Ութամյա փոքրիկը Թբիլիսիից տեղափոխվել է Երևան


Ութամյա փոքրիկը Թբիլիսիից տեղափոխվել է Երևան

  • 28-09-2012 12:02:19   | Հայաստան  |  Հասարակություն

Ինչպես տեղեկացրել ենք, ութամյա Մարի Մովսիսյանը ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ երեկ Թբիլիսիից տեղափոխվեց Երեւան։ Ուշ երեկոյան աղջնակն արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում էր։ Ռեանիմոբիլում նրան ուղեկցող ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Կոնստանտին Քրմոյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 18-ին Վրաստանի տարածքում արձանագրված ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Քոբուլեթիի, ապա Թբիլիսիի հիվանդանոցներ։ Երկու անգամ վիրահատվելուց եւ բուժում ստանալուց հետո ընդհանուր վիճակի որոշակի բարելավումը հնարավորություն է տվել մասնագիտացված մանկական վերակենդանացման ծառայության միջոցով աղջկան տեղափոխել Երեւան։ Նա նշեց, որ թեեւ երեխայի կենսական ֆունկցիաները` շնչառություն, սրտի աշխատանք, հեմոդինամիկա, կայուն են, սակայն վիճակը մնում է ծանր, դեռեւս գտնվում է կոմայի մեջ։ ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային զննեցին վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, նյարդավիրաբույժ Մարգար Մարտիրոսյանը, այլ մասնագետներ։ Կատարվեց նաեւ համակարգչային տոմոգրաֆիա։ Այլ հետազոտությունների արդյունքներով կպարզաբանվի հետագա բուժման տակտիկան։ Մինչ այդ երեխան կստանա ուղեղի աշխատանքը խթանող եւ վերականգնողական, ինչպես նաեւ հակաբորբոքային բուժում, քանի որ օրեր առաջ մենինգիտ է տարել։
Նոյյան տապան  -   Հասարակություն