քրիստիան Մորալեսը նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ակտիվ տեմպերով եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կողմերի համար կլինի արդյունավետ: Հանդիպման արդյունքում որոշվել է ՀՀ ԿԳ նախարարության եւ "Ինթել" կորպորոցիայի միջեւ համագործակցության հուշագիր նախապատրաստել՝ հստակեցնելով ծրագրերի իրականացման ժամանակացույցն ու եզրերը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play