Ազգային բալետի թատրոնին տրամադրվեց ժամանակավոր դահլիճ եւ բեմ


Ազգային բալետի թատրոնին տրամադրվեց ժամանակավոր դահլիճ եւ բեմ

  • 02-11-2012 12:10:44   | Հայաստան  |  Մշակույթ

Ազազգային բալետի խումբը կշարունակի փորձեր անել եւ ներկայացումներով հանդես գալ, մինչ վերանորոգվում է օպերային թատրոնի բեմը: Այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը: Նա հիշեցրեց, որ այս խնդրի շուրջ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հոկտեմբերի 12-ին հրավիրվել էր մամլո ասուլիս, որի ժամանակ ազգային բալետի գեղարվեստական ղեկավարը թատրոնի տնօրինությունից պահաջել էր բալետի խմբին դահլիճ եւ բեմ հատկացնել, մինչ կավարտվեին հիմնական բեմի վերանորոգման աշխատանքները: Գլխավոր բալետմեյստերի խոսքերով՝ նախարարությունը եւ թատրոնի տնօրինությունը արագ արձագանքեցին այդ խնդրին: Արդյունքում բալետի խումբը իր աշխատանքները կշարունակի Երեւանի Խ. Աբովյանի անավան մանկավարժական ինստիտուտի դահլիճում՝ օրական ունենալով 3 ժամ: Ազգային բալետի թատրոնը ժամանակավոր դահլիճում կաշխատի երկու ամիս: Ինր վերաբերվում է ընթացիկ աշխատանքներին, ապա ներկա պահին բալետի թատրոնը բեմադրում է «Ռոմեո եւ Ջուլիետ», որը թատերասեր հասարակության դատին կներկայացվի նոյեմբերի 6-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բաց դռների սկզբունքով: Ըստ գեղարվեստական ղեկավարի՝ բալետի բաց դռների օրը մի նոր մոտեցում է, որ նպատակ ունի երիտասարդներին բերել թատրոն եւ ցույց տալ ազգային բալետի արժանիքները: Բալետի թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամը: Կազմակերպության տնօրեն Լիլիթ Պետրոսյանի խոսքերով՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի լուծելու մի շարք ֆինանսական հարցեր, այդ թվում՝ պարողներին տալ հավելավճարներ, հրավիրել արտասահմանյան մասնագետների, մեր պարողներին վերապատրաստել արտերկրում եւ այլն: Ռ. Խառատյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին այս խնդրին արագ արձագանքելու համար: Եզրափակելով ասուլիսը՝ բալետմեյստերը հույս հայտնեց, որ հայկական շախմատի եւ ֆուտբոլի ուժեղ թիմերի կողքին Հայաստանը մի օր կունենա բալետի հզոր թիմ, ինչի բոլոր նախադրյալները առկա են:
Նոյյան տապան  -   Մշակույթ