Լուիզա Վարդանյան. «Հայաստանում գյուղական համայնքներում գրեթե ամեն երկրորդ ընտանիքն ապրում է բնակության համար անբավարար պայմաններով կացարանում»


Լուիզա Վարդանյան. «Հայաստանում գյուղական համայնքներում գրեթե ամեն երկրորդ ընտանիքն ապրում է բնակության համար անբավարար պայմաններով կացարանում»

  • 01-10-2012 16:05:39   | Հայաստան  |  Բարեգործություն

Հոկտեմբերի 1. Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան նշում է Հաբիթաթի համաշխարհային օրը Կոչ աջակիցներին. նվիրաբերեք՝ անբավարար բնակարանային պայմանները վերացնելու համար Երեւան, 1 հոկտեմբերի, 2012թ.: Հաբիթաթի համաշխարհային օրվա կապակցությամբ Հաբիթաթ ֆոր Հյումենիթին ամբողջ աշխարհով մեկ հարյուրավոր միջոցառումներ է կազմակերպում՝ անբավարար բնակարանային պայմանների վերացման խնդրին եւ աշխարհում արժանապատիվ բնակարանային պայմանների կարիքի բավարարմանն ուղղված քայլեր ձեռնարկելու եւ խնդրի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Հաբիթաթի համաշխարհային օրը, որն այս տարի նշվում է հոկտեմբերի 1-ին, հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ քաղաքների եւ մեգապոլիսների դրության եւ բոլոր մարդկանց համար պատշաճ կացարանի հիմնարար իրավունքի ապահովման վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Այս տարի, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը (ՀՖՀԱ) կոչ է անում իր աջակիցներին նվիրատվություն կատարել ՀՖՀԱ-ին՝ հետեւյալ ինտերնետային էջ մուտք գործելու միջոցով՝ www.habitat.org/donate/armenia : Այս վիրտուալ խնդրագրով առանցքային որոշում կայացնողներին առաջարկվում է ճանաչել բնակարանային խնդրի կարեւորությունը բոլոր համայնքներում, գերակա խնդիր դարձնել մատչելի ու պատշաճ բնակարանային պայմանների ապահովումը եւ կանխել այն համակարգերի եւ քաղաքականությունների կիրառումը, որոնք հանգեցնում են անբավարար բնակարանային պայմանների առաջացմանը: «Հաշվի առնելով ընտանիքների մեծ թիվը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում գտնելու մի պատշաճ կացարան, որը կարող են տուն անվանել, Հաբիթաթի համաշխարհային օրը կարեւորվում է նրանով, որ բարձրաձայնում է այն մասին, թե ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ անբավարար բնակարանային պայմաններն ամբողջ համայնքի վրա՝ լինի այն քաղաքային թե գյուղական»,- հայտարարել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Ռեքֆորդը: «Բնակության համար անբավարար պայմաններով կացարանների խնդրի վերջնական լուծման գրավականը պետական, մասնավոր եւ սոցիալական հատվածների համատեղ աշխատանքն է՝ ի օգուտ բոլոր կողմերի: Բոլորի համար բարելավված բնակարանային պայմանների ապահովման աշխատանքի շուրջ համախմբումը կօգնի ստեղծել մի աշխարհ, ուր յուրաքանչյուր ոք ունի բնակության արժանապատիվ վայր»: «Մեր ուսումնասիրությունների հիման վրա պետք է ցավով նշենք, որ Հայաստանում գյուղական համայնքներում գրեթե ամեն երկրորդ ընտանիքն ապրում է բնակության համար անբավարար պայմաններով կացարանում»,- նշեց Լուիզա Վարդանյանը, ՀՖՀԱ-ի գործադիր տնօրենը: «ՀՖՀԱ-ի նպատակն է 2013 ֆինանսական տարվա ընթացքում աջակցել եւս 960 ընտանիքի»: Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի կողմից 2012թ. Հաբիթաթի համաշխարհային օրվա համար ընտրված խորագիրը՝ «Շատ տներ, մեկ համայնք» ինքնին մատնանշում է այն կարեւորագույն դերը, որ արժանապատիվ եւ մատչելի կացարաններն ունեն համայնքի կայունության եւ զարգացման գործում: Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Հաբիթաթ ֆոր Հյումենիթին եւ նրա ազգային գրասենյակները ամբողջ աշխարհում կազմակերպելու են Հաբիթաթի համաշխարհային օրվան նվիրված հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ շինարարական մեկօրյակներ, ֆլեշմոբեր, շքերթներ, բնակարանային պայմաններին նվիրված ֆորումներ եւ նմանօրինակ միջոցառումներ՝ ապահով, արժանապատիվ եւ մատչելի կացարանի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու համար: Միավորված ազգերի կազմակերպությունը դեռեւս 1985թ. հռչակեց, որ Հաբիթաթի համաշխարհային օրը նշվելու է յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ ամբողջ աշխարհում պատշաճ կացարանի խնդրին անդրադառնալու նպատակով: Ամեն տարի այդ օրը Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի ազգային գրասենյակներն իրենց միասնական ձայնն են բարձրացնում եւ քայլեր ձեռնարկում փոխելու այն համակարգերը, քաղաքականություններն ու մոտեցումները, որոնք հանգեցնում են անբավարար բնակարանային պայմանների առաջացմանը, ինչպես նաեւ գործընկերներին ներգրավում են ոլորտի խնդիրները լուծելու գործընթացում: Այս տարի հոկտեմբերի 14-18-ը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան կազմակերպում է այցելություն ԱՄՆ (Կալիֆորնիա եւ Միչիգան նահանգներ), որտեղ հանդիպումներ կկայանան սփյուռքահայ համայնքի եւ հայկական եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվելու է Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի տասներկու տարիների աշխատանքի աննախադեպ արդյունքները Հայաստանում` մատչելի բնակարանային լուծումների միջոցով ապահով եւ պատշաճ կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու գործում: Այցելությունների նպատակն է նաեւ հայկական համայնքների հետ հաստատել եւ զարգացնել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ Հայաստանում ցածր եկամուտ ունեցող առավել մեծ թվով ընտանիքներին մատչելի եւ պատշաճ կացարանով ապահովելու համար:
Նոյյան տապան  -   Բարեգործություն