Դոկտոր Նաոկո Իշիի
Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ
Տնօրեն եւ նախագահ
ԳԷՀ սեկրետարիատի էլեկտրոնային հասցեն: secretariat@thegef.org
Կրկնօրինակը՝ պրն. Արմեն Մարտիոսյան
Բնապահպանական Կառավարման Պորտֆոլիոյի Համակարգող
ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակ
Էլ. փոստ: Armen.Martirosyan@undp.org
Կրկնօրինակը՝ պրն. Հովհաննես Ղազարյան
ԳԷՀ Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի
Ազգային Համակարգող
Էլ. փոստ: hovhannes.ghazaryan@undp.org
Կրկնօրինակը՝ տիկ. Ելենա Մանվելյան
Հայաստանի Կանանց Առողջության եւ Առողջ Միջավայր ՀԿ նախագահ
ԳԷՀ ՀԿ-ների ցանցի անդամ
Էլ. փոստ: office@awhhe.am
«Հարգելի դոկ. Իշիի,
Մենք՝ «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս Հայաստանում, գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը ԳԷՀ Ծրագրի Գործակալությունների Հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի առաջընթացի հետ եւ բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու հնարավորության հետ: Մենք տեղյակ ենք, որ ՎՏԲ-ն ձախողել է համարժեք բնապահպանական ստանդարտները եւ այդպիսով չի բավարարում ԳԷՀ-ի հետ համագործակցությանը. համաշխարհային հաստատատություն, որ ձգտում է հասցեագրել գլոբալ բնապահպանկաան խնդիրները եւ աջակցել ազգային կայուն զարգացման նախաձեռնություններին:
Մենք տեղեկացել ենք, որ ԳԷՀ Խորհուրդն իր 2012թ. հունիսին տեղի ունեցած ժողովին հաստատել է 11 Գործակալությունների հավատարմագրման գործընթացի II փուլ անցնելը, որոնց թվում է ՎՏԲ բանկը: ԳԷՀ Քարտուղարության Հաստատագրման համար Ծրագրերի Գործակալությունների Հանձնարարականները փաստում են, որ ՎՏԲ-ն բավարարում է ԳԷՀ գործակալություն դառնալու համար պահանջվող 6 չափանիշներից 4-ին: Անշուշտ ՎՏԲ բանկն ունի դրամաշնորհներ տրամադրելու եւ լայնամասշտաբ գործունեություն ծավալելու համար ֆինանսական ռեսուրսներ եւ կարող է տրամադրել մասնագիտական ծառայություններ: Ինչեւէ, մենք կարծում ենք, որ ՎՏԲ-ն չունի բավարար ցանկություն եւ ոգի լավ բնապահպանական արդյունք ունենալու համար եւ չի բավարարում հավատարմագրման ամենաառանցքային չափորոշիչին՝ «համապատասխանությանը ԳԷՀ-ին»:
Մեր մտահոգությունների հիմքը Հայաստանում ՎՏԲ-ի գործունեությունն է, նրա ներդրումը բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին եւ իր անպատասխանատու վարքագիծը բնապահպանական համայնքի նկատմամբ: ՎՏԲ-ն վարկ է տրամադրում «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Հայաստանի հյուսիսում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրին: Հանքի տարածքը ընդգրկում է Թեղուտ անտառը, որը երկրի ամենալավ պահպանված անտառներից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, ներառյալ՝ 200 բուսատեսակ, 55 տեսակի կաթնասուն, 86 թռչնատեսակ, 10 տեսակի սողուն եւ 4 տեսակի երկկենցաղ: Այս տեսակներից շատերը հազվագյուտ են եւ վտանգված, 6 բուսատեսակ եւ 29 տեսակի կենդանի հաշվառված են Հայաստանի Կարմիր գրքում:
Ըստ փորձագետների հանքարդյունաբերական գործողությունները անխուսափելիորեն կհանգեցնեն Թեղուտի անտառի ամբողջական հատմանը, ջրային ռեսուրսների չորացմանը եւ հողի էրոզիային: Ամբողջական էկոհամակարգը, ներառյալ բուսատեսակները եւ կենդանիները վտանգի կենթարկվեն: Հանքի շահագործումը որպես արդյունք կունենա 500 միլիոն տոննա թափոն եւ 600 միլիոն տոննա տարբեր այլ թափոններ՝ ներառյալ արծաթ, ռենիում, կապար, արսենիում, մոլիբդեն, ցինկ, վտանգավոր խառնուրդներ եւ այլ քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են հանքանյութի կորզման արդյունքում: Այն կհանգեցնի Շնող գետի եւ նրա վտակների կուսական հովիտների աղտոտմանը, կազդի սննդի անվտանգության եւ մարդու առողջության վրա: Հսկայական պոչամբարի հնարավոր վթարի դեպքում ողջ տարածաշրջանը կկրի ազդեցություն, ներառյալ Դեբեդ գետի հովիտը, որը հատում է Վրաստանի Հանրապետության սահմանագիծը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ), որն իրականացվել է ACP ընկերության կողմից, համարժեքորեն չի հասցեագրում վերը նշված մտահոգությունները, չի տալիս կենսաբազմազանության կորուստների մասին լուրջ վերլուծություն, լիովին անտեսում է մարդկային առողջության հավանական վտանգները, արտակարգ իրավիճակները եւ միջսահմանային ազդեցությունները: ՇՄԱԳ-ն իրականացվել է հին մեթոդաբանությամբ, անհամապատասխան ազգային իրավական պահանջներին եւ միջազգային դրական փորձին ՝ տալով կեղծ տեղեկատվություն եւ ոչ ճշգրիտ հաշվարկներ, գնահատել է բնապահպանական վնասն ընդամենը առաջին 8 տարիների համար՝ 50-70 տարի տեւող ծրագրի դեպքում:
