Տրնասպորտի, կանաչապատման եւ սանմաքրման ոլորտներում քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում եւ ներկայացնել այդ տարածքների Երեւան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու եւ ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքապետը հանձնարարել է նաեւ պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում:
<<Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ տարածքները գտնվում են բարձիթողի վիճակում եւ ավելորդ անհարամարություններ են ստեղծում: Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցները մեր քաղաքացիների հարմարավետ տեղաշարժի, ինչպես նաեւ մայրաքաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապահովման նպատակով>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին անդրադառնալով քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել տեղական եկամուտների ավելացման հնարավորությունների, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմների, ինչպես նաեւ բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել նաեւ <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> կիրարկվող նոր օրենքով ավտոկայանտեղիների համար տեղական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ: Առավոտյան եւ երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով իրականացվում է ուժեղացված հսկողություն: Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նոր ավտոբուսների շահագործման հետ կապված քաղաքապետը հանձնարարել է շարունակել ավտոբուսների վարորդների թափուր աշխատատեղերի եւ աշխատանքային լրացուցիչ պայմանների մասին ծանուցումը:
<<Մեր համաքաղաքացիները հաճախ բարձրացնում են աշխատատեղերի բացակայության հետ կապված հարցեր: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկություններում, ինչպես նաեւ ավտոբուսների շահագործումն ապահովելու համար այսօր մենք ունենք պահանջվող մասնագետների թափուր հաստիքներ: Ուստի պետք է ձեռնարկենք համապատասխան բոլոր միջոցները այդ աշխատատեղերի, ինչպես նաեւ առաջարկվող պայմանների մասին բնակչությանն իրազեկելու համար>>,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
<<Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մեկնարկել են հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը:
Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ավարտական փուլին է մոտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված 7 վերգետնյա հետիոտն անցումների կառուցումը:
Քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից գույքահարկի հետ կապված խնդիրների պարզաբանման, ինչպես նաեւ դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ կընդլայնվեն <<Մեկ պատուհան>> համակարգի ծառայությունները:
Մետրոյի <<Հանրապետության հրապարակի>> եւ <<Գարեգին Նժդեհ>> կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիվ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երեւան>> տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ եւ ցանկության դեպքում ապահովել հասարակական կառուցների եւ քաղաքացիների մասնակցությունը:
Շարունկավում է <<Մեր հանճարները մեր կողքին են՝ Երեւան քաղաքում>> նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատալով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, այդ թվում նաեւ տարբեր մարզաձեւերի առաջնություններ: