Հայ-իրաքյան միջկառավարական պատվիրակությունը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
07-11-2012 16:48:43 | Իրաք | Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն այցը նոյեմբերի 6-ի երեկոյան սկսեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը, գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարները, պաշտոնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը փոխվարչապետը եւ պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին Բաղդադի Սբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Եկեղեցում էլ կայացավ հանդիպումը, որին ներկա էին Ազգային կենտրոնական վարչության, համայնքում գործող ազգային կազմակերպությունների անդամներ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ողջունեց Հայաստանի պաշտոնական պատվիարակության այցը Իրաք` նկատելով, որ վերջին տարիների ընթացքում սա հայրենիքից ժամանած առաջին նման պատվիրակությունն է եւ նշելով, որ այդ այցերը ոգեշնչում են համայնքին:
Փոխվարչապետը ողջունեց ներկաներին` ընդգծելով, որ Իրաքի հայ համայնքը պատմություն եւ ավանդույթներ ունեցող այն գաղթօջախներից է, որը գոյության ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել: «Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել իրաքահայ համայնքը վերջին տարիներին: Հուսով եմ, որ այդ ամենն արդեն անցյալում է, եւ հայ համայնքն արագ կվերականգնի ուժերը ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,-ասաց փոխվարչապետը:
Նա գնահատելի համարեց համայնքի եւ համայնքային կազմակերպությունների աշխատանքն ու դերը ազգային հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանության գործում: Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին` նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը սփյուռքի հայրենակիցների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու, հայրենիք-Սփյուռք հարաբերություններին ավելի համակարգված բնույթ հաղորդելու նպատակ ուներ, եւ վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում:
Հանդիպմանը քննարկվեցին համայնքային կյանքին, Իրաքի ներքին իրավիճակին, համայնքին հուզող խնդիրներին վերաբերող հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի անունից պաշտոնական ընդունելությանը: Հանդիպմանը երկու երկրների փոխվարչապետները քննարկեցին միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր: