Սիրիայի ճգնաժամը եւ Իրանը


Սիրիայի ճգնաժամը եւ Իրանը

  • 14-09-2012 17:50:52   | Հայաստան  |  Վերլուծություն
Արտաշես Տեր-Հարությունյան Օգոստոսի վերջին Իրանը հայտարարեց, թե իր զինված ուժերը մասնակցում են Սիրիայում ընթացող պատերազմին: «Մենք մասնակցում ենք [Սիրիայում ընթացող] ռազմական բոլոր տեսակի գործողություններին», օգոստոսի 27-ին իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Սահիբ ալ-Ամր» զորամիավորման հրամանատար, գեներալ Սալար Աբնուշը: Իսկ մի քանի օր անց միանգամից մի քանի իրանական լրատվամիջոցներ փոխանցեցին ԻՀՊԿ` անունը հրապարակել չցանկացող «մի բարձրաստիճան սպայի խոսքերը», որ «եթե ԱՄՆ-ը հարձակվի Սիրիայի վրա, ապա Թեհրանը գործի կդնի համատեղ պաշտպանության մասին [իրանա-սիրիական] պայմանագիրը, որը ալ-Ասադի հետ կնքվել է 2006-ին»1: Հասկանալի է, որ Բաշար ալ-Ասադի վարչակազմի անկումը կթուլացնի ոչ միայն Իրանի տարածաշրջանային ազդեցությունը` մեծացնելով նրա խոցելիությունն արտերկրից, այլեւ լուրջ հարված կլինի Իրանում իշխող վարչակազմի համար: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հերթական նախագահական ընտրություններին (2013թ. հունիս) մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ նախագահական վերջին ընտրություններն աննախադեպ բացասական հետեւանքներ թողեցին Իրանում իշխող իսլամական համակարգի վրա: Այս տեսանկյունից Թեհրանին կարծես թե այլընտրանք չի մնում, ու, անշուշտ, ավելի ձեռնտու է մարտնչել Սիրիայում, քան սեփական տանը: Ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ Սեպտեմբերի սկզբին թուրքական լրատվամիջոցներն ուշագրավ մի տեղեկություն հաղորդեցին, թե Սիրիայի հյուսիսում` Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններում գործող ապստամբների զորաջոկատներից շատերի հրամանատարությունն անցել է թուրք սպաներին: Ընդ որում, տեղեկությունը հրապարակվեց սեպտեմբերի 3-ին Անկարա ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Դեւիդ Պետրեուսի2 այցից հետո: Տեղեկությունը կարեւոր է այն իմաստով, որ ցույց է տալիս սիրիական ճգնաժամի դինամիկան` Բաշար ալ-Ասադին տապալել ցանկացող երկրները որոշում են կայացրել մեծացնել իրենց ներգրավվածությունը սիրիական պատերազմում, ինչը պետք է որ վկայի, թե առաջիկայում իրավիճակը Սիրիայում ու նրա շուրջ ավելի է սրվելու3: Մոտավորապես նույն ժամանակահատվածում` ամռան երկրորդ կեսից սկսած, ակտիվ շրջանառության մեջ մտավ սիրիական բանակի քիմիական զինանոցի մասին թեման: Այն շրջանառության մեջ դրեցին երկու կողմն էլ: Բաշար ալ-Ասադի վարչակազմն ու նրա դաշնակիցներն այդ կերպ փորձեցին ի ցույց դնել իրենց ռազմական կարողությունները: Սակայն արեւմտյան տերությունները, թեման շրջանառելով, խնդիր դրեցին մեծացնել ճնշումն ալ-Ասադի վարչակազմի նկատմամբ ու ցույց տալ աշխարհին, թե որքան վտանգավոր է այն, քանի որ խոսքը զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) մասին է: Սեպտեմբերին թեման զարգացում ստացավ: Ամերիկյան աղբյուրները գրեցին, թե ալ-Ասադի քիմիական զինանոցը տեղաբաշխվել է երկրի տարբեր մասերում, ինչը նշանակում է, որ այն վնասազերծելու համար արեւմտյան կոալիցիան պետք է մեծացնի իր մասնակցությունը սիրիական պատերազմում, այլապես ալ-Ասադի անկումից հետո զինանոցը կարող է հայտնվել իսլամիստ ահաբեկիչների ձեռքում: Ընդհանրապես, ԶՈԶ տարրը ցանկացած միջազգային ճգնաժամի հետ կապելը ցույց է տալիս, թե այն ինչ կարեւորություն է ձեռք բերել գլոբալ քաղաքականության համար (Հյուսիսային