Կայացավ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգը


Կայացավ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգը

  • 08-11-2012 11:20:55   | Հայաստան  |  Մշակույթ

Նոյեմբերի 7-ին, ժ. 19.00, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանց): Հաշվետու համերգը նվագախումբը նվիրել էր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին՝ 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակին: Տոնական երեկոյին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շախմատի հավաքականի անդամներ, միջազգային կարգի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, շախմատային աշխարհում ճանաչված մարդիկ, հյուրեր: Ողջունելով երեկոյի հերոսներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պետք է հպարտանալ, որ ժամանակակիցն ենք այն տղաների, այն հերոսների, ովքեր աշխարհին հաղթում են հայի խելքով. «Ձեր հաղթանակի շնորհիվ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հուզմունքից, ուրախությունից ցնծում էր, ալեկոծվում: Շնորհակալ ենք Ձեզ՝ գեղեցիկ րոպեների, պահերի եւ այն հպարտության, հիացմունքի համար, որ պարգեւեցիք աշխարհի չորս ծագերում ապրող հայ մարդուն: Մենք պարտավոր ենք մեր սերունդներին դաստիարակել Ձեր ոգով, ուժով եւ մեծությամբ»: Նախարար Հրանուշ Հակոբյանը նաեւ հավելեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը որոշում է կայացրել 2013 թվականը հռչակել Շախմատի համաշխարհային օլիմիպադայի հերոսների տարի. «2013 թվականին Սփյուռքի խոշոր կենտրոններում կկազմակերպվեն հանդիպումներ, որպեսզի սփյուռքահայերը եւս հնարավորություն ունենան շփվելու մեր շախմատի հերոսների հետ»: Ողջունելով ներկաներին եւ դիմելով շախմատիստներին՝ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը հույս հայտնեց, որ այն մեղեդիները, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում, կմիանան շախմատիստների հոգու մեղեդուն եւ կուղեկցեն նրանց բոլոր հաղթանակների ժամանակ: Երեկոյի ընթացքում գեղեցիկ, փոքրիկ համարներով ու կատարումներով հանդես եկան նաեւ Երիտասարդ երաժիշտների միության սաները, «Արեգա» կամերային երգչախումբը, «Ծաղկազարդ» համույթը: Իր գեղեցիկ ասմունքը շախմատիստներին նվիրեց ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