Կրկին սիմֆոնիկ երաժշտություն հնչեց մանկավարժականում


Կրկին սիմֆոնիկ երաժշտություն հնչեց մանկավարժականում

  • 18-10-2012 14:11:43   | Հայաստան  |  Մշակույթ

Մանկավարժական համալսարանը միակն է, որտեղ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երկրորդ անգամ է հանդես գալիս դասական համերգային ծրագրով: Գարնանային համերգաշրջանում Երիտասարդական նվագախումբը Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում «Hollywood Non-Stop» համերգային ծրագրով արդեն ներկայացել էր Մանկավարժական համալսարանում: Այս անգամ նվագախումբը եկել էր շնորհավորելու բուհի հիմնադրման 90-ամյակը եւ կատարելու այն բոլոր ուսանողների խնդրանքը, ովքեր մեծ ցանկություն էին հայտնել մեկ անգամ եւս ներկա գտնվել նրանց համերգին: Ողջունելով եւ շնորհավորելով համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, Սերգեյ Սմբատյանն ասաց. «Ձեր լսարանի դրական արձագանքի եւ պահանջի շնորհիվ այսօր մենք կրկին մանկավարժական համալսարանում ենք: Բոլորի համար կարեւոր է սիմֆոնիկ երաժշտությունն ու արվեստը: Ձեզ հետ մենք կապված ենք ամուր կապով, եւ ուզում ենք, որ այն ավելի հաստատուն դառնա: Միշտ հաճելի է նվագել այն հանդիսատեսի համար, որը հասկանում է քեզ»: ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ բազմաժանր` ծանոթ եւ սիրված ստեղծագործություններով: Հնչեցին Ջակոմո Պուչինիի, Յոհան Շտրաուսի,Էդվարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններից, ինչպես նաեւ լսարանին ծանոթ եւ համաշխարհային ճանաչում ունեցող կինոերաժշտություններ` Կառլոս Գարդելի «Կնոջ բույրը», Նինո Ռոտայի «Ռոմեո եւ Ջուլիետ», «Կնքահայրը», Էնիո Մորիկոնեի «Մեկ անգամ ամերիկայում», «Առաքելություն» եւ այլն: «Պետք է երիտասարդներին մատուցել սիրված ֆիլմերի երաժշտություններ, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց ծանոթ երաժշտությունները եւս դասական են եւ չպետք է վախենալ ու խուսափել դրանից: Պետք է պրոպագանդել դասական երաժշտությունն այնքան, որ ուղղակի մարդիկ ձգտեն լսել այն»,- ընդգծեց դիրիժորը: Սերգեյ Սմբատյանը հերքեց այն տարածված կարծիքը, որ այսօր երիտասարդները չեն սիրում դասական երաժշտություն: §Երիտասարդները սիրում են եւ ավելի քան ձգտում են դեպի դասական երաշժտություն: Նման համերգներն ապացուցում են, որ նրանք ոչ միայն կարեւորում են, այլ ունակ են լսել եւ փորձում են հասկանալ այդ ամենը: Կարծում եմ, որ դահլիճում ներկաներից ոմանք տարբեր պատճառներով ներկա չեն եղել մեր համերգներին, այսօրվանից նրանք կհասկանան, որ դասական համերգները վախենալու չեն, հակառակը` հասկանալի ու մատչելի են»: Վերջում երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները դեռեւս այլ հնարավորություններ կունենան իրենց կատարմամաբ վայելելու նման համերգներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