400 ֆիլմ` աշխարհի 40-ից ավելի երկրներից


400 ֆիլմ` աշխարհի 40-ից ավելի երկրներից

  • 09-11-2012 15:31:37   | Հայաստան  |  Մշակույթ
Նոյեմբերի 8– ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին հաղթողների անունները, ցուցադրվեց «Կնճիռները» անիմացիոն ֆիլմը: Այսպիսով, «ՌեԱնիմանիա 2012» մրցանակակիր ֆիլմերն են՝ Լիամետրաժ մրցույթային ծրագիր – «Մարդկային ողբերգություն» (Գերմանիա, Մարսել Ջանկովիչ), Կարճամետրաժ մրցույթային ծրագիր – «Չինտի» (Ռուսաստան, Նատալիա Միրզոյան), Ավարտական մրցույթային ծրագիր – «366 օր» (Գերմանիա, Յոհաննես Շիեսել), Հեռուստատեսային /գովազդ մրցույթային ծրագրում – «Կանգնելով հանուն ազատության» ֆիլմը (Չեխիա, Իսպանիա, Կարլոս Լասկանո), Ժյուրիի հատուկ նշում – WWF 100 % Վերականգնվող էներգիա (Ճապոնիա, Ամիկա Կուբո Տորի) Մանկական ժյուրիի ընտրություն – «Հանդուրժիր ինձ» (Գերմանիա, Կասիա, Վիլք)։ Նոյեմբերի 9-ին 16:30 «Մոսկվա» կինոթատրոնի վիդեոսրահում կցուցադրվեն բոլոր մրցանակակիր ֆիլմերը: Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 3–ին, որի շրջանակներում ներկայացվեցին մրցութային եւ հատուկ ծրագրեր ՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Մրցութային ծրագրեր», «Հայկական ներկապնակ», «Մանկական ծրագիր», «Շուրջերկրյա ճամփորդ», «Անսիի ծրագիր», «Հատուկ ցուցադրություններ»: Հայկական ներկապնակի շրջանակում ներկայացվեց Տարեդարձ բաժինը՝ անիմացիայի հայ երախտավոր՝ Վլադիմիր Մայիլյանին նվիրված ծրագրով։ «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ ռուսական անիմացիայի 100-ամյակին նվիրված երեկո։ Ցուցադրվեցին լավագույն հարյուրյակից մասեր, ինչպես նաեւ Սուզդալի անիմացիոն փառատոնի հետ համագործակցության շրջանակում ներկայացվեցին վերջին 3 տարում արտադրված ռուսական լավագույն ֆիլմերը: Փառատոնը հյուրընկալեց անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից, որոնք հայաստանյան ժյուրիի անդամների հետ որոշեցին այս տարվա հաղթող ֆիլմերը, նաեւ անցկացրեցին սեմինարներ ու վարպետության դասեր: Փառատոնին ներկայացված էր մոտ 400 ֆիլմ աշխարհի 40-ից ավելի երկրներից: Ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Մալյանի անվան թատրոնում, Խնկո Ապոր մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնում եւ «Այբ» դպրոցում անվճար: «ՌեԱնիմանիա» փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ եւ հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։
Նոյյան տապան  -   Մշակույթ