18-03-2011 15:24:37 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իր շահառուների համար պատրաստել է նորույթ` սոցիալական ապահովության քարտերի առցանց դիմումների ներկայացման ծառայություն: Այս ծառայությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ազատվել լրացուցիչ քաշքշուքներից, որն էլ իր հերթին ավելի կհեշտացնի սոցիալական քարտերի ձեռքբերման գործընթացը:
Այս նորույթը մարտի 18-ին «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: Սակայն այսքանով ասուլիսի ընթացում ներկայացվող նորույթները չսահմանափակվեցին:
Հայկ Չոբանյանը ներկայացրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված եւս մեկ նորամուծություն, որն այս անգամ արդեն առնչվում է աշխատաշուկային:
Շնորհիվ այս ծառայության, գործատուներն ու աշխատանք փնրողները կարող են անվճար գրանցվել եւ օգտվել նախարարության տեղեկատվական շտեմարանների հնարավորություններից:
Հ. Չոբանյանը տեղեկացրեց, որ սոցիալական պաշտպանության համակարգի տեղեկատվական բազաների անվտանգությունն ապահովելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու «Dotor Web- Central Azia» ընկերության միջեւ կնքվել է «Հակավիրուսային անվտանգության ապահովման» վերաբերյալ համագործակցության հուշագիր:
Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ու զարգացման ծրագրի շրջանակներում Հ. Չոբանյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի ՏՏ ենթակառուցվածքը, հատկապես` սոցիալական ոլորտի տեղեկատվական շտեմարաններից հարցումների միջոցով առցանց տեղեկատվության տրամադրման եւ հարակից շտեմարաններից հարցումների միջոցով առցանց տեղեկատվության ստացման մեխանիզմները: