Անվճար ակնային զննումներ և բուժումներ Արմավիրի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի կողմից


Անվճար ակնային զննումներ և բուժումներ Արմավիրի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի կողմից

  • 03-10-2012 16:12:44   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն

Արմավիրի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Այսօր Արմավիրի Նալբանդյան գյուղ այցելեց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը, ով ներկա եղավ մարզի բնակիչների ակնային զննումներին եւ երեխաների համար տեղի դպրոցում կազմակերպված ակնային խնամքի հանրակրթական դասընթացին: «Մարզերի բնակիչների համար երբեմն որակյալ ակնաբուժական ծառայությունները դժվարամատչելի, իսկ երբեմն` նաեւ անհասանելի են լինում: Այս նախագծի շնորհիվ բազմաթիվ մարդիկ վերգտում են աչքի լույսը, հազարավորները` կանխարգելում նոր սկսվող կամ խորացող հիվանդությունը: Ներկայացնելով հեռահաղորդակցության ընկերություն` մենք ուրախ ենք մեր հոգատարությունը ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն, քանի որ աչքը մարդկային հաղորդակցության ամենակարեւոր միջոցներից է»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: «Ծրագրի շրջանակներում Արմավիրի շուրջ 4000 մեծահասակներ եւ 1200 երեխաներ կանցնեն ակնային հետազոտություն: Նախատեսվում է տրամադրել շուրջ 1600 ակնոց: Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ) կիրականացվեն շուրջ 300 վիրահատություններ եւ լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, Արմավիրի մարզի ինը դպրոցներում կկազմակերպվեն նաեւ ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: Ակնային զննումներն սկսվել են դեռեւս օգոստոսին, Բաղրամյանի շրջանում, իսկ ծրագրին միացել է նաեւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF): Վերջինիս բժիշկ-մասնագետներն իրենց տարածքներում իրականացրել են բնակիչների ակնային զննումներ եւ բուժման կարիք ունեցողներին ուղեգրել են այս օրերին Մյասնիկյանում կայանած Աչքի շարժական հիվանդանոց, որն այնտեղկլինի մինչեւ հոկտեմբերի 5-ը: ՀԱՆ-ի բժշկական խմբերը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 20-ը աշխատելու են Արմավիրի շրջանում, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 17-ը` Վաղարշապատի (Էջմիածնի) շրջանում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Արմավիրում եւ Վաղարշապատում (Էջմիածնում): Մանրամասների համար բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցված հայտարարություններին: Մանրամասն Ժամանակացույցը կարելի է ներբեռնել հետեւյալ հղումով. http://www.eyecareproject-armenia.com/files/Armavir-Schedule-Arm.pdf Orange Հիմնադրամը եւ Հայկական Ակնաբուժության նախագիծը այս համագործակցությունը մեկնարկել են դեռեւս 2011թ. եւ հասցրել են այցելել 5 մարզ, որտեղ ակնաբուժական օգնությունից օգտվել է ավելի քան 21,000 անձ, որոնցից 1,600-ի համար իրականացվել է անվճար վիրահատություն կամ լազերային բուժում, բաժանվել է շուրջ 9,100 ակնոց: Արմավիրի մարզի աշխատանքներում Orange Հիմնադրամի ֆինանսական մասնակցությունը կազմել է 7,299,730 դրամ: Orange Հիմնադրամի մասին Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան եւ Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական եւ մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար: Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաեւ առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը: Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների եւ Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
Նոյյան տապան  -   Բարեգործություն