Նշվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակը


Նշվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակը

  • 09-11-2012 13:29:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ կրթական ծրագրերին: Դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ է եղել նաեւ կրթության բովանդակության փոփոխությանը. դպրոցում կիրառվում է խորացված նախամասնագիտական կրթության մոդելը, որտեղ դասավանդում են բուհի լավագույն դասախոսները: Այստեղ կներդրվի նաեւ կրեդիտային համակարգ, ինչը որոշակի դեր կխաղա աշակերտների՝ բուհ ընդունվելու ժամանակ: Հանրապետությունում մի շարք ավագ դպրոցներ հանձնվել են տարբեր բուհերի եւ դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարավոր կլինի խորությամբ ուսանել այն մասնագիտությունների առարկաները, որոնցով պետք է աշակերտներն ընդունվեն բուհ: Այնուհետեեւ, Տիգրան Սարգսյանը Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով բուհի ներկայացուցիչներին հոբելյանի կապակցությամբ վարչապետը նշել է. «Համալսարանում տեսնում ենք աշխատանքային մթնոլորտ եւ տաղանդավոր մարդկանց համախմբվածություն, որոնք կարեւորում են իրենց աշխատանքը եւ, ըստ էության, կերտում մեր պետության ապագան: Դա նշանակում է՝ ճարտարապետության եւ շինարարության ոլորտում առկա ավանդույթները գտնվում են հուսալի ձեռքերում»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանները պետք է հանդիսանան ժամանակակից հասարակության հիմքը եւ վերջինս պետք է հիմնված լինի գիտության, գիտելիքի վրա: «Համալսարանները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի համալսարանների շուրջ ձեւավորվեն ենթակառուցվածքներ: Այդ տեսակետից, մեծ խորհուրդ կա այն բանում, որ բուհի 90-ամյակի հանդիսությունը սկսեցինք ավագ դպրոցի վերանորոգված շենքի բացմամբ: Անմիջական կապ է ստեղծվում դպրոցի եւ համալսարանի միջեւ, եւ այդ դրական փորձը պետք է տարածենք նաեւ այլ պետական համալսարաններում, ինչը լավ ուղեցույց է կրթական համակարգի արդիականացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հավաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից եւ պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հայաստանյան համալսարանները մրցակցության մեջ չզիջեն Եվրոպայի լավագույն բուհերին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ունեցած նշանակալի վաստակի համար ԵՃՇՊՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել՝ ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արեստակ Սարուխանյանը եւ ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի եւ կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Ստեփանյանը: Պարգեւները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգեւատրվել ԵՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը եւ ԵՃՇՊՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եղոյանը: Մի շարք անձինք արժանացել են նաեւ վարչապետի շնորհակալագրերի: ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել է բուհի «Ջիմ Թորոսյան» հուշամեդալով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