Կորեա, Իրան, սադամյան Իրաք, Լիբիան Քադաֆիի օրոք եւ այլն): Սիրիական խնդրի պարագայում այդ տարրի հայտնվելը, դարձյալ, խոսում է իրավիճակի սպասվող սրման մասին: Այն, որ ճգնաժամը Սիրիայի շուրջ սկսել է անմիջական ազդեցություն թողնել իրանական ուղղությամբ, հատկապես ակնառու դարձավ վերջին շաբաթներին: Իրավիճակը Լիբանանում սկսեց աստիճանաբար սրվել. երկրի շիա ու սուննի հատվածների միջեւ զինված ընդհարումներ տեղի ունեցան: Իրավիճակը սկսեց սրվել նաեւ լիբանանա-իսրայելական սահմանին: Հայտնի է Թեհրանի ազդեցությունը լիբանանյան «Հիզբալլահ» շարժման նկատմամբ, եւ 2006թ. իսրայելա-լիբանանյան պատերազմից հետո առաջին անգամ շարժման ներկայացուցիչները սկսեցին խոսել հրեական պետության հետ ռազմական բախման հավանականության մասին: Սեպտեմբերի 5-ին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ «Հիզբալլահի» առաջնորդ Հասան Նասրալան հայտարարեց, որ եթե Իրանը հարձակման ենթարկվի Իսրայելի կողմից, ապա պատասխան հարված կտրվի ոչ միայն հրեական պետությանը, այլեւ տարածաշրջանում եւ աշխարհում ամերիկյան հենակետերին4: Շատերը Նասրալայի այդ հայտարարությունն ընկալեցին որպես Իրանի կողմից իր լծակների ցուցադրում: Այս առումով ուշադրություն գրավեց նաեւ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «Համաս» շարժման առաջնորդներից` Մահմուդ ա-Զահարի այցը Թեհրան (սեպտեմբերի 9): Հատկանշական է, որ ա-Զահարի հետ Իրանի մայրաքաղաք էին ժամանել «Համասի» ուժային կառույցների մի շարք ղեկավար-ներկայացուցիչներ` շարժման զորամիավորումների հրամանատարի տեղակալ Մարվան Իսայի ղեկավարությամբ: Սեպտեմբերի կեսերին Պարսից ծոցում մեկնարկեցին ԱՄՆ ու նրա դաշնակիցների աննախադեպ մասշտաբի զորավարժությունները: Զորավարժություններին միայն ամերիկյան կողմից մասնակցում էին երեք ավիակիր խմբեր: Զորավարժությունների հիմնական նպատակ հռչակվեց միջազգային որեւէ ճգնաժամի պարագայում Հորմուզի նեղուցի շրջափակումը կանխելը եւ Պարսից ծոցում նավթի ու գազի արդյունահանման եւ տեղափոխման ապահովումը: Հայտնի են Իրանի բազմաթիվ նախազգուշացումները, որ իր նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում իրանական ուժերը կփակեն նեղուցը, որտեղով յուրաքանչյուր օր անցնում է աշխարհում տեղափոխվող նավթի գրեթե 1/4-րդը: Սակայն այս անգամ միջազգային փորձագետները ԱՄՆ ու նրա դաշնակիցների զորավարժությունները կապեցին սիրիական խնդրի հետ` որպես Իրանին ուղղված ուղերձ: ԱԷՄԳ նոր հաղորդումը Հատկանշական է, որ Սիրիայի շուրջ եւ իրանական ուղղությամբ լարվածության աճին զուգահեռ` օգոստոսի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հանդես եկավ նոր հաղորդագրությամբ, թե Իրանը զգալիորեն ընդլայնել է ուրանի հարստացման աշխատանքները` լրացուցիչ ցենտրիֆուգներ տեղադրելով միջուկային իր օբյեկտներում: Մասնավորապես, ըստ գործակալության, Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման գործարանում առկա ցենտրիֆուգների քանակը կրկնապատկվել է. տեղադրվել են լրացուցիչ 1500 ցենտրիֆուգներ, որոնցից 800-ը` վերջերս: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆորդոյի գործարանում արդեն 20% հարստացվող ուրանի քանակն ամռան երեք ամիսների ընթացքում 145 կիլոգրամից հասցվել է 190 կիլոգրամի: ԱԷՄԳ հաղորդագրության ֆոնին առանձնացավ այն տեղեկությունը, որ օգոստոսին իր պարտականությունների կատարմանն է վերադարձել հայտնի ֆիզիկոս, իրանական միջուկային ծրագրերի հիմնադիրներից մեկը համարվող Մոհսեն Ֆահրիզադեն, եւ որ հատուկ նրա համար իշխանությունները Թեհրանի մոտ ստեղծել են առանձին լաբորատորիա5: Հեռանկարի վերաբերյալ Փորձագետների գերակշիռ մասը համոզված է, որ տարածաշրջանում էական նոր զարգացումներ պետք է սպասել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Այսօր Միացյալ Նահանգներում ընթացող բավական լարված ներքաղաքական պայքարը զգալիորեն կաշկանդում է Սիրիայի եւ Իրանի ուղղությամբ Վաշինգտոնի քայլերը: Գաղտնիք չէ, որ վարկանիշով իր մրցակից Միթ Ռոմնիից շատ չտարբերվող Բարաք Օբամայի ու նրա թիմի համար այս պահին ամենեւին էլ ցանկալի չեն տարածաշրջանային գործընթացների խորացումը եւ ընդլայնումը, ինչը կարող է միջազգային նոր լարվածություն առաջացնել ու բացասաբար անդրադառնալ գլոբալ (այդ թվում նաեւ ամերիկյան) տնտեսության վրա: Այդ իմաստով, այլ իրավիճակ կարող է ստեղծվել ընտրություններից հետո: 1Սիրիայում իրանական ռազմական ներգրավվածության մասին վերջին շրջանում սկսեցին ակտիվորեն գրել նաեւ ամերիկյան ու եվրոպական լրատվամիջոցները: Սեպտեմբերի սկզբին The Times-ը, հղում կատարելով բրիտանական հետախուզության իր աղբյուրներին, գրեց, թե ամսվա սկզբին Իրանից Իրաք, իսկ հետո Սիրիա են ներթափանցել ԻՀՊԿ հատուկ նշանակության երկու զորամիավորումներ` 300 հոգի ընդհանուր թվաքանակով: 2Ընդհանրապես, ուշագրավ է, որ ԿՀՎ-ն գլխավորեց Իրաքում, իսկ այնուհետեւ ողջ Մերձավոր Արեւելքում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Դեւիդ Պետրեուսը: Նման նշանակումը պարզորոշ ցույց էր տալիս տարածաշրջանի նշանակությունն ամերիկյան գլոբալ ռազմավարությունում (եթե նկատի ունենանք նաեւ, որ վերջին տասնամյակում տարածաշրջանում է կենտրոնացվել ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող ամերիկյան ռազմուժի ամենախոշոր միավորումը): Այս առումով արաբական հեղափոխություններն ու Մերձավոր Արեւելքի վերաձեւման մասին դատողությունները, ըստ ամենայնի, դեռ չեն հասել իրենց վերջակետին: 3Այստեղ նշենք, որ ողջ ամառվա ընթացքում եվրոպական ու ամերիկյան մամուլում բազմիցս տեղեկություններ հրապարակվեցին Սիրիայում բրիտանական, ֆրանսիական ու կատարյան հատուկ նշանակության ջոկատների գործողությունների մասին: Իսկ ինչ վերաբերում է թուրքական մամուլի հաղորդած վերոնշյալ տեղեկությանը, ապա զուտ ռազմական տեսանկյունից այն կարող է վկայել Սիրիա թուրքական բանակի առաջիկա ներխուժման մասին: 4Այս կապակցությամբ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին ուշագրավ տեղեկություններ հրապարակեցին The New York Times-ն ու The Washington Times-ը: Առաջինը նախ գրեց, թե Կոստա Ռիկայի արտգործնախարար Էնրիկե Կաստիլիոն հայտարարել է, որ հարեւան Նիկարագուայի տարածքում Իրանը, որը լատինաամերիկյան այդ երկրի հետ հաստատել է սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, գաղտնի հենակետ է ստեղծել «Հիզբալլահի» զինյալների համար: Իսկ մոտ տասն օր անց, The Washington Times-ը տեղեկացրեց, որ ամերիկա-մեքսիկական սահմանին ձերբակալվել են «Հիզբալլահի» երեք զինյալներ: 5Հիշեցնենք, որ Ֆահրիզադեն աշխատանքից ազատվեց 2006թ., երբ ամերիկա-իրանական հարաբերություններում որոշակի մեղմացում էր նկատվում, իսկ 2007թ. դեկտեմբերին ամերիկյան հետախուզությունը հրապարակեց հայտնի զեկույցը, ըստ որի` դեռ 2003-ին Իրանը փակել էր միջուկային զենքի ստեղծման իր ծրագիրը: Այս առումով Մոհսեն Ֆահրիզադեի վերադարձը կարող է նշանակել, որ վերջին տարիներին Թեհրանը վերանայել է իր միջուկային ծրագիրը: «Նորավանք»
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play