Անահիտ Բախշյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին տնօրենի կողմից աշակերտին ծեծելու առնչությամբ
16-03-2011 19:05:50 | Հայաստան | Իրավունք
ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին «168 ժամ» թերթում եւ «Հետք» ինտերնետային կայքէջում տպագրված հոդվածներում տեղ գտած` Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից աշակերտին ծեծելու տեղեկության առնչությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը.
«2011 թվականի փետրվարին «168 ժամ» թերթում եւ «Հետք» ինտերնետային կայքէջում տպագրվեցին հոդվածներ, որտեղ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ծնողները պատմում էին տնօրենի կողմից աշակերտին ծեծելու ու անպատիվ խոսքերով նրա արժանապատվությունը ոտնահարող հակաօրինական արարքի մասին: Այս տեղեկությունները ստուգելու նպատակով ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից դպրոցում իրականացվել են գործողություններ, որոնց մասին նույնպես տեղեկացել եմ մամուլից: Ըստ տեղեկությունների, այդ ստուգումների ժամանակ, ոտնահարելով երեխաների արժանապատվությունը, նրանցից կորզել են տնօրենի վարքագիծը հերքող խոստովանություններ, որով փորձ է արվել արմատախիլ անել այդ երեխաների մեջ քաղաքացիական սերմի ծիլը` ապագայում հասարակությունը ստրկամիտ ու շողոքորթ անդամներով համալրելու կործանարար նպատակով:
Այնինչ երեխաների հետ (մոտավորապես 15 հոգի) իմ անձնական հանդիպման ժամանակ ես բարձր գնահատեցի տնօրենի կողմից իրենց ընկերոջը հասցված վիրավորանքի մասին անթաքույց արտահատվելու եւ սեփական կարծիքը ասելու իրենց համարձակությունը: Նրանք արդարամիտ որոշում էին պահանջում` համարելով, որ իրենց արժանապատվությունը նույնպես վիրավորված է:
Ելնելով Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայից եւ ՀՀ օրենքներից, խնդրում եմ Ձեր գրասենյակի եւ անձամբ Ձեր միջնորդությունը` վերոնշյալ ավագ դպրոցի երեխաների կարծիքն ու ազատ արտահայտվելու իրավունքը եւ արժանապատիվ քաղաքացի դառնալու պարտականությունը պաշտպանելու համար:
Խնդրում եմ ,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 7րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տեղեկացնել Ձեր կողմից իրականացված քայլերի մասին»: