«Չենք լռելու».Նախարարի պարգևին արժանացած զինվորը մահամերձ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Չենք լռելու».Նախարարի պարգևին արժանացած զինվորը մահամերձ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-11-2012 09:14:18   | Հայաստան  |  Հասարակություն



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Տավուշի մարզի Սեւ Քար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը՝ պատմելով իր որդու հիվանդության նկատմամբ ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին: Նրա խոսքերով, 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով՝ հայրենի «արհեստավարժ» բժիշկները այդքան ժամանակ կարծում էին, որ երիտասարդի մոտ դեղնախտ է: Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է եւ արժե 67000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը եւ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով: «Մեզ փաստացի հույսով արեցին, իսկ երբ եկավ գումարը տրամադրելու պահը ուղղակի «գցեցին»: Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: «Զինուժով» նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չեք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլոր արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր»,- ասում է մահամերձ զինվորի հայրը «Չենք լռելու»-ի պատրաստած տեսահոլովակում՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին, կոռուպցիայի դեմ պայքարից բացի, զբաղվել նաեւ այս խնդրով: Զինվորի մայրը, որպես վերջին միջոց, հազիվ արցունքները զսպելով դիմում է բոլոր բարի մարդկանց՝ իր որդու կյանքը փրկելու հարցում օգնելու խնդրանքով: «Չենք լռելու»-ն կոչ է անում պաշտպանության նախարարությանը հոգալ զինվորի բուժման բոլոր ծախսերը՝ հրապարակայնորեն երաշխիքներ տալով Արթուրի հարազատներին: Եթե ոչ բյուջեի, ապա այդ ոլորտում ծաղկող կոռուպցիայից ստացված միջոցների, կամ էլ մատակարարներից պարտք վերցնելու հաշվին: Նախաձեռնությունը հետեւելու է երիտասարդի ճակատագրին եւ տեղյակ է պահելու հանրությանը: ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ http://www.youtube.com/watch?v=kVHwzdL6UeQ&feature=youtu.be «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն * * * ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Արթուր Քոչարյանի հոր՝ Ռոմիկ Քոչարյանի հեռախոսահամարն է 093 91-83-63:
Նոյյան տապան  -   Հասարակություն