Տիգրան Փաշաբեզյան. Ամանդա Փոլի փորձագիտական մտքի եւ Անի Ասատրյանի «բացարձակ արժեքի» մասին


Տիգրան Փաշաբեզյան. Ամանդա Փոլի փորձագիտական մտքի եւ Անի Ասատրյանի «բացարձակ արժեքի» մասին

  • 11-09-2012 14:31:48   | Հայաստան  |  Վերլուծություն

Առաջին մասը կարդալու համար սեղմեք այստեղ «Մի՛ ապրեք այն երկրում, որտեղ գերական օրենքը չէ՛», Կոնֆուցիոս: Ամանդա Փոլը նշում է. «Օրինակ՝ 2001 թվականին Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան, որտեղ անմիջապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան ներման արժանացրեց»: (2) Ցավոք սրտի՝ որքան բառ, այնքան անճշտություն, եւ համահարթեցման անթաքույց ցանկություն: Համահարթեցման մոլուցք եւ ջանք՝ հավասարության նշան դնելու զոհի ու հանցագործի, բռնակալի ու ազատատենչի, ենիչերու ու ազատամարտիկի, իրավունքը բռնաբարողի ու իրավատերի, ոճրագործի ու հերոսի... միջեւ: Իրականում Ռամիլ Սաֆարովի եւ Վարուժան Կարապետյանի գործերի միջեւ ոչ միայն նմանություններ չկան, այլեւ ակնհայտ են անհամապատասխանությունները: Դրանք ոչ միայն նման չեն, այլեւ լիովին հակադիր, նույնիսկ իրար բացասող իրողություններ ու եղելություններ են: Նշենք փաստերով: Ռամիլ Սաֆարովին պատրաստել էր Ադրբեջան պետությունը, նա Ադրբեջան պետության բանակի սպա էր, որ պետության կողմից էր ուղարկվել ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու: Վարուժան Կարապետյանը Արեւմտյան Հայաստանից բռնագաղթված Արեւմտյան Հայաստանի հայերի երրորդ սերունդն էր, ծնված տարագրության մեջ, նա կամավոր էր զինվորագրվել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին` պայքարելու իր պատկանած ժողովրդի ազատ ապրելու եւ ապագա ունենալու ոտնահարված ու անտեսված իրավունքների վերականգման համար: Սաֆարովի ետեւում նավթադոլարներով հղփացած Ադրբեջան պետությունն էր ու նրա հայտնի ու «գաղտնի» դաշնակից պետությունները: Վարուժանի թիկունքին պետություն չկար, եւ ոչ էլ կուսակցություն, եւ ոչ էլ համայնք` մեծ հաշվով, որովհետեւ հայկական համայնքներն ավանդական կուսակցությունների ազդեցության ոլորտներում էին: Վարուժանի թիկունքին նրա պատկանած կազմակերպության` ՀԱՀԳԲ-ի մարտական կառույցներն էին ու նրա մարտական ընկերները: Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության, բանտում անցկացրել է 8 տարի: Վարուժանը դատապարտվեց ցմահ արգելափակման, բանտում անցկացրել էր 18 տարի: Սաֆարովը այլատյաց ու ագրեսոր պետության ներկայացուցիչ էր, որը կազմակերպել էր պետության հայազգի քաղաքացիների ջարդերը Ադրբեջանում` նրանց բնակության վայրերում, ագրեսիա էր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հանդեպ (սահմանների նկատմամբ): Վարուժանը ցեղապանության ու բռնագաղթի ենթարկված ու իրավազրկված եւ աշխարհով մեկ սփռված ժողովրդի զավակն էր. ազատամարտիկ, Գրիգոր Ջանիկյանի դիպուկ բնութագրմամբ` արդարամարտիկ, որովհետեւ եւ՛ Վարուժանը, եւ՛ Նորագույն զինյալ ազատագրական պայքարին կամավոր կերպով զինվորագրված հայորդիները արդարության վերահաստատման արդարամարտիկներ էին եւ են: Սաֆարովի թիրախը, որի վրա գաղտագողի հարձակվել ու կացնահարել էր, փաստորեն դասընկեր սպան էր, անխռով քնած Գուրգեն Մարգարյանը, ում մտքով անգամ չէր անցնել, թե դասընթացների մասնակից ադրբեջանցի