Թեղուտի հանքի շահագործումը հակասում է մի շարք միջազգային հռչակագրերի սկզբունքներին, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Անապատացման դեպ պայքարի մասին կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՈ-ի` համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիան, Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիան, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ)` Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպույի) կոնվենցիան, ՄԱԿ-Ի ԵՏՀ` Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մասին (Օրհուսի) կոնվենցիայի դրույթներ, որոնք ստորագրված եւ վավերացված են Հայաստանի կողմից: Թեղուտի հանքարդյունաբերության հետ կապված որոշումները խախտում են նաեւ ՀՀ Սահմանադրության դրույթները եւ մի շարք տեղական օրենքներ, ներառյալ ՀՀ հողային, Ջրային, Ընդերքի մասին օրենսգրքերը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի), Բուսական աշխարհի, Կենդանական աշխարհի մասին օրենքները: Այս խախտումները վիճարկվել են Հայաստանի դատարաններում, որոնք, այնուամենայնիվ, մերժում են ճանաչել հայկական ՀԿ-ների իրավական պահանջները: Խախտումները նաեւ հաղորդվել են Օրհուսի Հռչակագրի Համապատասխանության Կոմիտե, որը ճանաչել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Հռչակագրում ամրագրված իր պարտականությունները :
Չնայած աղետաբեր հետեւանքներով վերոնշյալ մտահոգություններին եւ որոշումների կայացման անօրինական գործընթացներին՝ ՎՏԲ-ն շարունակում է աջակցել այս հակասական ծրագիրը: Չնայած, որ Դեռեւս 2008թ.-ից, երբ ստորագրվեց վարկի տրամադրման պայմանագիրը ACP ընկերության հետ, բնապահպանական ակտիվիստները փորձում էին կապվել ՎՏԲ գրասենյակների հետ, թե՛ Երեւանում, եւ թե՛ Մոսկվայում՝ ներկայացնելու եւ քննարկելու Թեղուտում հանքարդյունաբերության հետեւանքները, բոլոր այս փորձերը անհաջող էին: ՎՏԲ-ն երբեք չի տրամադրել պատասխան մեր հարցումներին, որոնք ուղղված են եղել բանկի Կառավարման Խորհրդի Նախագահ Անդրեյ Կոստինին եւ Գործադիր Գլխավոր Տնօրեն Վալերի Օվսյաննիկովին՝ եւ մերժել է յուրաքանչյուր հանդիպում Հայաստանի բնապահպանական ակտիվիստների հետ: Սոցիալապես պատասխանատու վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ ՎՏԲ-ի ձախողումը՝ հանգեցրել է մի շարք բողոքների ակցիաների բանկի երեւանյան գրասենյակի դիմաց:
Մենք խնդրում ենք ԳԷՀ Խորհրդին իր՝ ԳԷՀ Ծրագրերի Գործակալությունների Հավատագրման Գործընթացի շուրջ որոշումների կայացման ժամանակ հաշվի առնել ՎՏԲ-ի գործողությունները Հայաստանում: Մենք խորապես համոզված ենք, որ ԳԷՀ-ի վստահելի գործընկեր համարվելու համար ՎՏԲ-ն ազնվության պակաս ունի, որպեսզի պատշաճ կերպով կատարի ԳԷՀ առաքելությանը համապատասխան իր պարտականությունները, եւ որպեսզի այս հայտնի եւ հարգարժան կառույցի նկատմամբ չխաթարվի մարդկանց վստահությունը: ՎՏԲ այս գործողությունների անտեսումը կասկածի տակ կդնի ԳԷՀ որոշումների կայացման անկողմնակալությունը եւ ԳԷՀ՝ սկզբունքներին եւ արժեքներին հետեւողականության որակը:
«Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը ակնկալում է լսել ձեր տեսակետը նկարագրված իրողության մասին: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ինտերնետում :
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը սոցիալական ցանց է, բաղկացած ավելի քան 6600 մարդուց, ում նպատակն է պահպանել Թեղուտի բնաշխարհը: Այն համախմբվել է 2007թ.-ին, Հայաստանի Կառավարության մի որոշումից հետո, որով թույլատրվեց հանքարդյունաբերությունը, եւ մոբիլիզացվեց սոցիալական հակազդեցությունը ամբողջ երկրով մեկ՝ ստորագրահավաքների, հանրային լսումների, մամլո ասուլիսների, բողոքի ակցիաների եւ ցույցերի միջոցով»:
Հարգանքներով՝
Լենա Նազարյան
Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնության անդամ
Սեպտեմբեր 6, 2012