Վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» ալբոմի շնորհանդեսը


Վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» ալբոմի շնորհանդեսը

  • 06-10-2012 15:12:34   | Հայաստան  |  Մշակույթ
Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Կովկասյան տուն - մշակութային կապերի կենտրոն»-ը կազմակերպել էին վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» գծանկարների եւ գրաֆիկական պատկերների ալբոմի շնորհանդեսը: Վերջերս կյանքից անժամանակ հեռացած նկարչուհու գծանկարների ալբոմը հրատարակվել է վրաստանում ՀՀ դեսպանության կողմից եւ նվիրված է Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցին: Հայ ազգի բարեկամ Նինո Փիրցխալաիշվիլու ստեղծագործության նշանակալից մասը կազմում են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» նշանավոր վեպի պատկերազարդումները: Ալբոմում ընդգրկված են նաեւ գրաֆիկական կոմպոզիցիաներ` նվիրված հայ մեծանուն երգահան, բանահավաք եւ խմբավար Կոմիտասին: Ն. Փիրցխալաիշվիլու ստեղծագործության հիմնական նպատակը, ինչպես ինքն է ասում, ծառայում է «քնածներին արթնացնելու, անհոգիների մեջ հոգի ներարկելու, մերձավորին միշտ կարեկից լինելու` բոլորին անհրաժեշտ իրեղեն գաղափարին»: Շնորհանդեսին ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, Վրաստանի մշակութային եւ հասարակական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը ալբոմի ստեղծման գաղափարի եւ դրա իրագործման կարեւորության մասին խոսեցին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Գիվի Շահնազարին, ալբոմի հրատարակման համակարգող Իրենա Օհանջանովան: Դեսպան Մանուկյանն իր խոսքում խորը երախտագիտությամբ հիշելով վաղամեռ նկարչուհուն` կարեւորեց ալբոմի հրատարակման փաստը վերջինիս կենդանության օրոք, ինչը նրա երազանքն էր, եւ նաեւ մեր` հայերիս, բարոյական պարտավորությունը անմահացնել ազնիվ, բարի եւ կարեկցանքով լի վրացուհու աշխատանքները, որոնք պատկերում են իր կողմից շատ սիրված հայ ժողովրդի մեծ ցավն ու ապրումները: Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության խնդրի համընդհանուր ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը` նման ոճրագործությունների կանխման եւ պատմական արդարության վերականգնման տեսանկյունից եւ հույս հայտնեց, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին բոլոր քաղաքակիրթ երկրները կկատարեն իրենց պարտքը անմեղ զոհերի հիշատակի եւ բարոյականության առջեւ:
Նոյյան տապան  -   Մշակույթ