սպայի մտքում հայ սպանելու մուլուցքը, դաստիրակությունը (կներեք, այստեղ չեմ կարող գրել դաստիարակություն բառը) ու նախօրոք պատրաստված ծրագրավորումը կա, հնարավոր է` պետական: Վարուժան Կարապետյանի եւ նրա մարտական ընկերների թիրախը՝ մինչեւ ականաջները զինված, այն ժամանակ հավատարիմ դաշնակիցներով շրջապատված, Հայկական Հարցը վերջնականապես չեզոքացնելու վճռականությամբ գործի անցած պետության՝ ռազմավարական նշանակության կենտրոններն էին... որոնց պահապաններն ամենեւին էլ քնած չէին, կարելի է ասել, չէին էլ քնում: Սաֆարովի հարցով Ադրբեջանը կարող էր դիմել միայն արտահանձման խնդրանքով, բայց ոչ ավելին, որովհետեւ Սաֆարովը դատապարտված է ցմահ` առանց ներում հայցելու իրավունքի: Վարուժանը կարող էր դիմել ներում հայցելու խնդրանքով եւ մեկ անգամ այդպես էլ արեց, երբ ավարտվեց արգելափակման տասը տարին, սակայն մերժում ստացավ: Սաֆարովին արտահանձնեց Հունգարիան, պատիժն Ադրբեջանում կրելու խոստման դիմաց եւ ինչպես գիտեք (գիտակցաբար, թե անգիտակցաբար) չարաչար խաբվեց: Վարուժանին ներում էր շնորհել ֆրանսիան, մնում էր ընտրել արտահանձման երկիրը եւ Վարուժանը ընտրեց Հայաստանը; Այսինքն, Հայաստանին մնում էր տալ իր համաձայնությունը եւ ընդունել Վարուժանին: Սաֆարովին հերոսացնում է Ադրբեջան պետությունը նախագահի հրահանգով, նրա գիտությամբ եւ անմիջական մասնակցությամբ: Սաֆարովի հերոսության թեման վիճարկվում է ազնիվ ու արժանապատիվ բոլոր մարդկանց, այդ թվում եւ շատ ադրբեջանցիների կողմից: Վարուժանին հերոսացրել էր հայ ժողովուրդը, որովհետեւ իսկապես հերոսներ էին բոլոր նրանք, ովքեր պաշտպանեցին աշխարհում գրեթե բոլորի կողմից անտեսված, իսկ թուրքական պետության կողմից մինչեւ վերջ ոտնահարված հայության իրավունքները: Այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ վարչապետ` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, ընդունելության աեւժանացրին ժողովրդի կողմից արդեն իսկ ճանաչված ու ընդունված հերոսին: Շարքը կարող ենք երկարել, բայց ընթերցողին հնարավորություն տանք նաեւ ինքնուրույն գտնելու այլ անհամապատասխանություններ նույնպես: Ահա այսպես մեկ նախադասության մեջ այսքան կեղծիք է զետեղել Ամանդա Փոլը, այն դեպքում, երբ փորձագետը պարտավոր էր այս ամենն իմանալ, եթե հավակնում էր թեմայի շուրջ դատողություներ անել: Եվ թղթակիցը նույնպես, եթե խնդիր ուներ թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ, էլ չենք ասում այն մասին, որ թեմային տեղյակ թղթակիցը կարող էր իր կողմից շտկումներ մտցնել, եթե դրա կարիքը զգացվեր: Ինչպես տեսանք եւ համոզվեցինք շտկումներ անելու կարիքը զգացվում էր, թեկուզ եւ հարգելու համար հինգ տասնյակից ավել այն հայորդիների հիշատակը, ովքեր զոհվեցին` հայ ազատագրական պայքար - թուրքական պետություն անհավասար կռվում, բայց բարձր պահեցին իրենց ազգի պատիվն ու պաշտպանեցին նրա իրավունքը… եւ հաղթեցին, որովհետեւ ճամփա բացեցին արդարության ու իրավունքի մոտալուտ վերակագնման ու հաստատման, որ շարունակվեց Արցախյան ինքնաբուխ ազատամարտով ու փառավոր հաղթանակով, ինչի մեջ` թե նրանց լուռ ու վեհանձն ներկայությունը կար, թե՝ ողջ մնացած ընկերների մասնակցությունը: ------------------------------------------ Սասո՜ւնը… Արդեն ո՞րերորդ անգամ Նորից տեր