Անօրինական որոշումների ու կոռուպցիայի պատճառով ոչնչանում են Երևանի հանրային տարածքներն ու քաղաքային մշակույթը


Անօրինական որոշումների ու կոռուպցիայի պատճառով ոչնչանում են Երևանի հանրային տարածքներն ու քաղաքային մշակույթը

  • 25-09-2012 11:59:29   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 24-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած էկոլոգիական հանձնաժողովի նիստին «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացրել է Երեւանի բոլոր հատվածներում օրինապահ քաղաքացիների կողմից արձանագրված ապօրինությունների մասին փաստերը: Նախաձեռնությունը ներկայացրել է նաեւ 23 առաջարկ-պահանջներ` Երեւանի հանրային տարածքների սպանդը կանգնեցնելու եւ էկոլոգիական աղետը կանխելու համար: Արձանագրելով այն փաստը, որ Երեւանում այլեւս չկան բավարար ծառեր մեր թոքերը սնուցող թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք), ինչպես նաեւ համատարած են ապօրինի որոշումներն ու Գլխավոր հատակագիծ-օրենքի խախտումները` «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացնում է 23 անհետաձգելի քայլեր, որոնցից հիմնականը հետեւյալն են. 1. Համատարած արգելք դնել Երեւանի ամբողջ տարածքում գտնվող եւ համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների վրա, սահմանազատել Երեւանի կենտրոնի շուրջը Նորքի, Մոնումենտի եւ այլ նախկին անտառածածկ գոտիները եւ դրանք հայտարարել արգելոցային տարածքներ, 2. 2013 թվականի Երեւանի բյուջեում կրկնապատկել կանաչ տարածքներին հատկացվող գումարը, սակայն փոխել ծախսելու փիլիսոփայությունը. ոչ թե կարճաժամկետ ծաղկապատում, այլ ծառաշատ գոտիների տեւական խնամք եւ վերականգնում, 3. Ցանկացած քաղաքաշինական որոշումից առաջ քաղաքապետարանի կողմից ակտիվ իրազեկել տվյալ տարածքի բնակչությանը եւ ապահովել քաղաքացու մասնակցությունը («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի դրույթներ), Քաղաքացու համար պետք է հասանելի լինեն Երեւանի բյուջեից բոլոր ֆինանսական ծախսերի, «Կանաչապատում ՓԲԸ»-ի կատարած ծախսերի մասին ու քաղաքաշինական որոշումների ընդունումից առաջ քննարկվող նախագծերի մասին տեղեկությունները, 4. Մաշտոցի պուրակի օրինակով Երեւանի հանրային պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով եւ բացառել դրանցում բետոնե կառույցների տեղադրումը, ապամոնտաժել Գլխավոր հատակագծին հակասող բոլոր շինությունները` վերադարձնելով դրանք հանրությանը, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը, 5. Այն դեպքերում, եթե հանրային զբոսայգիները շահագործում են մասնավոր ընկերություններ, վերջիններիս պարտավորեցնել զբոսայգին շահագործել Երեւանի համայնքի հետ պայմանագրով ամրագրված խիստ կանոնների համաձայն, 6. Երեւանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, այդ նպատակով պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, նրան վերապահել բացառապես հսկողությունը քաղաքաշինական օրենքների պահպանման նկատմամբ, 7. Բոլոր ճարտարապետների համար ապահովել ազատ եւ արդար մրցակցություն Երեւանի հանրային գոտիների համար կազմակերպվող նախագծման մրցույթներում, 8. Ստեղծել Երեւանի վարչական շրջանների կանաչ գոտիները եւ այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ` հետիոտն եւ հեծանվային ընթացքի անխափան շարժման համար, 9. Վերը նշված մոտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երեւանի քաղաքապետի եւ ավագանու որոշումներում: Ստորեւ ներկայացվող լուսանկարները վկայում են Երեւանում քաղաքային մշակույթի անկման, պաշտոնյաների կողմից օրենքի ոտնահարումների մասին, ինչի արդյունքում ՀՀ շարքային քաղաքացիները ստիպված են թողնել իրենց բուն զբաղմունքն ու վազել այս կամ այն ապօրինի շինարարությունը դադարեցնելու համար: Միայն վերը նշված արմատական քայլերը կարող են փրկել Երեւանը էկոլոգիական վերահաս աղետից ու դարձնել այն մայրաքաղաքին արժանի բարձր մշակույթի քաղաք: Մենք ակնկալում ենք քաղաքապետարանից թվարկված յուրաքանչյուր խնդրի համարժեք լուծում` ի շահ հանրության, որին պարտավոր է ծառայել քաղաքապետարանը: Այլապես առանձին սրբագրումները կամ նույնիսկ էկոլոգիական հանձնաժողովի ստեղծումը կմնան միայն լավ ցանկություններ եւ կկրեն ձեւական բնույթ: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Նոյյան տապան  -   Հասարակություն