Եզրակացություն՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի հիմքով դատավարության վերաբերյալ


Եզրակացություն՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի հիմքով դատավարության վերաբերյալ

  • 18-09-2012 13:48:54   | Հայաստան  |  Իրավունք

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Հայկ Բաբուխանյանի եւ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի կողմից ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ- ի եւ լրագրող Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի հիմքով դատավարության վերաբերյալ 1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ Պատասխանող «Խմբագիր» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող www.report.am էլեկտրոնային լրատվական կայքում 31.08.2010 թվականին տպագրվել է §§Իրավունքի¦ իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» վերնագրով ընդարձակ հոդված, որը հեղինակել է լրագրող Էդիկ Անդրեասյանը։ 11.11.2010թ.-ին դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ հոդվածն ամբողջությամբ պարունակում է վիրավորական եւ զրպարտող բնույթի արտահայտություններ, որոնցում շարադրված փաստերը չեն համապատասխանում իրականությանը եւ դատարանից պահանջել է պարտավորեցնել լրատվական ընկերությանը եւ լրագրողին՝ հերքելու հրապարակված արատավորող եւ զրպարտող բնույթի տեղեկությունները, ներողություն խնդրել հայցվորներից, ամբողջությամբ հրապարակել դատարանի վճիռը նույն լրատվամիջոցով: Այնուհետեւ, ավելացնելով հայցային պահանջի չափը, հայցել է յուրաքանչյուր պատասխանողին առանձին- առանձին պարտավորեցնել վճարել 1 մլն դրամ վիրավորանքի եւ 2 մլն դրամ զրպարտության համար՝ ընդհանուր առմամբ 6 մլն դրամ: 27.02.2012թ.-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժել է հայցապահանջը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի հիմքով, որը սահմանում է, որ անձը կարող է նշված հոդվածի հիմքով հայց ներկայացնել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին իրեն հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում։ Տվյալ դեպքում դատարանը պատճառաբանել է, որ հայցվորն իր հայցապահանջում կամ բանավոր դատալսումների ժամանակ որեւէ փաստարկ չի ներկայացրել այն մասին, որ 31.08.2010թ.-ին տպագրված հոդվածի մասին իրեն հայտնի է դարձել ավելի ուշ, քան տպագրված նյութի օրը, ինչի պատճառով էլ հայցվոր կողմը դատարան է դիմել 11.11.2010թ.-ին՝ այդպիսով բաց թողնելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետով նախատեսված մեկ ամսյա ժամկետը։ Հայցը մերժելու հետ մեկտեղ առաջին ատյանի դատարանը որոշել է հայցվորներից բռնագանձել 236.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի փոխհատուցում։ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը եւ իր հերթին որոշելով հայցվորներից բռնագանձել 390 000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար, իսկ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը՝ փաստորեն մերժելով բողոքի ընդունելիության մասին հարցը: Վճռաբեկ դատարանի 25.07.2012թ. որոշմամբ սույն գործով դատավարությունն ավարտվել է: 2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ Մինչեւ Վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. նախադեպային որոշումը դատարանները Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետը կիրառում էին տարաբնույթ մեկնաբանությամբ՝ վիրավորանքի եւ զրպարտության գործերով հայցային վաղեմության հարցը լուծելիս ստեղծելով իրավական անորոշություն եւ խառնաշփոթ: Օրինակ, թիվ ԵԿԴ/1708/02/10 գործով (Սուսաննա Բաղդասարյանն ընդդեմ §Հայք» թերթի խմբագրության) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սահմանել էր հայցային վաղեմության երեք տարվա ժամկետ եւ այդ հիմքով ընդունել էր հոդվածի հրապարակումից 2 տարի, 6 ամիս եւ 11 օր հետո բերված հայցապահանջը՝ Քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի հիմքով: Իսկ թիվ ԵԿԴ/2479/02/10 գործով (Բելա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի) առաջին ատյանի դատարանը սահմանել էր հայցային վաղեմության վեցամսյա ժամկետ՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի իմաստից բխեցնելով բացարձակ կանոն, համաձայն որի՝ հայցային վաղեմության ժամկետը որոշելիս անհրաժեշտ էր ընտրել հոդվածով սահմանված երկու ժամկետներից առավելագույնը՝ վեց ամսվա ժամկետը: Իր թիվ 9 որոշման մեջ Խորհուրդն արդեն հայտնել է իր դիրքորոշումը նշված խնդրի առնչությամբ՝ հայտարարելով, որ 1087.1 հոդվածի 13-րդ կետով իրականում սահմանվում է հայցային վաղեմության ոչ թե երկու, այլ մեկ ժամկետ՝ բաղկացած երկու տարրերից, որոնք, սակայն, գործում են որպես մեկ ամբողջություն: Այսինքն, եթե անձը բաց է թողել հայցային վաղեմության առաջին ժամկետը՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դատարան դիմելու հնարավորությունը, ապա անձը չի կարող դրա փոխարեն հիմնվել երկրորդ՝ վիրավորանքի կամ զրպարտության պահից հետո վեց ամսվա ընթացքում դատարան դիմելու ժամկետի վրա: Իր այդ եզրահանգման մեջ Խորհուրդը նաեւ նշել էր, որ անթույլատրելի է պնդելը, թե դատական ավելի լայն պաշտպանություն սահմանելու առումով կարելի է հիմնվել միայն երկրորդ ժամկետի վրա: Ի հակադրություն վերը շարադրված հակասական զարգացումների, որոնք երկար ժամանակ իրավաբանների եւ լրագրողական համայնքի մտահոգության առարկա էին, Խորհուրդը գոհունակությամբ արձանագրում է, որ վերջին ամիսների ընթացքում նշված հոդվածի կիրառության դատական պրակտիկան ձեռք է բերել միասնականություն՝ 1087.1 հոդվածի 13-րդ կետի միատեսակ կիրառմամբ: Մասնավորապես, սույն թվի հուլիսի 11-ին թիվ ՇԴ/1469/02/11 գործով1 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցապահանջը, գտնելով, որ հայցվորը խախտել էր վիճահարույց հրապարակման մասին տեղյակ լինելուց հետո մեկ ամսվա ընթացքում հայցապահանջ ներկայացնելու 1087.1 հոդվածի 13-րդ կետի պահանջը՝ անկախ այն հանգամանքից, որ նույն հոդվածով սահմանված վեց ամսվա ժամկետը դեռ չէր լրացել: Դատարանը մեկնաբանել է, որ §անհրաժեշտ է վերը նշված երկու ժամկետների միաժամանակյա2 առկայությունը՝ նախ վիրավորանքի կամ զրպարտության մասին հայցվորի իմանալու պահից չպետք է անցած լինի մեկ ամսից ավել ժամանակ, եւ վիրավորանքի կամ զրպարտության պահից չպետք է անցած լինի վեց ամսից ավել ժամանակ¦ (նույնանման եզրահանգման հանգել էր նաեւ Խորհուրդն 1 «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանն ընդդեմ «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ?ի նախագահ Լեվոն Բարսեղյանի: 2 Ընդգծումը մերն է: իր թիվ 9 որոշման մեջ): Սույն գործով իրենց որոշումներում առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները նույնպես կատարել են նույնանման եզրահանգումներ՝ մերժելով մեկ ամսվա ընթացքում դատարան դիմելու պահանջի խախտումով բերված հայցապահանջն այնպիսի հանգամանքի առկայության դեպքում, երբ դատարան դիմելու օրվա դրությամբ վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը դեռ չի լրացել: Կարեւոր է նաեւ նշել, որ տվյալ դեպքում վերաքննիչ դատարանն իր եզրահանգման համար վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. նախադեպային որոշման մեջ շարադրված եզրահանգումները հայցային վաղեմության ժամկետի վերաբերյալ, որտեղ Վճռաբեկ դատարանը կատարել էր հետեւյալ եզրահանգումը. «Օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմել բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մինչեւ վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը` դրանում ներառելով նաեւ զանգվածային լրատվամիջոցին հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետեւաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը»: • Հիմք ընդունելով վերը շարադրված դատական ակտերը, Խորհուրդը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի կիրառման առումով վերջապես ձեւավորվել է կայուն հաստատված դատական պրակտիկա: • Խորհուրդը նաեւ նկատում է, որ հայցապահանջը մերժելիս առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները որոշում են կայացրել հայցվորներից բռնագանձել բավականին շոշափելի գումար՝ 236.000 ՀՀ դրամ՝ որպես առաջին ատյանի դատարանում չվճարված պետական տուրքի փոխհատուցում եւ 390.000 ՀՀ դրամ՝ վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար, միասին՝ 626.000 ՀՀ դրամ, որը կազմում է հայցի գումարային պահանջի ավելի քան 10%-ը: Դատարանի որոշումը պայմանավորված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, համաձայն որի՝ հայցապահանջի մերժվելու դեպքում առաջին ատյանի դատարան ներկայացրած դիմումի դիմաց հայցվորներից գանձվում է գույքային պահանջի 2 տոկոսի չափով պետական տուրք, իսկ վերաքննիչ բողոքի դիմաց՝ գույքային պահանջի 3 տոկոսի չափով պետական տուրք: • Խորհուրդը գտնում է, որ օրենսդրության նման պահանջը՝ վիրավորանքի եւ զրպարտության գործերի իմաստով, նպաստում է, որպեսզի քաղաքացիները զերծ մնան անհարկի եւ անհեռանկարային գանգատներից, որոնցում բերվում են ոչնչով չարդարացված գումարային մեծ պահանջներ: Տեղեկատվական վեճերի խորհուրդ Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Մանանա Ասլամազյան -«Արմմեդիա» ծրագրի տնօրեն Բորիս Նավասարդյան - Երեւանի մամուլի ակումբի նախագահ Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Նոյյան տապան  -   Իրավունք