դարձավ նոր Դավիթ մանկան, Որ - ինչո՞ւ սակայն - Կոչվեց… Անդրանիկ: Պարույր Սեւակ Անի Ասատրյանը մի բացարձակ ինքնավստահությամբ հայտարարում է. «ելակետ ունենալով ընդամենը մեկ առանցք՝ մարդը որպես միակ ու բացարձակ արժեք»: (3) Կարծում ենք այստեղ գործ ունենք մտքի փիլիսոփայական - իմացաբանական սխալի հետ, քանի որ խոսք կարող է լինել մարդու համար բացարձակ արժեքների, օրինակ, արեւ, բնություն, լեզվի, երաժշտության, լույսի... մասին: Այլապես, ստացվում է, որ հավասարապես բացարձակ արժեքներ են եւ՛ ազգասպան Թալեաթը, եւ՛ ազատարար Գարիբալդին, որպես մարդ: Մարդը կարող է լինել ոճրագործ, կարող է լինել հերոս: Ընտրությունը նրանն է, որտեղից էլ մեր համապատասխան վերաբերմունքն է նրա նկատմամբ: Իսկ մարդուն ճիշտ ընտրություն կատարելու օգնում է իսկապես բացարձակ մի արժեք՝ բարոյականությունը, որի անհրաժեշտությունը, մանավանդ մեր օրերում, շատ մեծ է՝ կարգավորելու համար մեր ժամանակաշրջանի խնդիրները եւ «բացարձակ արժեք» մարդուն մարդկային բնականոն հասարակություն վերադարձնելու կամ մարդկային բնականոն հասարակությունը «բացարձակ արժեք» մարդուն վերադարձնելու համար: Եվ այսպես՝ եթե գիտնականը բարոյական չէ, ապա նրա գյուտը զանգվածային ոչնչացման զենք է եւ ոչ թե էլեկտրականություն՝ լույս, եթե զինվորականը բարոյական չէ, նա ենիչերի է եւ ոչ թե խաղաղության ու անվտանգության պաշտպան, եթե գործարարը բարոյական չէ, նա խաբեբա է ու անվստահելի գործընկեր, եթե բանակը բարոյական չէ, նա ագրեսոր է, ոչ թե ազատարար, եթե փորձագետը բարոյական չէ, ապա նա փորձանք է հասարակության եւ երկրի դիվանագիտության համար, եթե խոսքը բարոյական չէ, նա այլակերպված այլանդակություն է՝ հայոյանք, եթե դիվանագիտությունը բարոյական չէ, նրա հետեւանքը մահ է ու ավեր, երբ ուսուցիչը բարոյական չէ, ապա աշակերտը փորձանք է հասարակության գլխին, եթե պետությունը բարոյական չէ, նա Դեր Զոր է, Օսվենցիմ, Գուլակ, եթե ազգը բարոյական չէ, նա ռասիստ է, ագրեսոր ու ցեղասպան, եթե դատավորը բարոյական չէ, նա անօրինականության տարածման ախտակիր է, եթե խոսքը բարոյական չէ, նա ավելի լավ է լսող չունենա, եթե գրավոր խոսքը բարոյական չէ, նա ավելի լավ է կարդացող չունենա, եթե առաջնորդը բարոյական չէ, ապա... քավ լիցի. մեզ անբարոյական առաջնորդներ պետք չեն: Ինչպես եւ այս խոսքին եզրափակիչ խոսք պետք չէ: Մենք հավատում ենք, որ Անին կգտնի փնտրածը եւ այն ժամանակ նրա միտքն ու խոսքը այլեւս լաբիրինթում չեն լինի, երբ կհասկանա այն պարզ ճշմարտությունը, որ մարդը նախ եւ առաջ բարու եւ բարոյականության կրող է եւ, ըստ այդմ, նաեւ տարածող, նաեւ մտքի ու խոսքի միջոցով: Միայն բարոյական մարդը կարող է լինել «Ե՛ւ շանթ, ե՛ւ շանթարգել», ինչպես եղան Հայոց մեծերը՝ Մաշտոցից – Նարեկացի…, Շիրակացուց – Համբարձումյան, Կոմիտասից – Խաչատրյան…, Ավարայրից – Սարդարապատ..., Բեռլինից – Շուշի..., Հայկից - Անդրանիկ… Մենք հաղթանակի մի ելք գիտենք. Հայոց մեծերին եւ Հայոց քաղաքակրթության մեծությանն արժանի լինելու ճամփան, որը Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության վերականգնման ու պահպանման ուղին է: Տիգրան Փաշաբեզյան «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագիր 10.09.2012 թ.
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play