Տեղի է ունեցլ «Բոլոնիայի գործընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով» զեկույցի շնորհանդեսը


Տեղի է ունեցլ «Բոլոնիայի գործընթացի արդյունավետությունը գնահատելու նպատակով» զեկույցի շնորհանդեսը

  • 31-10-2012 16:35:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել "Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը եւ հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում" զեկույցի շնորհանդեսը: Զեկույցն իրականացվել է անկախ փորձագիտական խմբի կողմից: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ զեկույցի նպատակն է Բոլոնիայի համակարգում Հայաստանի ձեռքբերումների եւ եղած խնդիրների արձանագրումը: Կարեւորելով զեկույցի անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է. "Շատ կարեւոր է, որ զեկույցը կազմվել է անկախ փորձագետների կողմից: Վերջին տարիներին առաջին անգամ նախարարությունը Հայաստանի լավագույն անկախ փորձագետներին խնդրել է անաչառ կարծիք հայտնել Բոլոնիայի գործընթացում Հայաստանի զբաղեցրած տեղի մասին: Այս զեկույցով անկախ փորձագիտական հանրույթը պետության համար դառնում է կարեւոր աշխատանքի նյութի հեղինակ եւ կրթական քաղաքականության իրականացման կարեւորագույն գործընկեր: Զեկույցը բարձրացնում է առկա խնդիրները եւ նոր հարցադրումներ առաջադրում: Զեկույցը, բնականաբար չի կարերելի դիտարկել վերջին ատյանի ճշմարտություն. փորձագետներն իրենց կարծիքները զետեղել են խորհրդատվական շրջանակի մեջ: Բայց զեկույցը լուրջ հիմք է հանդիսանում՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքը ճշգրտելու, բարեփոխումներն ավելի նպատակային դարձնելու եւ ավելի արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ": Շեշտելով, որ Հայաստանն ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություններ, որոնք կարող են արձանագրվել որպես նվաճումներ, սակայն զուգահեռ կան նաեւ բազմաթիվ խնդիրներ եւ անելիքներ. "Հայաստանն իրականացրած բարեփոխումների արդյունավետությամբ Բոլոնիայի համակարգում ընդգրկված եվրոպական երկրների շարքում միջին դիրքեր է գրավում, իսկ ԱՊՀ երկրների սանդղկում մենք առաջատարներից ենք: Արձանագրված արդյունքները մեզ չեն բավարարում, մենք ունենք առավել հավակնոտ նպատակներ,- նշել է նախարարը եւ հավելել, որ ունենք նոր անելիքներ եւ մարտահրավերներ, ինչպես նաեւ՝ խիտ, ծավալուն եւ դժվար իրականաց վող օրակարգ, որպեսզի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը դառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անբաժանելի եւ լավագույն մասերից մեկը, ինչպես նաեւ՝ բարեփոխումների ծավալով համապատասխանի եվրոպական կրթական տարածքի որդեգրած ուղենիշներին: Հեղինակային խմբի ներկայացուցիչ անկախ փորձագետ Յուրի Սարգսյանը հակիրճ ներկայացրել է զեկույցի հիմնական կառուցվածքը, բարձրացված հարցադրումներն ու կիրառված մեթոդաբանությունը: "Մեր առջեւ դրված խնդիրներից էր՝ համաեվրոպական կտրվածքով կատարել Բոլոնիայի տասնամյա գործընթացի ամփոփում, վերլուծել հայաստանյան բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները: Ուսումնասիրության առարկաներից էր եռաստիճան բարձրագույն կրթական համակարգը եւ դրան առնչվող ծրագրային բարեփոխումներն ու որակի ներքին ապահովումը",-նշել է փորձագետը: Նախագծի ղեկավար, ԵՊՀ պրոռեկտոր Արմեն Բուդաղյանը ներկայացրել է զեկույցի շրջանակում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նշվել է, որ զեկույցը կազմված է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Բոլոնիայի գործընթացի հիմնական արդյունքները եւ նոր գործընթացի հիմնական ուղենիշները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, երկրորդ մասում ի մի են բերված հիմնական արդյունքներն ու բացթողումները ՀՀ բուհերում, իսկ երրորդ մասում նախանշված են զարգացման հիմնական ուղենիշները: Զեկույցը կազմվել է "Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած "Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի եւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն" անվանակարգով դրամաշնորհային նախագծի շրջանակում, իսկ զեկույցի հրատարակությանն աջակցել է Հայաստանում "Տեմպուսի" գրասենյակը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