ԴիջիԹեքը` որպես Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ամենամյա ստուգատես


ԴիջիԹեքը` որպես Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ամենամյա ստուգատես

  • 04-10-2012 17:53:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր` հոկտեմբերի 4-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդես. տոն տեխնոլոգիական հայության համար» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին` • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը • ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը • «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին կմեկնարկի 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այն կտեւի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3): ԴիջիԹեք 2012 ցուցահանդեսին կմասնակցեն տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական եւ ամերիկյան 120 կազմակերպություններ` անցած տարվա 113-ի փոխարեն: Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ITC»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, եւ «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը: Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն`«ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի եւ պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարեւոր ձեռքբերումներից է նաեւ Կորեայի հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առեւտրաարդյունաբերական պալատը եւ այլ կազմակերպություններ: Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն: Տեղական մասնակից կազմակերպություններից են «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սինոփսիս Հայաստան», «Յունիքոմփ», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԼանԱր Սերվիս», «Գագաթ», «Ալտակոդ», Լիգա-Տեք», «ԿոմպտեքԱրմ», «Ինտերակտիվ TV», «Իքս-Թեք», «Լոկատոր», «Իդրամ», «Աստրոմափս», «Շիրակ Ինֆո», «ԱրթինՎարուժան» եւ այլն: Բանկային տեխնոլոգիական լուծումներն այցելուներին կներկայացնեն «Յունիբանկը» եւ «Ինեկոբանկը»: 8-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին անկալվում է հատկապես այցելուների թվի աճ` ավելի քան 20.000 այցելու` 2011 թվականի 18.000-ի փոխարեն: Այցելուների թվի հստակեցման նպատակով այս տարի եւս կկազմակերպվի այցելուների հաշվառում եւ գրանցում: Գրանցված այցելուները հնարավորություն կստանան մասնակցել խաղարկության: «Ցուցահանդեսը սկզբնական տարիներին ուներ մեկ կարեւոր խնդիր` լինել այդ ոլորտում տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսը, ինչն արդեն իրականություն է: ԴիջիԹեք տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ցուցահանդեսը հիմա փորձում է ուրիշ առաքելություն հանձն առնել, մասնավորապես` Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի նոր ձեռքբերումները ներկայացնել, տարածել «արտադրված է Հայաստանում» բերնդը», - նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Ուրախալի է նշել, որ տարեցտարի ԴիջիԹեքի հեղինակությունը տարեցտարի բարձրանում է, ավելանում են տեղական եւ արտասահմանյան մասնակիցների եւ այցելուների քանակը, ցուցահանդեսին մասնակցում են մի շարք համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերություններ: «Սա այն ժամանակահատվածն է, երբ «Մայքրոսոֆթը» բավականին մեծաթիվ պրոդուկտներով ներկայանալու է աշխարհին, եւ ԴիջիԹեքը մի յուրահատուկ հնարավորություն է ցուցադրելու Մայքրոսոֆթի ամենաարդիական ծրագրային փաթեթները, ենթակառուցվածքային լուծումներ եւ այլն»,- նշում է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրն աջակցում է ցուցահանդեսի իրականացմանը՝ նպատակ ունենալով օժանդակել ՏՏ ոլորտի ասոցիացիաներին եւ նորաստեղծ ընկերություններին ներկայացնելու իրենց ծրագրային լուծումները՝ դրանով իսկ նպաստելով ՏՏ եւ այլ ոլորտների միջեւ երկխոսության կայացմանը», - նշում է ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը: DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաեւ միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետեւյալ միջոցառումները. • The World of Engineering (ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն) - «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական եւ միջազգային ճարտարագիտական ընկերություններ տարբեր ծառայություններով եւ լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից եւ ավտոմատացումից մինչեւ ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: «Ճարտարագիտության աշխարհը» ներառում է ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության եւ տեխնիկայի թանգարան բաժինները: • ԴիջիԼայֆ սեմինարներ - սեմինարների շարք «տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում» • DigiTec Startup հատված– Ցուցահանդեսի շրջանակում խրախուսվել է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաեւ դեղագործության, տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ: Startup հատվածը ցուցահանդեսում կներկայացնեն 12 նորաստեղծ ընկերություններ: • Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ- Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին եւ ներկայացնել իրենց տվյալները: Մասնակից կազմակերպություններից են` «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Սփյուռ», «Մակադամիան» ԷյԱր, «Սորսիո», «ԱյՓիԷսՍի» եւ այլն: • ArmRobotics– Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն • Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն Ցուցահանդեսի բաժիններն են ՏՏ սարքավորումները եւ համակարգեր, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա եւ մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական/բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում եւ այլն: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներն են` panorama.am, panarmenian.net, ittrend.am, ireport.am, PCNews.am, telecom.arka.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան», Ամի-Նովոստի լրատվական գործակալությունները, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play